Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

…Որպես հեղափոխության հայելի

Փետրվար 12,2020 10:00

Այսօրվա «համացանցային հրապարակախոսության» մեջ, հավանաբար, ամենահաճախակի մեջբերվողը Գարեգին Նժդեհի խոսքերն են «ազգի տականքի» եւ «ներքին թուրքի» մասին: Նժդեհի ժառանգությունն, այդպիսով, «յուրացված» է:

Հովհաննես Թումանյանը, ցավոք թե բարեբախտաբար, նման բառեր չէր օգտագործում եւ, հետեւաբար, վիրտուալ ոլորտում մեջբերվող հեղինակներից չէ: Դրանից նրա մտքերը պակաս արդիական չեն դառնում: Այսօր, թերեւս, արժե արձանագրել, որ նա մի մարդ էր, որն անկեղծորեն սիրում էր ժողովրդին, խորապես հասկանում էր նրա հոգեբանական արքետիպը, բայց երբեք չէր իդեալականացնում նրան, առավել եւս՝ չէր փորձում նրան հաճոյանալ:

1907 թվականին իր հայտնի «Անկեղծ չենք» հոդվածում Թումանյանը գրում էր. «Ու որպեսզի այդ թամաշավոր-ժողովրդի սիրտը շահած լինեն ու բարեկամ պահած, միշտ գոռում են «ժողովրդի» անունը: Խոսքն ընչի մասին ուզում է լինի, միշտ վերջացնում են «ժողովուրդով»: «Ժողովուրդն այսպես է կամենում․․․ Ժողովուրդը մեզ հետ է․․․ Ժողովուրդը ձեզ կդատի․․․ Ո՞ւր ես, ժողովուրդ, անարգում են քեզ․․․»: Այդ հերիք չէ դեռ: Ժողովուրդն էլ են կեղծում»:

Պոետն այստեղ ակնհայտորեն հակադրվում է պոպուլիզմին, իսկ մեծ հաշվով՝ նաեւ հեղափոխականությանը: Որովհետեւ հենց հեղափոխականներն են, որ կարողանում են որսալ կոլեկտիվ բնազդները եւ, դրանք «թեժացնելով», ձեւակերպել՝ որպես «ժողովրդի պահանջ», «ժողովրդի կամք»:

Մտավորականի եւ հեղափոխականի որոշակի (ոչ սուր, բայց ակնհայտ) հակադրությունը գրեթե անխուսափելի է, քանի որ առաջինի համար կարեւոր է մարդը, անհատը, երկրորդի համար՝ զանգվածը: Անհատներով քաղաքական նպատակների չես հասնի, այդ նպատակների համար պետք են մարդկանց մեծ խմբեր, որոնց մտածողությունը ստանդարտացված է, «միջինացված», զուրկ է քննադատական մոտեցումներից:

Եկեք այդ հակադրությանը նայենք հակառակ, այսինքն՝ հեղափոխականի տեսանկյունից: Նույն ժամանակաշրջանում՝ 1908 թվականին ռուս բոլշեւիկների առաջնորդը՝ Լենինը, հոդված է գրում Լեւ Տոլստոյի մասին՝ գտնելով, որ վերջինս իր կամքից անկախ արտացոլել է ռուսական հեղափոխությունը: Արժանին մատուցելով Տոլստոյի հանճարին եւ գրողի կողմից՝ տիրող բարքերի անխնա քննադատությանը, Լենինը «մյուս կողմից» խիստ ագրեսիվ տոնով հարձակվում է Տոլստոյի վրա՝ նրա դեմ առաջ քաշելով հետեւյալ մեղադրանքները.

