Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրաքվեի գործընթացը համարում եմ հանցագործություն. Դավիթ Հարությունյան

Փետրվար 12,2020 13:50

«Իմ տպավորությունը հետեւյալն է` դրված է մի գերխնդիր՝ ունենալ հլու-հնազանդ Սահմանադրական դատարան, եւ այդ գերխնդիրը լուծելու փորձերը մարդկանց ստիպում են անել հապճեպ քայլեր, չմտածված քայլեր, որոնք շալ լուրջ խնդիրներ դեռեւս կառաջացնեն Հայաստանի համար»,- այսօր «Լույս» հիմնադրամի 2019 թվականի արդյունքներն ամփոփող ասուլիսի ժամանակ Aravot.am-ի հարցին`ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ ՍԴ հարցով հապշտապ, առանց եվրոպական կառույցների հետ համագործակցության, հանրաքվեի անցկացումը, մանավանդ, այդ կառույցներից արդեն իսկ բավական կոշտ հայտարարություններ են հնչել, այսպես պատասխանեց ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։

«Եվրոպական կառույցին անդամակցելը եւ լինելը ավելի մեծ ընտանիքի անդամ, ենթադրում է խաղի կանոններ, որը երկիրը կամովին է ստանձնել եւ այդ կանոնները չպահպանելը, ես կարծում եմ, սասանելու է մեր միջազգային հեղինակությունը։ Բայց ամենալուրջ խնդիրը, ես կարծում եմ՝ դա չէ: Իհարկե, պետք է կարեւորենք եւ ուշադրություն դարձնենք եվրոպական կառույցների կարծիքին, բայց եթե մենք գնում ենք հակասահմանադրական ճանապարհով, պիտի գիտակցենք, որ սա մեր խնդիրն է եւ եթե մենք գնում ենք հակասահմանադրական ճանապարհով, սա հղի է ավելի լուրջ վտանգներով, որը մենք այսօր, հնարավոր է, անգամ չենք տեսնում: Սա շատ ավելի վտանգավոր է հենց մեզ համար, մեր երկրի ապագայի համար»։

Եթե հանրաքվեն պսակվեց իշխանության ակնկալած արդյունքով եւ ՍԴ դատավորները դադարեցնեն իրենց պաշտոնավարումը, ըստ բանախոսի, տասնամյակներ դեռ ճաշակելու ենք դրա բացասական արդյունքը. Դատավորները նշանակվում են 12 տարով եւ 12 տարի հետո, խորհրդարանական մեծամասնությունը դարձյալ կցանկանա փոխել ամբողջ դատարանի կազմը. «Կհայտնվեն 12 նոր դատավորներ`ընտրված դարձյալ այդ օրվա քաղաքական մեծամասնության կողմից»: Սա, ըստ նախկին նախարարի, բերելու է անընդհատ անկայունության եւ ինստիտուցիոնալ հիշողություն չունեցող անձանց առկայության ՍԴ-ում: Դատական իշխանության առանձնահատկությունը, Դավիթ Հարությունյանը համարում է այն, որ անդամները ժամանակի ընթացքում են փոխվում:

ՍԴ դատավորների՝ Եվրոպական դատարան դիմելու և հաղթելու հնարավորությունները մեծ են, բայց Դավիթ Հարությունյանը չի ցանկանում գնահատել, թե դա ի՞նչ կարժենա պետության վրա` ֆինանսական արտահայտությամբ: «Մեր խնդիրն այն չէ, որ պետությունը հաղթի կամ պարտվի ՄԻԵԴ-ում: Շատ կանխատեսելի է, թե ինչպիսին կլինի Եվրոպական դատարանի դիրքորոշումը, բայց դա ամենակարեւորը չէ։ Պետությունը պարտվելու է ոչ թե Եվրոպական դատարանում, այլ պետությունը պարտվում է իր ապագայում»,- ասաց Դավիթ Հարությունյանը` հավելելով, որ սա մեր դիրքերը թուլացնելու է արտաքին քաղաքականության առումով և Հայաստանին դնելու է ավելի թույլ վիճակում. «Արտաքին քաղաքականությունը շատ հետաքրքիր ոլորտ է, որտեղ շատ հաճախ ձեռնտու է, որ դիմացի կողմը լինի թույլ: Ինչքան ուզում ես այստեղ հոխորտա եւ ասա` եվրոպական կուսակցությունները կաշառված են, Վենետիկի հանձնաժողովը կաշառված է եւ բոլորը, ովքեր քո մասին որեւէ դիրքորոշում կհայտնեն`ասա կաշառված են, դա բոլորովին չի օգնում: Էլ ավելի է բարդացնում իրավիճակը եւ ավելի թույլ վիճակում է դնում ՀՀ-ն»:

Այլ մանրամասները`շուտով տեսանյութում

Կապանում կայացած ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ նախկին իշխանության ներկայացուցիչները գնում եւ եվրոպական կառույցներում բողոքներ են ներկայացնում, թե ՍԴ անդամների վրա ճնշումներ են իրականացվում: Հարցին` նախկին իշխանությունները սահմանադրական փոփոխությունների հարցով եվրոպական կառույցների հետ քննարկումներ եղե՞լ են, Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ եղած քննարկումների մասին տեղեկություններ չունի, բայց եւ Վենետիկի հանձնաժողովի, եւ ԵԽԽՎ-ի և ԵԺԿ-ի հետ քննարկումներ կունենան:

Մեկ այլ հարցի` ընդդիմադիրները դեռ չեն որոշել`«Ոչ»-ի ճամբար ստեղծելո՞ւ են, թե՞ ոչ, ինչ է մտածում այդ առիթով, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Ոչ»-ի ճամբար կարող է լինել եւ բոլոր նրանք, ովքեր համարում են, որ այս հարցը ոչ թե հակասահմանադրական է այլ կարելի է բովանդակային առումով քննարկել, բնականաբար, պետք է ստեղծեն «Ոչ»-ի ճամբար: Ես համարում եմ, որ սա հանցագործություն է հայ ժողովրդի եւ պետականության դեմ։ Ես չեմ ուզում մասնակցել այդ հանցագործությանը։ Սա հարց է, որին չես կարող պատասխանել «այո» կամ «ոչ»։ Ինքնին հարցադրումն անթույլատրելի է եւ հակասահմանադրական: Ինքս չեմ պատրաստվում մասնակցել քարոզչությանը`որեւէ ձեւով, որովհետև պրոցեսը համարում եմ հանցագործություն եւ Հայաստանի ապագան վտանգող»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829