Լրահոս
Օրվա լրահոսը

«Քով քովի պետք է բերել ողջ հայությանը»

Փետրվար 12,2020 15:00

Սարգիս Հացպանյանն այսօր կդառնար 58 տարեկան

Փետրվարի 12-ը հայ ժողովրդի արժանի զավակներից մեկի՝ Արցախի ազատամարտի մասնակից, հասարակական, քաղաքական անվանի գործիչ, տարածաշրջանի հարցերով հմուտ փորձագետ-վերլուծաբան, մարդու ապրելու իրավունքի պաշտպան, նախկին քաղբանտարկյալ Սարգիս Հացպանյանի ծննդյան օրն է։

Կարծում եմ՝ նրան հատուկ ներկայացնելու կարիք չկա, քանզի բոլորս ենք նրան ճանաչում: Այդուհանդերձ, հակիրճ բերեմ որոշ կենսագրական տվյալներ: Ծնվել էր 1962թ. փետրվարի 12-ին՝ Ալեքսանդրետտա քաղաքում (Թուրքիա): 1980թ. Թուրքիայում տեղի ունեցած զինվորական հեղաշրջման փորձի ժամանակ արտաքսվել էր եւ առժամանակ բնակություն հաստատել Գերմանիայում, իսկ այնուհետեւ տեղափոխվել էր Ֆրանսիա:

1990թ. Փարիզի Սորբոնի համալսարանի ռեժիսուրայի բաժինն ավարտելուց հետո վերադարձել էր (ինչպես ինքն էր նշում՝ գնել էր մեկ ուղղության՝ Փարզ-Երեւան տոմսը, վերադարձի տոմս չէր վերցրել) Հայաստան եւ դարձել նրա զինվորն ու տերը:

Այդ օրերին շատ հայրենաբնակներ ընտանիքով լքում էին հարազատ տունն ու երկիրը։ Ծանր ու դժվարին տարիներ էին…

Սարգիսը մասնակցեց Մարտակերտի ամենաթեժ մարտերին՝ մի ձեռքում տեսախցիկը, մյուսում՝ ավտոմատը…

Աշխարհին է հայտնի Սարգսի եւ ազերի տարեց կնոջ հետ զրուցի պահը անմահացնող լուսանկարի պատմությունը, որ այնպես հեշտությամբ փորձեցին աղավաղել ազերիները… Ինչեւէ… Սարգսին ու նրա բազմաթիվ հայրենանվեր գործունեությանն առավել քաջատեղյակ են մարտակերտցիները։ Նրանց, 90-ականների սկզբներին, Սարգիսը սփյուռքի մեր հայրենակիցների միջոցներով հանգանակած օգնությունն էր հասցնում՝ կլիներ հագուստ, թե պարենամթերք ու բնամթերք, անմնացորդ տուն առ տուն բաժանում էր…

Այս մասին ավելին իմացա 2018-ի սեպտեմբերին, երբ եղա Մարտակերտում եւ ներկա գտնվեցի տեղի հիմնանորոգված մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի անվանակոչությանը։ Երախտագետ արցախցիներն այն անվանեցին Սարգիս Հացպանյանի անունով։

Սարգիսն ամենուր էր, միշտ գտնում էր իր անելիքը։ 2015թ. սկզբներից հետեւում էի Սարգիս Հացպանյանի «Ինչո՞ւ ցեղասպանվեցինք» դասախոսությունների շարքին, որոնք սկզբում տեղի էին ունենում «Նարեկացի» մշակույթի կենտրոնում եւ ձգվում երբեմն մինչեւ ուշ երեկո՝ ժ. 11-ը։ Լսարանում համակ ուշադրություն էր, 3-4 ժամ շարունակ բանախոսը բերում էր փաստեր, հայկական 6 վիլայեթներից մանրամասներ՝ բնակչության թվից, զբաղմունքից, ունեցած դպրոցներից, եկեղեցիներից եւ այլն։

Ասելիքը շատ-շատ էր, հագեցած փաստերով, լուսանկարնեով։ Սարգիսը նյութը մատուցում էր խորը իմացությամբ՝ համադրելով, վերլուծելով այդ ժամանակաշրջանում աշխարհում կատարվող իրադարձություններն ու հայի կյանքում տեղի ունեցած անդառնալի դժբախտության ու ֆիզիկական բնաջնջման նախապատրաստական աշխատանքների փաստերը։

