Քչերը գիտեն, որ երգիչ, երգահան Գրիգոր Կյոկչյանն առաջին մասնագիտությամբ տնտեսագետ է. 2004-10թթ. սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում՝ ստանալով մագիստրոսի աստիճան։
«Բոլոր նրանց, ովքեր ցանկանում են շոու-բիզնես մտնել ու երգել, խորհուրդ եմ տալիս կոնսերվատորիայում չսովորել, փոխարենը այլ մասնագիտություն ձեռք բերել։ Կոնսերվատորիայում իմաստ ունի սովորել, եթե դասական երաժշտության ուղին ես բռնելու։ Ֆուտբոլիստ դառնալու համար, օրինակ, պետք չէ ֆիզկուլտինստիտուտում սովորել, նույնկերպ էստրադային երգիչ դառնալու համար պետք չէ կոնսերվատորիայում սովորել։ Ես դա հասկացել եմ վաղ տարիքից, թեպետ համալսարանում սովորելու տարիներին չէի էլ մտածում շոու-բիզնես մուտք գործելու մասին»,- մեկնաբանեց Գրիգորը։
Ի դեպ, նա ՀՊՏՀ-ում սովորել է գերազանց, որոշ ժամանակ աշխատել է հայաստանյան բանկերից մեկում, սակայն աշխատավարձի ցածր լինելու պատճառով թողել է աշխատանքը. «Իմ գրած մեկ երգի համար այդ ժամանակվա մեկ ամսվա աշխատավարձիցս մի քանի անգամ ավել գումար էի ստանում։ Բանկում մնալու որեւէ մոտիվացիա չկար։ Հասկացա, որ պետք է աշխատել ոչ թե ուրիշի, այլ սեփական բիզնեսը զարգացնելու համար։ Ի դեպ, միջազգային կազմակերպություններում եւս աշխատել եմ որպես տնտեսագետ, եւ եթե այս ոլորտում շահութաբեր աշխատանք առաջարկվի, կընդունեմ հրավերը։ Ամեն դեպքում, հիմա էլ ակտիվ կերպով օգտագործում եմ տնտեսագիտական գիտելիքներս, պլանավորում եմ սեփական բիզնես հիմնել»,- նշեց երգիչը։
Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում