«Օրինագիծը լավն է եւ կարեւոր, բայց ես այդ լավատեսությունը չեմ կիսում: Կուզենայի, որ «Կամազներն» էլ, «Բելազներն» էլ, ձյուն մաքրող մեքենաներն էլ անպայման անցնեին ավագանու նիստով եւ հաստատվեին նրա կողմից: Պարոն Սերգեյ Բագրատյան, դուք ասում եք, որ դրանք չեն կարող հայտնվել քաղաքապետի տանը: Ես էլ ասում եմ, որ կարող են»,-ԱԺ նիստում այսօր անդրադառնալով օրինագծին, որով նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից ավելի չափով նվիրատվությունները Երեւանի քաղաքապետը եւ համայնքի ղեկավարները պարտավոր են հրապարակել, ասաց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Նախկինում ունեցել ենք նման տխուր պատմություններ, երբ նվիրատվություն արված ինչ-որ գույք կամ տեխնիկա հայտնվել է այս կամ այն պաշտոնյայի դաչայում: Համաձայն չեմ, որ ավագանին հաստատի միայն դրամական նվիրատվությունը: Ամեն ինչն էլ պետք է անցնեն եւ հաստատվեն ավագանիով, որպեսզի Երեւանի քաղաքային իշխանության կողմից լինի իրական պատասխանատվություն»,-համոզմունք հայտնեց Նաիրա Զոհրաբյանը:
Նա նաեւ նշեց՝ թեեւ այս պահին չգիտի, թե օրենսդրորեն ինչպես է հնարավոր, բայց պետք է բացառել իրավիճակը, երբ նվիրատուն որեւէ նվիրատվություն անելուց հետո քաղաքում օբյեկտ կամ շենք կառուցելու թույլտվություն է ստանում:
Կարդացեք նաև
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կատակեց. «Անձամբ ձեր հետ համաձայն եմ, բայց հիմա ո՞նց քվեարկենք»: «Կողմ»,-հնչեց Զոհրաբյանի պատասխանը: Հիշեցնենք, որ օրինագծի առաջին ընթերցումն է ընթանում:
Օրինագծի զեկուցող, «Իմ քայլի» պատգամավոր Սոնա Ղազարյանն արձագանքեց Նաիրա Զոհրաբյանին. «12 տարի խորհրդարանում էիք, նախկինները նվիրատվությունը տանում էին իրենց տուն, քննիչ հանձնաժողով ստեղծեիք կամ նման օրենքի նախագծով հանդես գայիք»: Սոնա Ղազարյանը նաեւ շեշտեց՝ թեեւ այս օրինագիծը սկսել են մշակել Երեւանի քաղաքապետարանին «Կամազների» նվիրատվության աղմուկից հետո, սակայն միջազգային կազմակերպության (որի օգնությամբ գրվել է այս օրինագիծը) եզրակացությամբ՝ այդ գործարքում որեւէ կոռուպցիոն դրսեւորում չի եղել. «Մի անգամ էլ եմ խնդրում, որ նախկինների վարքագիծը «չպրոեկտեք» իշխող մեծամասնության որեւէ գործողության վրա: Անցյալին վերադարձ չի լինելու»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