Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Փոքրիկ կանայք» ֆիլմից մինչեւ հայկական իրականություն

Փետրվար 12,2020 15:38

«Փոքրիկ կանայք» ֆիլմը նկարահանված է Լուիզա Մեյ Օլկոտտի համանուն վեպի հիման վրա: Ֆիլմի ռեժիսորն է ամերիկացի դերասանուհի, սցենարիստ և ռեժիսոր Գրետա Գերվիգը, որն առավել հայտնի է դարձել «mumblecore» (անկախ ֆիլմերի ժանր է, որը ստեղծվում է քիչ ֆինանսավորման հիման վրա, և սովորաբար առօրյա կյանքի և անձնական հարաբերությունների մասին է) ժանրի ֆիլմերի շնորհիվ։

Պրեմիերան տեղի է ունեցել 2019 թվականի դեկտեմբերի 7-ին, Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում։ Հայաստանում պրեմիերան տեղի է ունեցել  այս տարվա հունվարի 30-ին։ Մինչեւ փետրվարի 20-ը այն հնարավոր է դիտել։

Գլխավոր դերերում հանդես են գալիս Սիրշա Ռոնանը՝ Ջոզեֆինա (Ջո) Մարչի դերում, Էմմա Ուոթսընը՝ Մարգարետ Մարչի դերում, Ֆլորենս Պյուն՝ Էմմի Մարչի դերում, Էլայզա Սկապլենը՝ Էլիզաբեթ Մարչի դերում և այլք։

Ֆիլմը պատմում է իրարից տարբերվող չորս քույրերի մասին: Գործողությունները տեղի են ունենում ԱՄՆ-ում՝ Քաղաքացիական պատերազմի ժամանակ, սակայն, այն խնդիրները, որոնց բախվում են աղջիկները, միշտ էլ մնում են արդիական` առաջին սեր, դառը հիասթափություն, տագնապալի բաժանում և կյանքում իրենց եւ իրենց տեղի դժվարին որոնումներ:

Գլխավոր հերոսուհին՝ Ջո Մարչը, ուներ անձնական մեկ այլ պայքար, նա չէր ընդունում կնոջ սեռի շուրջ ստեղծված կաղապարները, և բոլորովին համաձայն չէր, որ կնոջ առաքելությունը կյանքում լավ կին և մայր լինելուց բացի՝ ոչինչ չպետք է և չի կարող լինել։ Այսօրվա հայկական իրականության հետ համեմատական անցկացնելու դեպքում կհամոզվենք, որ հիմնականում շատ բան չի փոխվել, և որ շատ և շատ կանայք դեռ շարունակում են պայքարել նման խնդիրների դեմ։ Ներկայիս սերունդը (մեծամասամբ տղամարդիկ) շարունակում են օրենքներ կառուցել կանանց շուրջ, և նրանց դնել անիմաստ կաղապարների ու կապանքների մեջ։ Կնոջ դերը չգրված կանոնների ու «չի կարելիների» պատճառով սահմանափակվում է, իսկ նման վերաբերմունքը շատ հաճախ ծնում է վատ հետևանքներ։

Ջոն այս կաղապարների դեմ փորձում էր ընդվզել ամուսնանալ չցանկանալով, մեջբերեմ ֆիլմից՝

«Ջո- Ես ցանկանում եմ ինքնուրույն հասնել կյանքում ամեն ինչին։

Տիկին Մարչ- Կյանքում դժվար է ինքնուրույն ինչ-որ բանի հասնել, մանավանդ կանանց, նրանց հարկավոր է հաջող ամուսնություն»։

Բայց ինչպես և կյանքում, այնպես էլ ֆիլմում կյանքն իր ծրագրերն ունի, որոնք շատ հաճախ չեն համընկնում մեր ծրագրերի հետ, իսկ մեզ մնում է միայն անդավաճան մնալ մեր երազանքներին ու ցանկություններին, և շարժվել միայն առաջ, ինչպես և վարվում էր Ջո Մարչը։

Էլինա ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829