Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակը հաղորդագրություն է տարածել, որը հայերեն թարգմանությունը ներկայացնում ենք։
Հունվարի 29-ին Ֆրանսիայի Հանրապետության Նախագահը ելույթ է ունեցել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) ամենամյա ընթրիքին։ Երկրորդ տարին է, ինչ Էմանյուել Մակրոնը մասնակցում է ամենամյա այս միջոցառմանը, ինչպես նրա նախորդները:
Պատասխանելով Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի երկու համանախագահների՝ Մուրադ Փափազյանի և Արա Թորանյանի առաջադրած հարցերին՝ Հանրապետության Նախագահը հայտարարել է, որ «մարդկային արժանապատվությունն ու համերաշխությունը անբաժանելի են», այնուհետև անդրադարձ է կատարել Արցախի ինքնորոշված Հանրապետության շուրջ իրավիճակին: Հիշեցնելով Ֆրանսիայի՝ իբրև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի պատասխանատվությունը՝ Էմանյուել Մակրոնը նշել է, որ Փարիզը «նախապատվությունը կտա ժողովուրդներին ի սպաս գործող իրավունքին»:
«Նախևառաջ, ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներին՝ նախագահ Մակրոնին արցախցիների սպասելիքները Ֆրանսիայից՝ մեր Հանրապետությունից, որին նրանք համարում են հեղինակավոր երկիր, որը հանդես է գալիս որպես ժողովուրդների պաշտպան և մարդու իրավունքների հիմնարար հարցերի դեպքում՝ անզիջում երկիր»,-նշել է Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակի նախագահ Գի Տեսիեն։
Կարդացեք նաև
Հանրապետության Նախագահը մանրամասն անդրադարձ է կատարել նաև Ֆրանսիայի և Արցախի քաղաքների միջև ստորագրված բարեկամության հռչակագրերին, որոնց մեծ մասը չեղարկվել է վարչական դատարանների կողմից՝ նախարարությունների հրահանգով գործող պրեֆեկտների հայցով:
Կամենալով հանդարտեցնել իրավիճակը՝ Հանրապետության Նախագահը ընդունել է, որ «օրենքի կիրառումը չի բացառում երկխոսությունը» և հայտարարել, որ այսուհետ կամենում է «առաջ շարժվել իրատեսական և արդյունավետ ճանապարհով»:
Այս կապակցությամբ Էմանյուել Մակրոնը հույս է հայտնել, որ «ուղղակի երկխոսություն կհաստատվի մի կողմից Ֆրանսիայի Արտաքին գործերի և Ներքին գործերի նախարարությունների, մյուս կողմից՝ նման մտադրություն ունեցող տեղական իշխանությունների միջև, որպեսզի մենք այս հարցում դադարենք ընդդիմանալ մեկս մյուսին և կարողանանք ավելի արդյունավետ միջոցներ գտնել»:
Մանրամասնելով իր գաղափարը՝ Նախագահն առաջարկել է՝ «աշխատանքային խմբի շրջանակում քննարկենք, որպեսզի այն տեղական իշխանությունները, որոնք ցանկանում են օժանդակություն ցուցաբերել (Արցախի) բնակչությանը, կարողանան ընդունել արդյունավետ և իրավական առումով համապատասխան որոշումներ: Եթե նպատակը մշակութային կամ մարդասիրական օժանդակությունն է, մենք կգտնենք դրանք իրականանալի դարձնելու իրավական շրջանակը»:
Բարեկամության շրջանակը գոհունակությամբ է ընդունում Նախագահի դիրքորոշման նման առաջընթացը և կհետևի որպեսզի այն իրագործվի: «Իմ նպատակը հենց Արցախի հետ կրթական և մարդասիրական ոլորտներում զարգացման իրական ծրագրերի իրականացումն է»,- նշել է շրջանակի անդամ, Ֆրանսիայի Առնուվիլ քաղաքի քաղաքապետ Պասկալ Դոլը, ում կողմից ստորագրված Բարեկամության հռչակագիրը չեղարկվել է վարչական դատարանի կողմից: «Մոտակա շաբաթների ընթացքում շրջանակի բազմաթիվ անդամներ և ես ինքս կապ կհաստատենք Ներքին գործերի նախարարության հետ՝ ուսումնասիրելու, թե ինչպես կարելի է գործնականում նման համագործակցություն իրականացնել՝ հարգելով օրենքի գերակայությունը և Հանրապետության արժեքները»,- ընդգծել է Առնուվիլի քաղաքապետը:
Բարեկամության շրջանակը պատրաստ է խթանել Արցախի տեղական ինքնակառավարման մարմինների հետ հաստատված համագործակցությունը՝ հետևելով նախագահական վերջին այս նախաձեռնությանը, և զարգացնել Ֆրանսիայի և Արցախի միջև կառուցողական հարաբերությունները:
Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակ