Ինչպես Հայաստանում, այնպես էլ ցանկացած ժողովրդավարական երկրում իշխանություններին ընտրում է ժողովուրդը, եւ որեւէ մեկն այս սկզբունքի դեմ առարկություններ չի ներկայացնում։ Այսօրվա իշխանություններն էլ ձեւավորվել են խորհրդարանական ընտրությունների արդյունքում, ու դրանց արդյունքները որեւէ մեկը չի վիճարկել։ Եթե ձայների մեծամասնությունը ստանար ոչ թե «Իմ քայլը» դաշինքը, այլ որեւէ այլ ուժ՝ վարչապետի պաշտոնն էլ կստանձներ այդ ուժի ղեկավարը։ Ու ի՞նչ է ստացվում։ Ստացվում է, որ պետության ղեկավարին ժողովուրդն է ընտրում (ում կուզի՝ կընտրի), իսկ ահա ՍԴ անդամների հետ ժողովուրդը գործ չունի, ժողովրդի կամքն այդ հարցում զրոյական նշանակություն ունի։ Այլ կերպ ասած՝ ՍԴ անդամներն ավելի բարձր են, քան պետության ղեկավարը։ Սա նորմա՞լ է։
Նորմա՞լ է, որ ժողովուրդն ինքն է որոշում սեփական ճակատագիրը՝ հանրաքվեի միջոցով անկախություն հռչակելով, եւ դա պետության անկախության համար լեգիտիմության բարձրագույն մակարդակ է ապահովում, բայց հենց որ այդ նույն ժողովուրդն ուզում է ձերբազատվել կասկածելի գործընթացների արդյունքում ձեւավորված ինչ-որ կառույցից՝ միանգամից դառնում է «անգրագետ ամբոխ»։
Նման պնդումների հեղինակները գոնե հասկանո՞ւմ են, թե դրանով ինչ հարվածի տակ են դնում հայկական երկու պետություններին։ Չէ՞ որ մենք ամեն առիթով հայտարարում ենք, որ ղարաբաղյան կարգավորման որեւէ վերջնական տարբերակ չի կարող ընդունելի լինել առանց ԼՂՀ բնակչության համաձայնության (որը, հասկանալի է, պիտի պարզվի հանրաքվեի միջոցով), եւ հասել ենք նրան, որ միջազգային հանրությունն անվերապահորեն ընդունում է մեր այս պնդումը։
Ու հանկարծ այստեղից-այնտեղից ձայներ են հնչում, թե «էս ի՞նչ եք ասում, ի՞նչ հանրաքվե, ի՞նչ բան, ուզում եք ձեր որոշումները անգրագետ ամբոխի ձայների միջոցո՞վ պարտադրել, չէ՞ որ ամբոխը միշտ սխալվում է, բոլոր բռնապետություններն ամբոխի վրա են հենվել…»։
Կարդացեք նաև
Հ. Գ. Այո, հանրաքվեն գուցե իսկապես չափազանց հզոր միջոց է՝ ՍԴ ճգնաժամի նման փոքր հարց լուծելու համար։ Բայց համաձայնվեք՝ ՍԴ նախագահի ու անդամների անհասկանալի համառությունն էր պատճառը, որ իշխանությունները ստիպված եղան դիմել այդ միջոցին։ Ու չարժե պրոբլեմը թողած՝ դրա լուծման ուղիները քննադատել։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում