Փետրվարի 12-ը ամուսնական գործակալությունների միջազգային օրն է։ Այս առիթով «Հայացք» մամուլի ակումբը հյուրընկալել էր հոգեբանական գիտությունների դոկտոր Սեդրակ Սեդրակյանին և «Երջանկության գաղտնիք» ամուսնական գործակալության տնօրեն Իլոնա Բաղիշյանին:
Իլոնա Բաղշյանը պատմեց. «Մեզ մոտ գալիս են կայացած մարդիկ, որոնք ունեն լավ աշխատանք, լավ կրթություն, ընկերներ, բայց կարիերայի հետևից ընկնելով՝ մոռացել են իրենց անձնական կյանքի մասին։ Այդ առումով ամուսնական գործակալությունը լավ հնարավորություն է։»
Նա կարծում է, թե որքան էլ մեծ լինի մարդու շրջապատը՝ «Կարող է այդ շրջապատի մեջ չկա քո ուզած մարդը, քո կեսը հենց չկա և միշտ էլ պետք է ուրիշ մարդու շրջապատը, որտեղ դու կարողանաս ընդգրկվել և ծանոթանաս քո ապագա ամուսնու կամ ապագա կնոջ հետ։ Եվ հենց սա է ամուսնական գործակալության դերը։»
Իլոնա Բաղիշյանը վստահ է, որ տարիքը կարևոր չէ և երբեք ուշ չէ երկրորդ կես գտնելու համար։
Կարդացեք նաև
Սեդրակ Սեդրակյանը պատմեց. «Ամուսնական տարիքը բարձրացել է, եթե նախկինում 20-22 տարեկանը հաշվում էր աղջիկների համար արդեն նորմալ ամուսնական տարիք, հիմա դա 25-26 տարին է։ Տղաների մոտ 25-26 տարին դարձել է արդեն 30-31, երբեմն 35։ Գուցե ինչ որ իմաստով նորմալ է, որովհետև ավելի մոտիվացված են ամուսնության մեջ, պատկերացնում են և այլն, չնայած այստեղ նաև ավելի բծախնդիր են դառնում, պահանջներն են շատանում և այլն։ Հիմա երևի ավելի շատ հակվածություն կա դեպի նյութական արժեքների գերագնահատում, քան նախկինում։»
Սոնա ՔԱԲԱԲՅԱՆ