Իրոք, շատերիս համար նա քայլող հանրագիտարան էր։ Ես պատիվ ունեցա դասախոսությունները սղագրելու, վերծանելու եւ «Առավոտ» թերթում պարբերաբար հրապարակելու։
Մեծ ծրագրեր էինք մշակել Սարգսի հետ, նպատակ ունեինք Արեւմտյան Հայաստանի, մասնավորապես Դերսիմի դավանափոխ հայությանն օգնել՝  հայերեն սովորել  (ոչ թե դարձի բերել, այլ միայն մայրենին սովորեցնել)։ Սակայն 2017թ. Թուրքիայում կատարվող զարգացումները ստիպեցին հետաձգել այն… Երրորդ անգամ է, որ Սարգիս Հացպանյանի ծննդյան օրը նշվելու է նրա բացակայությամբ։

Բացակայություն, որ մշտապես զգում եւ զգալու է նրա ընտանիքը, ընկերությունը, հարազատությունը, հոգեհարազատ մարդիկ եւ ողջ հայությունը։ Դժվար է հիշատակի խոսք ասել, երբ մարդը երեւելի էր մի շարք ասպարեզներում, կլիներ ռազմի դաշտում, թե հարաբերական խաղաղ տարիներին։ Նա մարտնչող էր թե՛ արտաքին թշնամու եւ թե՛ ներքին թշնամու դեմ։ Ի տարբերություն առաջինի, երկրորդի դեպքում շատ ավելի դժվար է…

Սարգիսը երեւույթ էր մեր իրականությունում, նա այն եզակիներից էր, որ կամրջում էր հայրենիքն ու սփյուռքը, իր իսկ բառերով՝  «քով քովի պետք է բերել ողջ հայությանը»: Վահրամ Գեւորգյանի խոսքերով՝ «Սարգսի գնալով մենք կորցրինք միտք, գաղափար եւ արդարամտություն»…

Ամերիկաբնակ Պոլսո հայերի միության ջանքերով հիմնադրած Հրանդ Դինքի անվան առաջին հուշամեդալը շնորհվեց Սարգսին 2017թ., երբ Նա բուժվում էր Լիոնի հիվանդանոցում, իսկ 2018թ. ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Սարգիս Հացպանյանը հետմահու պարգեւատրվեց «Վաչագան Բարեպաշտ» մեդալով: Երջանկահիշատակ Սարգիս Հացպանյանն իր մահկանացուն կնքեց Լիոնի քաղաքային հիվանդանոցում 2018թ. հունվարի 20-ին՝ չլրացնելով կյանքի 55 տարին: Բազմաթիվ ազգանվեր ծրագրեր ու գործեր, որ երկար պետք է թվենք, մնացին անկատար… Հիրավի, Սարգիսը շարունակում է ապրել բոլորիս սրտերում:

Մեծ նվիրյալի, պատվախնդիր հայի, սբ. Խաչ դպրանոցի նախկին սան՝ Սարգիս Հացպանյանի խնկելի հիշատակին արժանին մատուցելու փորձ կլինի, եթե նրա անունով անվանակոչվեն Հայաստանի Հանրապետությունում գործող Հայորդաց տներից կամ Հայաստանի հանրակրթական դպրոցներից մեկը:

Սարգսի տեսակը բոլոր ժամանակների լավագույն հայի օրինակն է, այն պետք է քաջալերի, ոգեշնչի բարձրացող սերունդներին:

Ինչպես հաճախ էր ասում Սարգիսը՝ «Հիշատակն արդարոց՝ օրհնությամբ եղիցի…»:

 Գոհար ԱՐՇԱԿՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.02.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Քաղաքացի says:

    Այո, Սարգիս Հացպանյանը լավագույն հայի օրինակն է՝ ազնիվ, հայրենասեր և առաքինի։ Ականատեսն եմ նրա “Նարեկացի” մշակույթային կենտրոնի ելույթներին, մեզ համար, Խորհրդային ստի մեջ ձևավորվածների համար, նրա հայագիտական դիտարկումները բացահայտում էին և շատ արժեքավոր։ Նա ամենուրեք էր, և քաղաքական կյանքում նույնպես։ Հայաստան երկրի բոլոր ոլորտները նրա համար մտավոր և հոգևոր աշխատանքի առարկա էին։ Հիշում են նրա հոդվածները, նվիրված Սփյուռքի նախարարության աշխատանքներին, ինչքան ցավ և զայրույթ կար այդ ելույթներում։ Կարգին մարդ, մարտիկ և հայրենասեր։ Հիշատակն արդարոց՝ օրհնությամբ եղիցի․․․

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829