Լրահոս
Օրվա լրահոսը

«Կախվածությունները մեկ մարդու հիվանդություն չէ, այլ` ողջ ընտանիքի»

Փետրվար 12,2020 13:00

«Առավոտի» զրուցակիցը ՀՀ ԱՆ կախվածությունների բուժման ազգային կենտրոնի ընտանեկան հոգեբան, «Առողջ-Հոգի- Healty Soul» հոգեբանական կենտրոնի ընտանեկան հոգեբան Իլոնա Հովհաննիսյանն է:

– Ի՞նչ է կախվածությունը:

– Կախվածությունը բուժման կարիք ունեցող ծանր հիվանդություն է: Բազմակողմանի եւ բավականին լայն տարածում ստացած խնդիր է: Կախվածության առաջացման հարցում մեծ դեր է խաղում հոգեբանական գործոնը, եւ հետեւաբար կախվածությունից ազատվելու համար հոգեբանի դերը շատ մեծ նշանակություն ունի: Կախվածությունը կպչուն ցանկություններ են, գործողությունները, սովորությունները՝ որոնք կարող են անկանխատեսելի հետեւանք ունենալ: Եվ իրավամբ, դրանք 21-րդ դարի չարիքն են համարվում: Այս խնդիրն անցնում է նեղ անձնական սահմանները ու իր բացասական ազդեցությունն է սփռում ընտանիքի եւ հասարակության վրա: Ուստի այս հիվանդության առկայության դեպքում օգնության կարիք ունեն ոչ միայն իրենք՝ կախվածություն ունեցողները, այլ նաեւ նրանց ընտանիքի անդամները:

– Գոյություն ունե՞ն անվնաս կախվածություններ:

– Եթե մարդն ունի որեւէ բանից կախվածություն, ապա չի կարող արտահայտել, կամ ինչու չէ՝ ցուցաբերել իր անձնական կամքը: Եվ դրա համար ես կոչ եմ անում՝ պայքարել ցանկացած կախվածության դեմ, եթե անգամ քաջ գիտակցում ես, որ այդ ճանապարհը երկարատեւ է, եւ ոչ դյուրին: Դա միակ ճանապարհն է ազատության եւ իրական երջանկության ձեռքբերման՝ որտեղ լինում ես հոգեպես եւ ֆիզիկապես ներդաշնակ, դառնում ինքնավստահ, երջանիկ եւ գիտես, որ ամեն ինչ կարող ես ասել:

– Կախվածություն ունեցող անձը գիտակցո՞ւմ է, որ ունի այդ հիվանդությունը:

– Իհարկե, գիտակցում է, որ դա հիվանդություն է, բայց այն թույլ չի տալիս հիվանդին խոստովանել: Սովորաբար կախվածություն ունեցող մարդը ժխտում է իր կախվածությունը կամ մասնակի է այն ընդունում: Նա, ով թակարդն է ընկնում, էլ չի կարողանում իր կյանքը կառավարել: Եվ եթե օգնության ձեռք չմեկնենք, ապա այն սպառնում է ոչ միայն նրան, այլ նաեւ ընտանիքի անդամներին: Նրանք էլ իրենց հերթին դառնում են փոխկախյալներ: Եվ ի վերջո սա հիվանդություն է, որը մարդուն չի թողնում սթափ ապրել: Այն օրեցօր սաստկանում է եւ երբեք չի թուլանում: Դա նույնն է, որ հիվանդ մարդուն ասես. «մի՛ հազա»: Այստեղ միակ բուժումը մասնագիտական աջակցությունն է:

– Դուք ասում եք փոխկախյալներ, ովքեր են համարվում փոխկախյալներ:

– Յուրաքանչյուր ընտանիքում, եթե կա մեկը, որն ունի կախվածություն որեւէ բանից, ակամայից նրա ընտանիքի անդամները հիվանդանում են հիվանդությամբ, որը կոչվում է փոխկախվածություն: Կախվածությունները՝ հատկապես թմրամոլությունը, հարբեցողությունը, խաղամոլությունը, դա մեկ մարդու հիվանդություն չէ, դա ողջ ընտանիքի հիվանդություն է: Փոխկախյալները ուշադրությունը կենտրոնացնում են ընտանիքի այն անդամի վրա, որը ունի կախվածություն՝ մոռանալով իրենց մասին: Նրանք ունենում են հիվանդագին ցանկություն փրկել հարազատին՝ երեխային, ամուսնուն, եղբորը, հորը եւ մոռանում են սեփական պահանջմունքների մասին: Փոխկախյալներ են համարվում նաեւ այն երեխաները, որոնք մեծացել են այն ընտանիքներում, որտեղ կա ֆիզիկական եւ հոգեբանական բռնություն:

