Համոզված է Ֆրանսիսկո Վինյասի անվան մրցույթի մասնակից սոպրանո Էլեն Եղիազարյանը:
Վերջին շրջանում կատարողական արվեստի տարբեր ոլորտներում անցկացվող միջազգային մրցույթներին անդրադարձ կատարելով, նույնիսկ միջազգային մամուլն է գնահատականներ տալիս՝ նոր հիմնված մրցույթներն անվանելով «սնկի պես աճած», իսկ անցյալ դարից եկածները՝ «հեղինակավոր»: Այդ բաժանումը քանիցս առաջացրել է ճանաչված արվեստագետների տարակուսանքը, քանի որ հենց այդ «սնկի պես աճածները», որոնք եթե դիմանան ժամանակի փորձությանը, չի բացառվում, որ տասնամյակներ անց համալրեն հեղինակավորների շարքը:
«Առավոտի» զրուցակիցը՝ օպերային սոպրանո Էլեն Եղիազարյանը, վերջերս է վերադարձել 1963 թվականից Բարսելոնայում անցկացվող իսպանացի հանրահայտ տենոր, վագներյան ձայն Ֆրանսիսկո Վինյասի անվան մրցույթից, որտեղ ժամանակին փայլել են օպերային արվեստի այնպիսի դեմքեր, ինչպիսիք են Ելենա Օբրազցովան, Զուրաբ Սոտկիլավան եւ այլք: Հայ երգիչներն էլ են մասնակցություն ունեցել հիշյալ մրցույթին, բայց առայսօր ամենաբարձր գնահատականի է արժանացել միայն ճանաչված սոպրանո Անահիտ Մխիթարյանը:
Այս տարի Ֆրանսիսկո Վինյասի անվան մրցույթին դիմել է 546 երգիչ՝ 53 երկրից, ընտրվել են 100-ը, եզրափակիչ հասել 17-ը: Այդ մասին մեզ տեղեկացրեց Էլեն Եղիազարյանը, հավելելով, որ Լիսեոյի թատրոնի բեմում եղել են միայն եզրափակիչ փուլ անցած երգիչների երկրների դրոշները: Թեեւ մեր սոպրանոն արժանացել է դիպլոմի, սակայն սա այն բացառիկ դեպքերից է, երբ հաղթահարել բոլոր փուլերն ու հասնել եզրափակիչ, արդեն ողջունելի է: Մանավանդ որ, ժյուրիի աշխատանքներին մասնակցել են նշանավոր ոչ միայն վոկալիստներ, այլեւ ճանաչված թատրոնների քասթինգի տնօրեններ եւ այլն: Ժյուրիի աշխատանքները գլխավորել է հռչակավոր օպերային դիվա Ջուան Սազերլենդի ամուսինը՝ դիրիժոր սըր Ռիչարդ Բոնինջը, անդամներն են եղել իտալացի լեգենդար սոպրանո Մարիելա Դեվիան, Մետրոպոլիտեն օպերայի արտիստիկ տնօրենի տեղակալ Դայանա Զոլան, Քովեն Գարդենի քասթինգի տնօրեն Պետեր Մարիո Կատոնան, Բոլշոյ թատրոնի մեներգիչների խմբի ղեկավար Լյուդմիլա Տալիկովան եւ այլք:
Անդրադառնանք Էլեն Եղիազարյանի նոր-նոր սկսվող կարիերային: Նշենք, որ երգչուհուն նկատել էինք 2019թ. վերջերին Երեւանում անցկացված Գոհար Գասպարյանի անվան մրցույթում, որտեղ նա արժանացավ առաջին մրցանակի: Զրույցի ընթացքում տեղեկացանք, որ նա ուսանել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ պրոֆեսորներ Կարինե Կարապետյանի եւ Գայանե Գեղամյանի ղեկավարությամբ: Մեր զրուցակցի հավաստմամբ՝ շուրջ մեկ տարի է՝ ընդգրկված է Ազգային օպերային թատրոնի Երիտասարդական ծրագրում (ղեկավար՝ Լեւոն