Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ալիևին նախիջևանյան կլանի որոշ ներկայացուցիչներ «քցել են» այս ընտրությունների ընթացքում». Տաթև Հայրապետյան

Փետրվար 12,2020 14:55

«Ադրբեջանում ընտրություններն անցան ծեծուջարդերով, բռնություններով, երկու վստահված անձանց մահվան դեպք գրանցվեց»,- Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) գրասենյակում անցկացված «Արտահերթ խորհրդարանական ընտրություններն Ադրբեջանում. հնարավոր դիպաշարեր և զարգացումներ» խորագրով փորձագիտական քննարկմանն այսպես որակեց Ադրբեջանում տեղի ունեցած ընտրությունները ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը:

Նրա գնահատմամբ՝ ընտրությունները կեղծված էին և խնդիրներով հարուստ ու չարդարացրեցին այն նպատակը, որի համար արվում էին: Ըստ Տաթև Հայրապետյանի՝ իշխող ուժը ընտրություններում չգրանցեց այն հաղթանակը, որը ցանկանում էր՝ խորհրդարան անցկացնել երիտասարդ կադրեր, որոնք լոյալ կլինեին Մեհրիբան Ալիևային: Նա մանրամասնեց. «125 հոգանոց խորհրդարանից ութսուն պատգամավորներ մնացին հինգը, 45-ը նորը, որոնցից 25-ը Նոր Ադրբեջան կուսակցությունից են, 19-ը անկախ պատգամավորներ և 1-ը ֆիկտիվ մի կուսակցության ներկայացուցիչ: Արտակարգ ընտրություններ անցկացնել խորհրդարանի կազմը մեկ երրորդով փոխելու համար, կարծում եմ՝ դա այն չէր, ինչ նախատեսված էր իրենց սցենարով: Կարծում եմ՝ Ալիևին նախիջևանյան կլանի որոշ ներկայացուցիչներ «քցել են» այս ընտրությունների ընթացքում: Իմ կարծիքով՝ 12, նույնիսկ 20 հոգու համար չարժեր այդ ամբողջ քննադատությունների միջով անցնել»:

Տաթև Հայրապետյանը նշեց, որ սրան հաջորդելու է Ադրբեջանում նախագահական ընտրությունը, որի միջոցով Մեհրիբան Ալիևան գալու է իշխանության, բայց ավելի խոսուն են նախագահական աշխատակազմում տեղի ունեցած փոփոխությունները, որոնց նպատակն է Ալիևի հավատարիմ կադրերին բերել նախագահի աշխատակազմ. «Ադրբեջանում գնում է ռեսուրսների վերաբաշխման լուրջ պրոցես կլանների միջև: Ընդդիմությունը բավականին բարոյալքված ու բարդ իրավիճակում է: Ներկլանային պայքարը կարող է որոշ պահի դուրս գալ վերահսկողությունից»:

Անդրադառնալով այն հարցին, թե այս իրավիճակում Ադրբեջանը կգնա՞ շփման գծում իրավիճակի սրման՝ պատգամավորը նկատեց. «Այս բավականին բարդ փուլում նրանք դժվար գնան հնարավոր էսկալացիայի, քանի որ դա բավականին ռիսկային կլինի ոչ միանշանակ իրավիճակի պայմաններում: Եթե իրավիճակը որոշակիորեն լարվի, կարող է ղարաբաղյան գործոնը դարձնեն շահարկման առարկա, բայց գործողությունների առումով շատ ավելի երկար կմտածեն»:

Այն վարկածին, որ Ադրբեջանում արտահերթ ընտրությունների անցկացման նպատակը նաև հին գվարդիայի՝ Հեյդար Ալիևի կլանից ազատումն է, Տաթև Հայրապետյանը պատասխանեց. «Նաև այդ հարցը կա: Ինչպես նշեցի նաև նախագահի աշխատակազմում տեղի ունեցած փոփոխություններով է պայմանավորված այս հարցը՝ նախիջևանյան կլանի ներկայացուցիչների դիրքերին ուղղված էական հարվածները, Ալի Հասանովի հեռանալը խոսում է ռեսուրսների պայքարի և վերադասավորումների մասին»:

Ըստ Տաթև Հայրապետյանի՝ իշխող ընտանիքը նախ իր դիրքերն ամրացնելու խնդիր ունի: Նա կարծում է, որ Ալիևների ընտանիքը կխուսափի գնալ այն սցենարով, որ իշխանության գա Իլհամ Ալիևի որդին՝ Հեյդար Ալիևը, քանի որ նա ունի առողջական խնդիրներ և իր ունակություններով չի կարող ղեկավարել երկիր:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ The Armenian Institute of International and Security Affairs – AIISA

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829