1/ «ի Քրիստոս խենթացյալ կալվածատեր» է (ռուսերենում յուրահատուկ հասկացություն կա՝ юродство, որը բազմաթիվ իմաստային շերտեր է պարունակում եւ զուտ «խենթություն» կամ «խեւություն» չէ),

2/ «ռուս ինտելիգենտ» կոչվող մաշված, հիստերիկ մի թուլակամ» է, որը զբաղվում է բարոյական ինքնակատարելագործմամբ (ինչն, ըստ Լենինի, մահացու մեղք է),

3/ քարոզում է չարիքին բռնությամբ չդիմադրելը:

20-րդ դարում Ռուսաստանը գնաց այն ճանապարհով, որը մատնանշել էր բոլշեւիկ-հեղափոխականը եւ բացարձակապես հաշվի չառավ այն գաղափարները, որոնք առաջ էր քաշում իր մեծագույն գրողներից մեկը:

Հայաստանը որպես անկախ պետություն երկար պատմություն չունի եւ դեռեւս գտնվում է անցումային փուլում: Գուցե դեռ ժամանակ կա՞ իմաստավորելու մեծ բանաստեղծի ու մտածողի ժառանգությունը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Ruben says:

    «Արգիշթորդի Ռուսան ասում է.
    Ով որ այս արձանագրությունը
    փչացնի, ով փշրի,
    հողում թաղի, ով ջուրը գցի,
    ով տեղից իր շարժի,
    ով արևի առջևից
    առանձնացնի կամ ասի «ոչնչացրու»,
    ով ուրիշին ասի.
    «Ես կատարեցի», ով որ
    Անունս ջնջի և իր անունը
    գրի, – լինի նա
    Վանեցի, լինի Լուլուրեցի [թշնամի],
    թող որ Խալդե, Թեյշեբա,
    Շիվինե աստվածները չխնայեն,
    Թե անունը, թե սերունդը
    երկրի վրա չթողնեն։»

    Նախնիները արարեցին, սերունդները ավիրեցին, իսկ Լուլուրեցիները տիրեցին:
    Արքայոց Արքայի անեծքը բռնեց:

    Երկիրը կզարկվի անեծքով, եթե ինչ-որ կապակցող օղակ չլինի հայրերի և զավակների միջև,
    ՎևՈՒ 128.18 (Մաղ. Դ.5–6).

  2. Արթուր says:

    ձայն բարբառոյ յանապատի …
    իսկ ավելի արդիական. վաղը հեղափոխականներից ինչ-որ մեկը Թումանյանին կմեղադրի նախկին ռեժիմի հետ հանցավոր կապերի մեջ …

  3. Քաղաքացի says:

    Վերենշված Ձեր դիտարկումները ռուսական հեղափոխության վերաբերյալ, եթե պարզապես, մշակութաբանական բնույթ են կրում, ապա կարելի է ընդունել ի գիտություն, սակայն նրանք ոչ մի աղերս չունեն Հայաստանում կատարված հեղափոխության հետ և ոչ մի առումով։ Կարծում եմ, կհամաձայնվեք, որ անցյալ դարասկզբի ռուս ազնվականի և ներկայիս, մեզ քաջ ծանոթ «ազգի հերոսների» միջև, իրենց բարոյականության և արդարության վերաբերյալ պատկերացումներով, անսահմանությանը ձգտող տարածություն կա։ Անսահմանությանը ձգտող տարածությունը վերաբերում է և այդ հեղափոխությունների կողմից որդեգրված մոտեցումներին և գործելաոճին։ Առաջնորդի դերը հեղափոխություններում անհերքելի է, սակայն ժողովրդի մշակութաբանական էությունը ոչ պակաս արժեքավոր է, և այստեղ մենք, կարծում եմ հպարտանալու առիթ ունենք։

  4. henri says:

    Ես ինչ ալ ըսեմ կամ գրեմ Թումանեանի ծանրութիւնը պիտի չունենայ։ Կը նախնտրեմ մէջբերել հետեւեալ պարբերութիւնը որ ուշադրութիւնս գրաւած է ։/Մտքեր 359 / . « … ճառերը ընդունակ են միայն հաբեցնելու,և հարբած դրութիւնը նի շատ ցաւալի դրութիւն է մարդու համար,և մանաւանդ մի ժողովրդի համար որ էնքան կարիք ունի զգաստ լինելու » ։ /1910/

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2020/02/12/1093681/

    © 1998 – 2020 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829