Ջավադյան): Երգչուհին հաստատեց այն կեսկատակ-կեսլուրջ հետաքրքրությունը, թե մեր կոնսերվատորիան ավարտելուց հետո մեկնել է Մոսկվա՝ կարիերա սկսելու, բայց 3-4 տարի անց վերադարձել է: «Ինչ-որ չափով դա այդպես է: Մոսկվայում 2017թ. մասնակցեցի New Opera World ու էլի մեկ-երկու միջազգային մրցույթների: Այնպես չէ, որ չնկատեցին. եղան հրավերներ, բայց մի օր որոշեցի, որ ճիշտը հայրենիքում կարիերա սկսելն է: Եվ չսխալվեցի: Լինելով Երիտասարդական ծրագրի մասնակից, անցյալ տարի «Օրբելյան» հիմնադրամի աջակցությամբ մասնակցեցի Յարոսլավլում անցկացվող Վյացկոյե միջազգային մրցույթին, արժանացա երկրորդ մրցանակի եւ ավստրիացի ագենտ Վալտեր Վլադարսկիի կողմից ստացա հրավեր՝ մասնակցելու Հայդն Հեյմի փառատոնին, ինչպես նաեւ հանդես գալու Լիզայի դերերգով Չայկովսկու «Պիկովայա դամա» օպերայում…»,- ասաց երգչուհին:
Դիտարկմանը՝ եթե չենք սխալվում, այդ առիթով մասնագետների շրջանում տարածվեց խոսակցություն, թե երիտասարդ արվեստագետը հրաժարվել է նման առաջարկից, Էլեն Եղիազարյանը հաստատեց այն, նշելով միայն, թե մասնակցելու էր ընդամենը մեկ, երկու բեմական փորձի, ինչը, իր կարծիքով, բավարար չէր: Իսկ թե ինչ հրավերներ է ստացել Բարսելոնայում կայացած փառատոնից, մեր զրուցակիցը ժպտալով ասաց, թե ագենտների տարափ էր թափվել վրան, հետո մանրամասնեց. «Պլասիդո Դոմինգոյի հիմնադրամի ներկայացուցիչ Ալմա Մալերը, ապա իսպանացի Ջորդի Տորթը, Վերենա Քելլերը (եթե չենք սխալվում՝ վերջին հայտնի երգչուհի Հրաչուհի Բասենցի առաջին ագենտն է) ցանկություն հայտնեցին համագործակցել իր հետ: Իտալացի ագենտ Կարմելլո Պապպալարդոյի հրավերով ամռանը կմասնակցեմ Կատանիայում անցկացվող Պրեսկանիի միջազգային փառատոնին եւ այլն»:
Երգչուհուն հիշեցրինք, որ Գոհար Գասպարյանի անվան մրցույթի հատուկ մրցանակն էր նաեւ Լեոնորայի դերերգը, այսինքն՝ դրանով հանդես գալ Ազգային օպերային թատրոնի Վերդիի «Տրուբադուր» օպերայում: «Այո, առաջիկայում՝ դեռ օրը ճշտված չէ, հանդես կգամ նախընտրածս դերերգերից մեկով՝ Լեոնորայով»,- նշեց նա:
Դիտարկմանը՝ մեր ժամանակներում հրաշալի ձայների պակաս չի զգացվում ոչ մեզ մոտ, ոչ էլ աշխարհում, բայց ակնհայտ է, որ նման ձայներին «առաջ են տանում» իմպրեսարիոները, սոպրանոն պատասխանեց. «Միանշանակ իրավացի եք, բայց նշեցի, որ կարիերաս սկսել եմ հայրենիքում եւ եթե Ազգային օպերային թատրոնի Երիտասարդական ծրագրի մասնակից եմ, արդեն այդ փաստը ոչ թե ենթադրում է, այլ հավաստիացնում, որ ծրագիրը թատրոնի մեներգիչների ընտանիքը համալրելու նպատակ ունի, ինչպես աշխարհի այլ թատրոններում գործող նման ծրագրերը»:
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
11.02.2020