Քիչ առաջ ԱԺ միջանցքում միջադեպ եղավ: Նիստի ընդմիջմանը «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը իմքայլական պատգամավորներից մեկի հետ վիճաբանություն ունեցավ՝ բղավելով. «Կհարգեք՝ կհարգվեք, չեք հարգի՝ չե՛ք հարգվի»:
Ավելի ուշ Սամսոնյանից հետաքրքրվեցինք, թե ում հետ էր այդպես վիճում ու ինչու էր բղավում: Նա պարզաբանեց, որ նիստի ժամանակ «Իմ քայլի» պատգամավոր Համազասպ Դանիելյանը նախագծի բովանդակային քննարկումից շեղվել է. «Ես նրան հորդորեցի վերադառնալ բովանդակային քննարկման, ինչից ծագեց փոքրիկ վիճաբանություն: Մենք բովանդակային քննարկում էինք անում, ինքը փորձեց ինձ դաստիարակչական դասեր տալ»:
Անի Սամսոնյանը նախագիծ է բերել, որ կարգավորի ՏԻՄ-երի նվիրատվությունների հարցը, այն ավագանիով հաստատվի. «Մեր գործընկերները հայտարարում էին, թե ինչու եք անիմաստ գործերով զբաղվում, բերեք օրենսդրական նախաձեռնություն, որ այդ հարցը կարգավորի: Հիմա ես բերել եմ օրենսդրական նախաձեռնություն, չգիտես ինչու, դեմ ելույթներ են ունենում տարբեր պատճառաբանություններով ինչ-որ տեխնիկական առաջարկներ են հնչում: Հիմա ես ասելու եմ, որ պատրաստ եմ ընդունելու բոլոր առաջարկները: Բայց քաղաքական ելույթներ են հնչում ու տպավորություն է, որ ինչ-որ խնդիր կա ու մեր գործընկերները նորից չեն ուզում ընդունել»:
Կարդացեք նաև
Մենք ճշտեցինք՝ Համազասպ Դանիելյանը անզսպությո՞ւն ցուցաբերեց, ի՞նչ անհարգալից վերաբերմունք ցուցաբերեց, որ դուք բղավում էիք՝ «չեք հարգի՝ չեք հարգվի»՝ Անի Սամսոնյանը պատասխանեց. «Գիտեք, կան միջանձնային հարաբերություններ, որոնք հանրային նշանակություն եւ արժեք չեն ունենա, ես դրանց մասին չեմ բացահայտի, ի վերջո կարող են հարթվել եւ անցնել: Բայց իմ գործընկերներին ուզում եմ կոչ անել՝ բարեկրթության, դաստիարակչական խրատներ, տալուց առաջ պետք է հիշել սեփական գործողությունները, սեփական ասելիքը: Ես չեմ կարող մեկին խորհուրդ տալ մի բան անել, եթե ես այդ խորհրդին չեմ հետեւում: Սա է սկզբունքը: Եթե մեր գործընկերներն ուզում են համագործակցային, գործընկերային հարաբերություններ, ուրեմն թող իրենք եւս պահպանեն դա: Եթե մեր գործընկերները պիտի ամբիոնից խոսքեր հնչեցնեն եւ մեզանից պահանջեն, որ մենք պիտի լինենք բացառապես շատ մեղմ, լուսավոր, թողնենք, որ մեզ չհարգեն ու վիրավորեն՝ ճիշտ չէ: Փոխադարձ հարգանքի սկզբունքը պետք է պահպանվի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