Լրահոս
Օրվա լրահոսը

«Գագիկ Ծառուկյանը որ ասի՝ ավելի վտանգավոր բան արա, ես հանուն իրեն կանեմ». Գեւորգ Պետրոսյանը՝ Ծառուկյանի խաթր «այո» քվեարկելու մասին

Փետրվար 12,2020 16:11

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հարցով ԲՀԿ-ն դեռ քաղխորհրդի նիստ չի արել ու որոշում չի կայացրել: Լրագրողների հետ զրույցում ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն ասաց, որ նման հարցերը միանձնյա չեն որոշում, առավել եւս՝ սահմանադրական փոփոխությունների հարցը:

Հարցին՝ եթե որոշվեց, որ «այո»-ի կողմնակից է ԲՀԿ-ն, դուք ի՞նչ դիրքորոշում եք հայտնելու՝ Գեւորգ Պետրոսյանը պատասխանեց, որ ինքը իրավաբան է ու իրավական առումով գործընթացը սկսվել եւ ընթանում է օրենսդրական մի շարք խախտումներով. «Իմ անձնական մոտեցումը դա է, ես խմբակցության անդամ եմ ու խմբակցության որոշումները պարտադիր են, բայց սա այն հարցը չի, որ միայն խմբակցությունը որոշի, պետք է ընդարձակ կազմով քննարկենք: Վաղը սերունդներին պատասխան պիտի տանք»:

Aravot.am-ը հարցրեց՝ եթե Գագիկ Ծառուկյանն ասաց՝ Գեւորգ ջան, ցավդ տանեմ, պիտի «այո» քվեարկես, չե՞ք քվեարկելու՝ Գեւորգ Պետրոսյանը պատասխանեց. «Մեր հարաբերություններն այդպիսին չեն, որ Գագիկ Ծառուկյանը այդ եղանակով պիտի իր կուսակից ընկերներին…ցավդ տանեմ եւ այլն…Գագիկ Ծառուկյանը որ ասի՝ ավելի վտանգավոր բան արա, ես հանուն իրեն կանեմ, ինքը իմ ավագ եղբայրն է: Բայց նման հարցերում, որ կանգնի ասի՝ Գեւորգ ջան, խնդրում եմ, սենց քվեարկի…Իր ասածը իմ համար շատ հարցերում, այո, անբեկանելի, անքննարկելի է, բայց քաղաքական հարցերում դուք էլ լուրջ չեք ընդունի, երբ ցանկացած կուսակցության ղեկավար իր դիրքորոշումն անցկացնելու համար կանչի կուսակցականներին հատ-հատ ու ասի՝ ցավդ տանեմ…»:

Հարցրեցինք՝ կարո՞ղ է սա հիմք հանդիսանա, որ դուք ձեր մանդատը վայր դնեք, որովհետեւ նման բան էլի եղել է՝ Գեւորգ Պետրոսյանը պատասխանեց, որ մի անգամ է եղել, երբ մանդատը վայր է դրել, անցել-գնացել է: Ամեն դեպքում, եթե Գագիկ Ծառուկյանը որոշեց, որ կուսակցության համար այլեւս պետք չի, պատրաստ է մանդատը վայր դնել, այս պահին դրա նախադրյալները չկան:

Մենք հարցրեցինք՝ կար մարդ, որ հանուն Սերժ Սարգսյանի պատրաստ էր դժոխքի դարպասների պահակն անգամ լինել, դուք հանուն Գագիկ Ծառուկյանի ինչերի՞ եք պատրաստ՝ Գեւորգ Պետրոսյանը պատասխանեց. «Այդ մարդը ո՞նց է որոշել, որ Սերժ Սարգսյանը դժոխք է գնում, որ միանգամից գնում է պահակ, թող գնա դրախտի դեմը կանգնի»: Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանին, Գեւորգ Պետրոսյանն ասաց. «Ով որ ինձ ճանաչում է, լավ գիտի, թե ես ինչեր կարող եմ անել, բայց նման հարցերը ջանով-ջիգյարով…դա քաղաքական մոտեցում չի»:

Ըստ պատգամավորի, մեր երկիրն այս պահին նման շռայլություն թույլ տալու հնարավորություն չունի, որ 3 մլրդ տա ու հանրաքվե անի. «Հրայր Թովմասյանն իր տրանսֆերով գերազանցել է Եվրոպայի ամենահայտնի ֆուտբոլիստներին»:

Գեւորգ Պետրոսյանն ասաց, որ ԵԽԽՎ Հայաստանի հարցով երկու համազեկուցողները կոշտ հորդոր են հնչեցրել, որ առկախեն հարցի քննարկումը, ուղարկեն իրենց, բայց «Իմ քայլը » հաշվի չի առել ու հիմա ո՞նց կարող է դա անհետեւանք մնալ:

Գեւորգ Պետրոսյանը բողոքեց, որ երբ ՀՀԿ-ի իշխանության ժամանակ ԲՀԿ-ի ու իր առաջնորդի նկատմամբ «վայրենաբարո հետապնդումներ» սկսվեցին, քաղաքական դաշտից ոչ մեկը չասաց՝ գնամ այս մարդու կողքին կանգնեմ: Դիտարկմանը, որ դուք շատ լավ համակերպվեցիք այդ «վայրենի հետապնդումների» հետ ու սկսեցիք շատ լավ, ներդաշնակ աշխատել այդ իշխանությունների հետ՝ Գեւորգ Պետրոսյանը պատասխանեց. «Սինխրոն աշխատանք չի եղել: Մենք, որպես քաղաքական ուժ, բա ի՞նչ անեինք, ասեինք՝ գնում ենք պարտությա՞ն: Քաղաքական ուժը ունի ե՛ւ հաջողության, ե՛ւ անհաջողության շրջաններ: Որ այսօր շատերը խոսում են ԲՀԿ-ի անցյալից, մի հատ թող հետադարձ հայացք գցեն, իրենց անձնական ու քաղաքական անցյալը նայեն, հետո նոր իրավունք վերապահեն ԲՀԿ-ից խոսել: Մենք մեր անցյալի համար չենք ամաչում: Այսօր ԲՀԿ-ն մեծ վարկանիշ ունի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829