Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրություններ Ադրբեջանում՝ «ընտրություններ» ադրբեջանական ձեւով

Փետրվար 12,2020 22:00
yntrutyun

Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրություններով տեղի ունեցավ Ալիեւի ռեժիմի վերարտադրության հերթական ակտը, որում, ըստ էության, չկար որեւէ անսպասելի կամ զարմանալի բան, մանավանդ, երբ մեզ այլեւս կարելի է զարմացնել միայն հաճելիորեն։ Ալիեւի բռնապետությունը հերթական անգամ ցուցադրական կերպով բռնաբարեց իր իսկ երկրի սահմանադրությունը, օրենքները, մարդկանց կամքը եւ ընտրությունը, իր իսկ երկրի ապագան։

Համացանցը հեղեղված է տեսանյութերով, որոնցում արտացոլված է այդ «ընտրությունների» ողջ «փայլը եւ թշվառությունը»։ Ինչ է լինելու դրանից հետո՝ դա արդեն Ադրբեջանի քաղաքական ուժերի, հասարակության եւ քաղաքացիների որոշելիքն է, եւ վերջին բանը, որի անհրաժեշտությունը կա՝ դա խորհուրդ տալն է, թե ինչն է լավը եւ ինչն է վատը։

Այնուամենայնիվ, արդի քաղաքականության «խոհանոցի» մասին պատկերացումն ամբողջացնելու համար օգտակար է հետեւել տեղի ունեցածի միջազգային արձագանքներին, չմոռանալով մի բան, որ դրանք որեւէ բան, մեծ հաշվով, չեն որոշում եւ շատ արագ մոռացվում են, համենայն դեպս, ներկայիս հետխորհրդային երկրներում։

Եվ ուրեմն, ԵԱՀԿ ԺՀՄԻԳ, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի եւ ԵԽԽՎ միացյալ դիտորդական առաքելությունը հայտարարեց, որ ընտրություններն Ադրբեջանում ժողովրդավարական չէին, իրական այլընտրանք չկար, էական էին սահմանափակումները մամուլում, հատկապես հեռուստատեսությունում, էլ չասած հանրային դեբատներ եւ այլն։ Ընդդիմադիր «Ազգային խորհուրդն» ընդհանրապես բոյկոտեց ընտրությունները։

ԵԱՀԿ ԺՀՄԻԳ, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի եւ ԵԽԽՎ միացյալ դիտորդական առաքելության դիրքորոշումը հիմք ընդունեցին Եվրամիությունը եւ ԱՄՆ-ը, իրենց մասով «պղպեղն» ավելացնելով Ալիեւի կլանի եփած «աջաբ-սանդալի» մեջ։ Միեւնույն ժամանակ, թե ԵՄ-ը, թե ԱՄՆ-ը հայտարարեցին, որ մտադիր են շարունակել հետագա համագործակցությունը Բաքվի փաստացի իշխանության հետ, հիշեցնելով, որ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ առաջարկություններին հետեւելը մտնում է Ադրբեջանի միջազգային պարտավորությունների մեջ։

Բնականաբար, Թուրքիան առաջինը ողջունեց Ալիեւին տարած «հաղթանակի» կապակցությամբ, հետ չմնաց Ռուսաստանն՝ իր ոչ այնքան սթափ «ԱՊՀ դիտորդներով», Վրաստանի մի ադրբեջանցի պատգամավոր, Իսրայելից ժամանած ինչ-որ անհասկանալի անձանց խումբ, իսկ ՎՈՒԱՄ կոչվող աննպատակ եւ անբովանդակ կառույցի «դիտորդ-բաշին» տեղի ունեցածը համարեց միանգամայն ժողովրդավարական։

Այս ամենը դեժավյու է առաջացնում, եւ Հայաստանի քսանամյա անցյալը գալիս է աչքիդ առաջ. ընտրախախտումների ռեժիսոր-դիրիժորների նույն բութ եւ լկտի դեմքերը, միջազգային դիտորդների Պիղատոսյան «օբյեկտիվությունը», բռնապետերի ցինիկ եւ ինքնագոհ պահվածքը եւ հայտարարությունները։

