Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ողջ ամառ ԼՀԿ-ի եւ «Լույս»-ի անդամները քչփորեցին Երեւանի աղբամանները». Գեւորգ Պապոյան

Փետրվար 12,2020 13:28

«Առաջարկում եմ ոչ թե «ձեռնպահ», այլ «դեմ» քվեարկել: Ինչի՞ մասին է այս օրենքը: Նրա մասին, որ ողջ ամառ «Լուսավոր Հայաստանի» եւ ավագանու «Լույս» խմբակցության անդամները Երեւանի աղբամանների մոտ «սելֆիներ» էին անում, քչփորում Երեւանի աղբամանները»,-«Լուսավոր Հայաստանի» օրինագծի վերաբերյալ այսօրվա ԱԺ նիստում նման կարծիք հայտնեց «Իմ քայլի» պատգամավոր Գեւորգ Պապոյանը:

Հիշեցնենք՝ ԼՀԿ-ի օրինագծով առաջարկվում է, որպեսզի մեկ միլիոն դրամի եւ ավելի չափով նվիրատվությունները հաստատվեն Երեւանի ավագանու կողմից, ինչից հետո միայն համայնքի եւ նվիրատուի միջեւ կնքվի համապատասխան պայմանագիր:

Գեւորգ Պապոյանը շարունակեց. «Հետո առաջ բերեցին «Կամազի» պատմությունը, եւ արդյունքում որեւէ բան չբացահայտվեց, որեւէ արտառոց բան չկար, հիմա էլ այս օրինագիծն են բերել: Սա ոչ մի խնդիր չի լուծում: Տեղեկատվությունը հանրայնացնելու հարցը մյուս օրինագծով արդեն լուծվում է: Առաջարկում եմ ԼՀԿ-ի օրինագիծն այս տեսքով չընդունել, ես «դեմ» եմ քվեարկելու»:

Հիշեցնենք՝ «մյուս օրինագիծ» ասելով Պապոյանը նկատի ունի առաջին ընթերցմամբ քննարկվող այն օրինագիծը, որը համայնքի ղեկավարին պարտադրում է առցանց հարթակում հրապարակել նվիրատվության մանրամասները:

Մի քանի պատգամավորներ միակարծիք էին, որ սահմանամերձ համայնքների դեպքում պետք է այլ կարգավորում սահմանել, որովհետեւ բարերարները գուցե չեն ցանկանում իրենց անունը հրապարակել, իսկ որոշ դեպքերում սփյուռքի հայրենակիցներն են ցանկանում անանուն մնալ:

ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը, կարեւորելով ավագանու լիազորությունների ամրապնդումը, միաժամանակ առաջարկեց մինչեւ ԼՀԿ-ի օրինագծի երկրորդ ընթերցումը նման խնդիրների շուրջ մտածել:

Օրինագծի զեկուցող, ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանն էլ շնորհակալություն հայտնեց իրավական հարցերը բարձրաձայնելու համար եւ գործընկերներին հրավիրեց քննարկման, ասաց, որ սահմանամերձ համայնքների խնդիրը կդիտարկեն:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829