Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի մոտ վտանգավոր միտում է նկատում

Փետրվար 12,2020 14:34

«Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին չմասնակցելն ամենեւին պայմանավորված չէ իշխանության կոշտ քննադատ լինելով, այլ պայմանավորված է նրանով, որ սա հակասահմանադրական գործընթաց է, ինքնին հանցագործություն է, և չենք ուզում մասնակից լինել հանցագործության: Միայն անմիտ մարդիկ կարող են հռչակել իրենց իշխանության կոշտ քննադատ: Այս կամ այն հարցում դու կարող ես լինել իշխանության կոշտ քննադատը, բայց չես կարող չնկատել դրական արված գործերը»,- այսօր լրագրողների հարցերին պատասխանելով՝ ասաց ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանն`անդրադառնալով ՍԴ խնդրի հանգուցալուծման հարցով սպասվելիք հանրաքվեին: Արդարադատության նախկին նախարարը հիշեցրեց, որ օրինակ իշխանության ներկայացրած դատաիրավական բարեփոխումների փաթեթում, բացի կոշտ սխալներից, ինքը նաեւ դրական լուծումներ է տեսել եւ դրանց մասին հրապարակային է խոսել:

Ըստ Դավիթ Հարությունյանի, հանրաքվեի գործընթացը հակասահմանադրական է ոչ միայն այն պատճառով, որ չկա Սահմանադրական դատարանի եզրակացությունը: Խնդիրը նա երկու մասի է բաժանում. «Այո, չկա ՍԴ եզրակացությունը, սա արդեն լուրջ խախտում է Սահմանադրության: Բայց կա երկրորդ լուրջ` ընթացակարգային խախտումը՝ սա չի համարվում Ազգային ժողովի կողմից չընդունված նախագիծ»։ Բանախոսի ներկայացմամբ, փորձ է արվել «կարծես թե կենցաղային իմաստ դնել» «Ազգային ժողովի կողմից չընդունել» հասկացության մեջ. «Ենթադրենք որևէ մեկը գա ԱԺ, ասի ընդունեք այս նախագիծը, ասեն՝ չենք վերցնում։ Կենցաղային առումով այդ նախագիծը ԱԺ-ն չընդունեց։ Եթե խոսում ենք, թե որ նախագիծն է Ազգային ժողովի կողմից չընդունված, պետք է բացենք ԱԺ կանոնակարգը, որտեղ հստակ նշված են 5 փուլեր, որ պետք է անցնի նախագիծը, որ համարվի չընդունված։ Այն պետք է քվեարկվի առաջին ընթերցմամբ, ընդունվի 2/3 ձայներով, պետք է քննարկվի 2-րդ ընթերցմամբ, քվեարկվի, պետք է քննարկվի ՍԴ դիմելու հարցը, պետք է ստանա ՍԴ դրական եզրակացությունը, ապա 2-րդ ընթերցմամբ չհավաքի 2/3-րդ ձայներ։ Մյուս բոլոր դեպքերում նախագիծը հանվում է շրջանառությունից, այն այլևս գոյություն չունի»։

Անդրադառնալով ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին եւ հայտարարությանը, թե փաստացի չունենք մեր երազանքի ՍԴ-ն՝ Դավիթ Հարությունյանն ասաց․ «Գործ ունենք բառախաղի հետ: Եթե որևէ մեկը կարծում է, որ պետք է դատավորներ նշանակվեին անմիջապես սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո, ապա դա կնշանակեր չբալանսավորված ՍԴ»։ Նա հիշեցրեց, որ այն պահին, երբ Սահմանադրությունն ընդունվում էր, խորհրդարանում մեծամասնությունը ՀՀԿ-ն էր, իսկ ՍԴ-ում կային մարդիկ, որոնք նշանակված են եղել առաջին նախագահի օրոք, երկրորդ նախագահի օրոք. «Եթե մենք մտածեինք, որ տեսականորեն կարելի է այդ ուղղությամբ գնալ, միգուցե մեծ լիներ գայթակղությունը գրել սահմանադրության մեջ, որ դատավորները պետք է զրոյից նշանակվեն, չէ՞ որ դա հնարավորություն կտար ՀՀԿ-ին դե ֆակտո ունենալ ՀՀԿ-ի կողմից նշանակված դատավորներ: Բայց չգնացինք այդ ճանապարհով, քանի որ դա անթույլատրելի է։ Այն ճանապարհը, որ ընտրվել էր, շատ ավելի խելամիտ էր, որ ապահովեր դատավորների անփոփոխելիության սկզբունքը, մյուս կողմից՝ ՍԴ-ի բալանսավորված լինելու սկզբունքը։ Այն, ինչ ասվում է, գեղեցիկ բառախաղ է, որի տակը կա զրո բովանդակություն»։