Եթե Հայաստանի համար այս մղձավանջն այլեւս անցյալում է, եւ հիմա մնում է քաղաքականապես հուղարկավորել դրա մնացորդները, ապա Ադրբեջանում, ինչպես տեսնում ենք, ըստ Միխայիլ Ժվանեցկու՝ «հիվանդությունը սկսել է ընդունել առողջ ձեւեր», եւ ակնհայտորեն գործ ունենք իրավիճակի դեգրադացիայի հետ։

Գրեթե անհավանական է, որ երկրում տեղի կունենան որեւէ հետընտրական զարգացումներ, եւ ակնհայտ է, որ տարածաշրջանի վերջին բռնապետությունը հիմնված է բռնապետական ընտանիքի եւ հասարակության գերակշռող մասի՝ առայժմ «անխախտ դաշինքի» վրա, եւ բացակայում է որեւէ նախանշան, թե դրան ինչ-որ բան է սպառնում կարճաժամկետ հեռանկարում։

Միեւնույն ժամանակ, ակնհայտ է նաեւ, որ Ալիեւների ընտանիքը պարտվել է ժամանակին եւ ապագային, եւ իրենց ձեւավորած այս՝ ամենայն մարդկայինը անարգող հակաքաղաքակրթությունն ուղղակի ապագա չունի։

Դարն է փոխվել, եւ նրանց այն խաբկանքը, թե իրենք իրենց մազութով հանդերձ անփոխարինելի են, եւ այդ մազութի այսօրվա գնորդները դատապարտված են բռնապետական ընտանիքի քմահաճույքները հարգել՝ ոչ միայն ապագա չունի, այլեւ այսօր է արդեն խիստ վտանգավոր այն կրողների համար, եւ եթե պրոբլեմի լուծումից վերածվում ես ինքնին պրոբլեմի՝ դա ոչ ոքի համակրանք, նույնիսկ խղճահարություն չի առաջացնելու։ Ոչ էլ «մեռնողի» հետեւից են առանձնապես լաց լինելու։

Ակնհայտ է նաեւ, որ նույնիսկ այն մասնակի, սահմանափակ, կառավարելի ռոտացիան, քաղաքական սերնդափոխությունը, որը նախատեսել էր կառավարող կլանը՝ չստացվեց, եղածն էլ՝ եւ մեկ անգամ կեղտոտվեց ոտքից գլուխ։ Թեպետ Ալիեւի կուսակցությունը պահպանեց իր տեղերի քանակը, գրեթե երկու երրորդը խորհրդարանի՝ նույն անձինք են, ընտրվել է միայն մեկ ընդդիմադիր։

Եւս մեկ անգամ տեսանք, որ «խեղդվողների փրկությունը՝ խեղդվողների հոգսն է», միջազգային հանրությունը պատրաստ է օգնել խորհուրդներով, բայց պատրաստ չէ որեւէ ժողովրդի փոխարեն պայքարել իր ազատության համար, մնացածը՝ Ադրբեջանի քաղաքացիների ընտրությունն է. շարունակել մնալ տարածաշրջանի վերջին բռնապետությունը, թե մի այլ բան մտածել։ Համենայն դեպս, հայերը երկրորդի պարագայում հաստատապես դեմ չեն լինի, եւ հայերը չէ, որ դրան խանգարել են կամ կխանգարեն։

Այս գործընթացի համատեքստում միակ բանը, որը կարող է եւ պետք է անի Հայաստանը՝ դա ավելի բարձր տեմպերով առաջ անցնել ժողովրդավարության, արմատական բարեփոխումների, բանակի արդիականացման, արտաքին եւ անվտանգության քաղաքականության դիվերսիֆիկացման, կոռուպցիոն համակարգի մնացորդների վերացման, երկրում Ավգյան ախոռների բարեխիղճ մաքրման ճանապարհին։

Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.02.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829