«Կարծում եմ՝ իմ ելույթը հասկացողներն ընկալեցին իմ իրական մտահոգությունները: Բայց քանի որ ինձ համառորեն դասեր են տալիս, պետք է փորձեմ բարեկրթության սահմաններում արձագանքել»,-ԱԺ նիստում այսօր արձագանքելով «Իմ քայլի» պատգամավոր Սոնա Ղազարյանի՝ իրեն ուղղված նկատառմանը, ասաց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Հիշեցնենք՝ Երեւանի քաղաքապետարանին նվիրատվությունների թափանցիկությանն ուղղված օրինագծի քննարկման ժամանակ Զոհրաբյանը մտահոգություն էր հայտնել, որ նվերները կարող են հայտնվել որեւէ գործարարի կամ քաղաքապետի «դաչայում», Սոնա Ղազարյանն էլ հիշեցրել էր, որ Զոհրաբյանը 12 տարվա պատգամավոր է, եւ եթե նման խնդիր կա, ինչու նախկինում քննիչ հանձնաժողով չէր ստեղծում այդ հարցով:
Զոհրաբյանը հայտարարեց. «Ով ինձ դաս է տալիս, թող Սահմանադրություն կարդա, պատրաստ եմ նվիրել, «զապաս» քառասուն հատ ունեմ մոտս՝ նման իրավիճակների համար: Սահմանադրությունում նշված է, թե քննիչ հանձնաժողովները որ թվականին են ուժի մեջ մտել: Անընդհատ շահարկում են՝ «նոր Հայաստան», «ժողովուրդ», «նոր Հայաստանում այլեւս կոռուպցիա չկա», բայց որ բռնում են…մի քանի օր առաջ էլ բռնեցին պաշտոնյայի, իսկ դա ո՞ր Հայաստանում է: Ինձ թվում է՝ նոր Հայաստանում: Այնպես որ, սիրելիներ, եկեք այս ամբիոնը չօգտագործենք հիմնազուրկ հայտարարությունների համար»:
Ապա Զոհրաբյանը դիմեց Սոնա Ղազարյանին. «Ձեզ ժպիտն ավելի է սազում, տիկին Ղազարյան, ժպտացեք»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