Հունահայ երգչուհի, բրիտանական X Factor-ի մասնակից Աթենա Մանուկյանը «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց, որ միշտ ցանկացել է մասնակցել «Եվրատեսիլին» եւ ներկայացնել Հայաստանը: «Որոշեցի մասնակցել «Եվրատեսիլին եւ հպարտություն պարգեւել Հայաստանին»,-նշեց երգչուհին: Նա ասաց, որ ծանոթ է մյուս մասնակիցներին, նրանք յուրահատուկ են, վստահ է, որ յուրաքանչյուրն էլ լավ ելույթ կունենա:
Ինչ վերաբերում է իր երգին, ասաց, որ այն ստեղծել են ինքն ու պրոդյուսեր DJ Պակոն, իսկ երգի գլխավոր ուղերձն այն է, որ ամեն մեկն իր ներսում ադամանդ ունի, որը մարդիկ հաճախ փորձում են խլել:
Աթենան հայտնեց, որ շատ կցանկանար հայերեն երգ կատարել, հավելեց, թե ծրագրում է բացահայտել Հայաստանը, շատ վայրեր այցելել, ուզում է տեսնել Կարապի լիճը, Ցեղասպանության թանգարանում ու Գեղարդում լինել: Ափսոսանք հայտնեց, որ այս պահին փորձեր են ընթանում, եւ ինքը շատ ժամանակ չունի, որ այդ ցանկությունն իրականացնի:
Աթենան առաջին անգամ Հայաստան այցելել ու Երեւան Մոլում է համերգ ունեցել: Նրա հավաստմամբ, ընտանիքը եւս ցանկություն ունի լինել Հայաստանում:
Կարդացեք նաև
Երգչուհին ասաց, որ տարբեր բեմերում երգելու փորձ ունի եւ վստահ է, որ լավագույնս կարող է ներկայացնել Հայաստանը «Եվրատեսիլին»:
Ցանկություն ունի ստեղծագործել Հայաստանում եւ համագործակցել հայաստանյան շոու-բիզնեսի ներկայացուցիչների հետ: Նա մի քանի հայերեն նախադասություններ է սովորել , ինչպես օրինակ, բարեւ ձեզ, ոնց եք, ես հպարտ եմ, որ հայ եմ, շնորհակալություն, հաջող եւ այլն:
Ասուլիսի ավարտին երգչուհին մի հատված կատարեց իր երգից:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