Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես պետք է աշխատեն սպանդանոցները

Փետրվար 12,2020 13:30

Սպանդանոցներից պահանջվող ամենանվազագույն պայմանները չապահովելու դեպքում բողոքները շարունակվելու են

Հայաստանում անասունների մորթը, անշուշտ, պետք է կատարվի սպանդանոցներում: Դա վաղուց պետք է կազմակերպվեր, շատ տարիներ առաջ: Բայց, երբ նման կազմակերպվածության  համար հրաման է տրվում, պետք է մինչ հրաման տալը այն քննարկվի մասնագետների, գյուղացիների, ժողովրդի ներկայացուցիչների, տարիների փորձ ունեցող մսագործների, անասնաբույժների, հիգիենայի բժիշկների հետ, ոչ թե գրասենյակում նստած հրաման գրեն, տարածեն ու պահանջեն:

Նախ` սպանդանոցների թիվը  չափազանց քիչ է Հայաստանի համար, այն պետք է լինի առնվազն  70-80-ը: Բացի այն, որ յուրաքանչյուր սպանդանոց պետք է ունենա իր թափքով ավտոմեքենան՝ միայն գյուղերից անասուն տեղափոխելու համար, պետք է ունենա նաեւ հաստատուն հեռախոսակապ, որպեսզի գյուղացին զանգի, պատվիրի իր կենդանի անասունը տեղափոխելու համար` համաձայն գրավոր պայմանավորվածության (որը գրավոր պետք է փակցված լինի պատին): Մորթից հետո գյուղացին վճարվում է մաքուր մսի դիմաց անմիջապես ու գյուղացուն առաջարկվում է ենթամթերքները (լյարդը, փայծաղը, սիրտը, թոքերը, ուղեղը, զինգը, տոտիկները) վաճառել սպանդանոցին` ավելի էժան գնով, չհամաձայնելու դեպքում, այդ բոլորը պետք է հետ տան գյուղացուն:

Մորթը ավարտելուց հետո այն պետք է պահվի սառնարանում հովացման համար կամ անմիջապես տեղափոխվի վաճառատեղի, որտեղ եւս պետք է պահվի սառնարանում: Սպանդանոցներից մսի տեղափոխումը վաճառքի` պետք է լինի մասնագիտացված, փակ, ներսը թիթեղապատված ավտոմեքենաներով՝ առաքիչի ուղեկցությամբ: Սպանդանոցը պետք է ունենա անպայման իր հաստիքային անասնաբույժը, որը մսի որակը մինչ տեղափոխումը պետք է մանրէաբանական  հետազոտման ենթարկի միկրոսկոպի միջոցով, ապա նոր թույլատրի մսի տեղափոխումը եւ վաճառքը (N5 ձեւ):

Մսագործները պետք է աշխատեն միայն ու միայն թանզիֆե արտահագուստով, ռետինե ճտկակոշիկնեով, այլ ոչ թե իրենց գյուղական, երկրորդական շորերով: Սպանդանոցների պատերը պետք է սալիկապատված լինեն, հատակը՝ մետլախապատ՝ արյունը հոսող ջրով լվանալու համար, իրենց պատկանող տարածքում պետք է լինի անասնագերեզմանոց (հոր), որը հերմետիկ պետք է փակվի կափարիչով եւ փականով, յուրաքանչյուր օրվա վերջում աղիքների, դրանց պարունակության, այլ օրգանների ոչնչացման համար պետք է քլորաջրվի կամ այլ քիմիական ախտահանիչ նյութերով պարփակվի: Հոսող ջրով լվացում կատարելուց հետո կեղտաջրերի հեռացման համար այն պետք է միացվի կոյուղու ցանցին, այլ ոչ թե լցվի շրջապատը: Միս տեղափոխող ավտոմեքենան պետք է ունենա սանիտարական անձնագիր, իսկ առաքիչը եւ մորթ կատարող բոլոր անձինք պետք է պարբերաբար բժշկական քննությունների ենթարկվեն:

Սպանդանոցները պետք է պայմանագիր կապեն դեռատիզային եւ դեզինսեկցիոն կայանների հետ՝ կրծողների եւ միջատների դեմ պայքարելու համար: Բոլոր գործողությունների, պայմանագրերի, վաճառքի եւ առքի գները թող որոշվի մասնագետ տնտեսվարողների եւ տնտեսագետների միջոցով:

Ահա այս ամենանվազագույն պահանջները եւ պայմանները պետք է բավարարվի, որպեսզի գործեն սպանդանոցները, չպետք է պետական չինովնիկները եւ նախարարները հրաման արձակեն առանց բավարարելու վերը հիշատակված սանիտարահիգիենիկ պահանջները, իսկ գյուղացուն էլ չգցեն ավելորդ հոգսերի տակ, ղասաբներին էլ՝ ցույցերի կազմակերպման դրդել:

Ջեմս ՍՏԵՓԱՆՅԱՆ

Սննդի հիգիենայի փորձառու բժիշկ, թոշակառու

«Առավոտ» օրաթերթ
11.02.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829