Այլ մանրամասները` տեսանյութում

Նիկոլ Փաշինյանի այն դիտարկմանը, որ Հրայր Թովմասյանի ընտրությունը ՍԴ նախագահի պաշտոնում արագ է կազմակերպվել, որպեսզի վերջինս պաշտոնավարի մինչև որոշակի տարիք, Դավիթ Հարությունյանը հակադարձում է. «Իրավիճակի նենգափոխման փորձ է» Դավիթ Հարությունյանը նախ մանրամասնեց, թե ինչպես եղավ, որ Հրայր Թովմասյանը դարձավ ՍԴ անդամ. «Արդյոք որևէ արհեստական բա՞ն տեղի ունեցավ։ Խնդիրը վերաբերում է ՍԴ գործող անդամի պաշտոնավարման ժամկետի լրացմանը։ Երբ ՍԴ հերթական անդամի պաշտոնավարման ժամկետը լրանում է, պետք է առաջանար թափուր տեղ, սակայն «Սահմանադրական դատարանի մասին» օրենքը նախատեսում է, որ եթե այդ մարդը գործով զեկուցող է, ապա նրա պաշտոնավարումը շարունակվում է այնքան ժամանակ, քանի դեռ ՍԴ-ն չի ավարտել այդ հարցի քննությունը։ Խոսքը Կիմ Բալայանի մասին է։ Կիմ Բալայանի ծննդյան վկայականը որևէ մեկը չի փոխել և տարիքը առաջ չի գցել»։

Երբ Հրայր Թովմասյանն ընտրվեց ՍԴ անդամ, ՍԴ նախագահ էր Գագիկ Հարությունյանը, որն, ըստ Դավիթ Հարությունյանի, ՍԴ նախագահի պաշտոնից հրաժարվեց, քանի որ հավակնում էր ԲԴԽ նախագահ ընտրվելուն. «Այո, ժամանակահատվածը համընկել է, քանի որ ԲԴԽ-ն ևս պետք է ձևավորվեր հենց այն ժամանակ, երբ ուժի մեջ էին մտնում Սահմանադրության համապատասխան գլուխները»։ Ցանկության դեպքում, բանախոսը կարծում է, որ այստեղ կարելի է տեսնել բարդ կոմբինացիա, բայց իրականում, հավաստիացնում է`«չի եղել որևէ բարդ կոմբինացիա»:

Դավիթ Հարությունյանը նաեւ հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանի մոտ վտանգավոր միտում է նկատվում․ «Եթե որևէ մեկը իր հետ համաձայն չէ, ապա հակաժողովրդական է։ Ես կարծում եմ՝ չի կարելի «վարչապետ» և «ժողովրդավարություն» բառերի միջև դնել հավասարության նշան։ Չի կարելի ասել, որ եթե ինչ-որ մեկը չի կիսում վարչապետի կարծիքը, համաձայն չէ հանրաքվեի հետ և անգամ «Ոչ» է քարոզում, առաջարկում է բոյկոտել, համարում է, որ հակասահմանադրական է հանրաքվեն, դրանք բոլորը հակաժողովրդավարական ուժեր են, իսկ ովքեր ծափահարում են վարչապետ Փաշինյանին, ժողովրդավարական ուժեր են։ Չկա որևէ բռնապետություն, որտեղ նույն մոտեցումը չի եղել, սա է մտահոգիչ»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829