«Ամերիկայի ձայն». Հայկական Պիքսարտը ամերիկյան շուկայում փետրվարի 11-ին Apple-ի ամենաշատ անվճար ներբեռնված հավելվածներից երկրորդն էր: Զիջում էր միայն տիկտոկին՝ առաջ անցնելով յութուբից, ինստագրամից, սնապչաթից և ֆեյսբուքից: Ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Հովհաննես Ավոյանի խոսքով՝ ցուցանիշը հաճախ տատանվում է, սակայն վիդեո և ֆոտո պատկերների խմբագրման հայկական արտադրության այս հարթակը շարունակում է մնալ աշխարհի լավագույն նմանատիպ հավելվածների քսանյակում. «Անալիտիկ ընկերությունների տվյալների համաձայն՝ 2019-ին Պիքսարտը 14-րդ է աշխարհում: Աճի դինամիկան շարունակվում է»,-ասաց նա:
9 տարի առաջ 10 հոգուց բաղկացած թիմն այսօր 500 աշխատող ունի Երևանում, Սան Ֆրանցիսկոյում, Պեկինում, Մոսկվայում, Տոկիոյում և Լոս Անջելեսում, 600 միլիոն ընդհանուր և ամսական 150 միլիոն մշտական օգտատեր:
Շուկան գնալով աճում է, մրցակցությունն ուժեղանում, և մշտապես զարգանալով ու օգտատերերին նոր գործիքներ առաջարկելով՝ Պիքսարտը շարունակում է մրցակցային լինել աշխարհում: Հովհաննես Ավոյանը փոքր երկրից միջազգային մեծ շուկա դուրս գալու իր բանաձևն ունի. «Պետք է միշտ նորը ստեղծել, փորձել ամեն ինչ»,-ասում է նա:
Հայաստանի ՏՏ ոլորտը ժամանակին համահունչ զարգանալու համար, ըստ Ավոյանի, մասնագետների կարիք ունի: Երկրի նոր կառավարությունը ոլորտը զարգացնելուն ուղղված քայլեր է ձեռնարկում, և դա պետք է կենտրոնացնել մասնագիտական կրթության վրա. Ֆորբս ամսագրի անցած շաբաթ հրապարակված «Բարի գալուստ աշխարհի հաջորդ տեխնո կենտրոն՝ Հայաստան» հոդվածում անդրադարձել էր նաև Պիքսարտ ընկերությանը՝ այն համարելով հաջողված ստարտափ: Հիշեցնենք՝ ստեղծման օրվանից ի վեր ընկերությունը բազմաթիվ մրցանակներ եւ պարգևներ է ստացել, ներառյալ Ֆորբսի 2015 թվականի աշխարհի լավագույն 5-րդ ստարտափ մրցանակը:
Կարդացեք նաև