ՏԿԵՆ-ը տեղեկացնում է. «Փետրվարի 12-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Ապարանի տարածաշրջանի ավտաճանապարհներին ձյուն է տեղում։ Գորիս-Սիսիան ճանապարհահատվածը սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է:
Սևանի կղզուց մինչև Դիլիջանի թունել (տեսանելիությունը` 5-7 մետր) և Ճամբարակի լեռնանցք դժվարանցանելի է բքի պատճառով: Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհներին գետնաբուք է։ Սևանի, Աշոցքի, Լոռիի, Արթիկի, Ստեփանավանի, Ապարանի, Արագածի, Դիլիջանի, Վարդենիսի և Գորիսի տարածաշրջաններում տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյանց լեռնանցքը բքի պատճառով ծանրաքաշ և կցորդիչով տրասնպորտային միջոցների համար փակ է, իսկ մարդատար տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի։
Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը սաստիկ բքի պատճառով փակ է։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Կարդացեք նաև
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են»:
ԱԻՆ-ն էլ հայտնում է. «ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցված տեղեկատվության համաձայն՝ եղանակային պայմաններով պայմանավորված՝ փետրվարի 11-ի ժամը 16:44-ից մինչև փետրվարի 12-ը ժամը 13:00-ն Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս ավտոճանապարհին արգելափակվել է 170 տրանսպորտային միջոց:
«Գորիսի ՃՇՇ» և «Սիսիանի ՃՇՇ» ՍՊԸ-ներն իրականացնում են ավտոճանապարհի մաքրման և ձյան հետագա կուտակման կանխարգելիչ միջոցառումներ:
Ըստ հիդրոմետ ծառայության տվյալների՝ նշված հատվածում բուքը սկսվել է փետրվարի 12-ին՝ ժամը 01:15-02:20-ի սահմաններում, ժամը 10:00-ի դրությամբ քամու ուժգնությունը կազմել է 20 մ/վ: Ըստ նախնական կանխատեսումների բուքը կշարունակվի մինչև ժամը 17:00-ն:
Դեպքի վայրում են գտնվում ոստիկանության աշխատակիցներ, իսկ շտապօգնության անհրաժեշտություն չի առաջացել:
Փետրվարի 11-ի ժամը 19:10-ից փակ են Սիսիան-Գորիս ավտոճանապարհը, փետրվարի 12-ին ժամը 05:00-ից՝ Վարդանյաց լեռնանցքը, ժամը 10:40-ից՝ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Փետրվարի 12-ի ժամը 12:40-ի դրությամբ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհից փրկարարները դուրս են բերել ընդհանուր թվով 170 տրանսպորտային միջոց և 279 մարդ՝ տեղափոխելով Գորիս-Սիսիան 12 կմ-ում և Սիսիան-Իշխանասար հատվածում տեղակայված առաջին օգնության ժամանակավոր հենակետեր: Փրկարարները քաղաքացիներին ապահովել են տաք ըմպելիքներով: Քաղաքացիների մի մասը տեղափոխվել է տարածքային հրշեջ-փրկարարական ջոկատներ, որտեղ ցուցաբերվել է համապատասխան օգնություն:
Հարգելի´ քաղաքացիներ, Արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է ճանապարհին արգելափակված բոլոր վարորդներին հետ վերադառնալ և ճանապարհ ընկնել միայն եղանակային պայմանները փոքր ինչ բարելավվելու դեպքում»: