Լրահոս
Օրվա լրահոսը

«Կամազների» պատմության հետքով. ըստ նոր օրինագծի՝ նվիրատվությունը պարտադիր հաստատելու է ավագանին

Փետրվար 12,2020 12:20

«Տեղական ինքնակառավարման մասին օրենքում լրացում կատարելու մասին» «Լուսավոր Հայաստանի» օրինագիծն առաջին ընթերցմամբ այսօր քննարկվում է ԱԺ նիստում: Օրինագծի զեկուցող, ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը տեղեկացրեց, որ օրինագծի համաձայն՝ համայնքի ավագանին իր որոշմամբ համաձայնություն է տալիս նվիրատվության ընդունմանն այն դեպքում, երբ համայնքը նվիրառու է, իսկ նվիրատվության առարկայի արժեքը՝ գումարը, գերազանցում է նվազագույն աշխատավարձի հազարապատիկը: «Սրանից հետո միայն համայնքի ղեկավարն իրավասու է կնքել նվիրատվության պայմանագիրը: Օրենքն ուժի մեջ է մտնելու ընդունման հաջորդ օրը: Սա ուղղված է ավագանու լիազորությունները մեծացնելուն եւ վերահսկողական գործառույթը կարգավորելուն»,-նշեց Անի Սամսոնյանը:

Նրա խոսքով՝ 2018թ.-ին Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի եւ գործարարների միջեւ կնքված գործարքների հետեւանքով տեղի ունեցան մի շարք դեպքեր. «Այդ գործարքները չեն հրապարակվել, եւ դրանց մասին ավագանին տեղյակ չի եղել: Ոչ թափանցիկությունը խոչընդոտել է ավագանու վերահսկողական գործառույթին: Որպեսզի հաջորդիվ խուսափենք նման դեպքերից, առաջարկում ենք, որ նվիրատվությունները հաստատվեն ավագանիների կողմից»:

ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց՝ եթե, օրինակ, որեւէ գործարար նվիրատվություն է ցանկանում անել որեւէ գյուղի, բայց ուզում է անանուն մնալ, ի՞նչ է ստացվում, այս օրենքի պատճառով գյուղը զրկվո՞ւմ է նվիրատվությունից: Սամսոնյանը պատասխանեց. «Նվիրատուների եւ համայնքների միջեւ գործարքները կոռուպցիոն ռիսկեր են պարունակում, դրա համար կարեւորում ենք թափանցիկությունը»:

Հիշեցնենք, որ խորհրդարանում նվիրատվությունների թափանցիկությանն ուղղված եւ այս օրենքի հետ փոխկապակցված մեկ այլ օրինագիծ է քննարկվում առաջին ընթերցմամբ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829