– Ծնողների վեճերը, ընտանեկան ծանր մթնոլորտը, ծնողների վատ հարաբերությունները կարո՞ղ են հանդիսանալ երեխայի մոտ սթրեսի պատճառ:

– Այո, իհարկե, հետեւանքները կարող են ադառնալի լինել: Երեխայի ներկայությամբ ծնողների վեճերը երեխայի մեջ վախ եւ անվստահություն են ձեւավորում: Նման երեխաներն ավելի զգայուն են՝ ինքնամփոփ, ագրեսիվ, ունեն ոչ լիարժեքության բարդություններ: Ծնողների վեճի մեջ երեխան իրեն է մեղադրում: Առաջանում են վախ, տագնապ, կպչուն մտքեր, խոսքային խանգարումներ, անգամ կակազում: Երեխան ակամայից դառնում է ընտանեկան քաոսի կրողը: Այս դեպքում հոգեբանը գլխավոր դերակատարն է: Այս կախվածությունը բուժելի հիվանդություն է: Ընտանեկան կոնֆլիկտները եւ անընդմեջ անհիմն վեճերը ազդում են երեխայի անհատականության ձեւավորմանը: Իսկ երբ երեխան մեծանում է, ծնողները զարմանում են, թե ինչո՞ւ են իրենց տղաները կամ աղջիկները բարդույթավորված:

– Ես գիտեմ, որ Ձեր օգնությանն են դիմում նաեւ զույգեր, որոնք ունեն ներընտանեկան խնդիրներ:

– Այո, իհարկե, կատարվում է զույգերի հոգեթերապիա: Նրանք հոգեբանի օգնությամբ՝ հոգեբանի սենյակում փորձում են լսել միմյանց, եւ հասկանալ կոնֆլիկտի բնույթը, որովհետեւ տանը վեճի ժամանակ չեն հանդուրժում միմյանց, անկախ նրանից՝ կշարունակեն ապրել միասին, թե ոչ: Եթե նրանք դիմում են հոգեբանին, ուրեմն ուզում են փրկել իրենց հարաբերությունները: Իսկ երեխաները պետք է ապրեն առողջ ընտանիքներում՝ անկախ նրանց ծնողները ինչ որոշում են կայացրել: Ընտանեկան վեճերը առավել վտանգավոր են եւ ճակատագրական:

– Այսօր դատարաններում աճել են ընտանեկան վեճերով քաղհայց-պահանջները, քրեական գործերը, Ձեր դիտարկմամբ` կայո՞ւն է այսօրվա ընտանիքը:

– 20 տարվա մեջ 2 անգամ ավելացել են բաժանումները: Բաժանման պատճառներ են հանդիսացել՝ չմտածված ամուսնությունները, հաշվարկով ամուսնությունները, սեռական անհամատեղելիությունը, ամուսնական դավաճանությունները, նաեւ ինչու չէ, բնավորությունների անհամատեղությունը, հոգեբանական եւ պրակտիկ ոչ պատրաստվածությունը ամուսնական կյանքին, թմրամոլությունը, հարբեցողությունը, բայց սա միշտ է եղել: Ամուսնալուծությունը շատացել է, որովհետեւ ժամանակակից մարդը իր բնույթով էլ չի հանդուրժում մեկ այլ ուրիշի ներկայությունը երկար իր կողքին: Վերացել է արժեհամակարգը:

Աղջիկներն այսօր աշխատում են իրենց անհատականության կայացման վրա: Տղաները վախենում են մոտենալ այդ ծանրաձողին: Այն ընտանիքներում, որտեղ դեռեւս պահպանված են պահպանողականությունը, հարգանքը, հանդուրժողականությունը, սերը, ընտանիքները հաղթահարում են բոլոր տեսակի ընտանեկան ճգնաժամերը: Մարդու մեջ այնքան է բարձրացել էգոիզմը, որ բացի իրենից, էլ ոչ մեկին երկար չի հանդուրժում: Մենք հիմա գտնվում ենք էգոիզմի էվոլյուցիայում, որն էլ կործանում է մեր ընտանիքները: Բաժանումները ունեն նաեւ սոցիալական ուղղվածություն:

«Առավոտ» օրաթերթ
11.02.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829