Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանությունը բարդ ու իր համար բավական վտանգավոր գործ է նախաձեռնել»

Փետրվար 12,2020 14:30

«Իշխանությունն այսօր չունի այն վարկանիշն, ինչ ուներ։Նրանց համար սա լուրջ փորձություն է լինելու։ Նոր իրավիճակ է։ Այս նոր եւ շատ ավելի բարդ իրավիճակում իշխանությունները պետք է կարողանան կազմակերպել եւ իրականացնել հանրաքվե, որի արդյունքները չեն վիճարկվի, որի ընթացքը կլինի ազատ ու թափանցիկ։ Սա պարտադիր է։ Այլ կերպ չպետք է լինի։ Այս դեպքում մենք կգերազանցենք 2018 թվականի գրանցած հաջողությունը եւ կապացուցենք մեզ եւ աշխարհին, որ անդառնալիորեն կտրվել ենք մեր արատավոր անցյալից». «Առավոտի» զրուցակիցն է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը:

– Երկարատեւ դեգերումներից հետո իշխանությունը վերջապես գտավ իր հայտարարած ՍԴ ճգնաժամը լուծելու տարբերակը. քաղաքական որոշում ընդունվեց` ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի եւ ՍԴ «հին» անդամների հարցը լուծել հանրաքվեով: Ինչպե՞ս եք վերաբերվում այս զարգացումներին, մանավանդ, որ բազմաթիվ դիտարկումներ եղան այն մասին, որ իշխանությունը նույնիսկ օրենքներն է պատրաստ ոտնատակ տալ`հանուն իր ցանկալի արդարադատության: Խոսքը միջանկյալ լուծման մասին է`ՍԴ-ին եւ նախագահին շրջանցելու եւ ԱԺ-ով սահմանադրական բարեփոխումներ ընդունելու նախագծի, ինչը, ի վերջո, ետ կանչվեց:

– Իշխանությունները ստիպված են գնալ այս քայլերին։ Չեն կարող իշխանության տարբեր ճյուղեր իրար հավասարակշռելու եւ համահունչ աշխատելու փոխարեն հակադրվել իրար, այնպես, որ այդ հակադրությունը լարվածության կամ թշնամանքի վերածվի։ Այսպես շարունակվել չէր կարող։ Մեր երկիրը երբեք չի ունեցել իրական Սահմանադրական դատարան։ Այն միշտ էլ եղել է օրվա իշխանության կցորդը եւ օրվա իշխանավորի հավատարիմ կամակատարը։ Աչք փակել այս իրողության վրա եւ ասել, թե սա Սահմանադրական դատարան է, թող մնան ու աշխատեն՝ սխալ է։ Իշխանության ճյուղերը պետք է համապատասխանեն իրենց բովանդակությանը, հավասարակշռեն իրար եւ աշխատեն ի շահ երկրի։Ասվածը կարելի է տարածել ողջ դատական համակարգի վրա, որը տարիներ շարունակ արդարադատությանը ծառայելու փոխարեն միշտ էլ որպես պատվերների սպասող, պատվերներ ստացող ու պատվերներ կատարող է եղել։ Շատ խնդիրներ, դրանց թվում եւ դատական իշխանության խնդիրը, եւ ՍԴ խնդիրը հեշտ ու համեմատաբար անցավ կարող էին լուծվել սահմանադրական համապարփակ փոփոխությունների շրջանակներում, որոնք պետք է սկսվեին 1-1.5 տարի առաջ։ Այն ժամանակ սկսված գործն այսօր արդեն ավարտված կլիներ եւ հանրաքվեի դրվելով իր անցավ ու անաղմուկ լուծումը կստանար, եւ չէր լինի այս լարվածությունը։ Բայց այսօր ունենք այն, ինչ ունենք։

– Հարցը հանրաքվեի դնելով արդյո՞ք իշխանությունը ցանկանում է պատասխանատվությունը դնել ժողովրդի վրա, ինչպես երկու տարի առաջ, հոկտեմբերի 2-ի հայտնի իրադարձությունը`ԱԺ-ն շրջափակելը, դատարանների ելքերն ու մուտքերը շրջափակելը եւ այլն: Համենայնդեպս, խորհրդարանական ընդդիմադիրները նույնպես նման մտահոգություններ ունեին:

– Դատարանները շրջափակելը սխալ քայլ էր։ Այն չի մոռացվելու, անընդհատ ուղեկցելու է այս իշխանություններին եւ մշտապես օգտագործվելու է նրանց դեմ իրականացվող քարոզչության մեջ։ Բայց առաջարկվող հանրաքվեի ու այդ շրջափակման միջեւ զուգահեռներ տանելը տեղին չի։ Սրանք բոլորովին տարբեր երեւույթներ են։ Հանրաքվեն համաժողովրդական քվեարկություն է, իսկ շրջափակումը կարճաժամկետ ու անհաջող միջոցառում էր։ Որեւէ լուրջ խնդրով ժողովրդին դիմելու, հանրաքվեի միջոցով ժողովրդի կարծիքն իմանալու եւ այդ կարծիքով առաջնորդվելու նպատակը քննադատելի լինել չի կարող։

– Հարցի քննարկումներում, խորհրդարանի դահլիճում, իշխանական պատգամավորների կողմից նաեւ տեսակետեր հնչեցին, որ հեղափոխական իրավիճակները նաեւ հեղափոխական որոշումներ ու քայլեր են պահանջում`հակադարձելով օրենքի տառին եւ ոգուն հավատարիմ մնալու հորդորներին: Ընդունելի՞ մոտեցում է:

– Հանրաքվեի կազմակերպումը չի կարող դիտարկվել որպես սահմանադրության կամ օրենքի խախտում։ Հանրաքվե նշանակում է երկրում իշխանության իրական տիրոջից՝ ժողովրդից կարծիք հարցնել եւ այդ կարծիքով առաջնորդվել։ Այն անօրինական լինել չի կարող։ Բայց սրանից չի հետեւում, որ հանրաքվեի անցկացման մասին որոշման ընդունման ընթացակարգը իրավաբանները չեն կարող վիճարկել։ Կարող են։ Հատկապես, եթե հաշվի առնենք, որ իրավաբանները սիրում են վիճել, տարաբնույթ օրենքներ վկայակոչելով հակասություններ պեղել ու մատնացույց անել։ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամը պետք է լուծվեր, այն անընդհատ ձգվել չէր կարող։ Լուծման բանալին պետք է տար Ազգային ժողովը, ինչն էլ արվել է։ Իհարկե, ցանկացած հարց պետք է լուծվի օրենքի եւ օրինականության սահմաններում։ Որեւէ լավ գործ չի կարող իր նպատակին ծառայել, թե այն անօրեն ճանապարհով է կյանքի կոչվել։ Պատգամավորների՝ շատ դեպքերում զգացմունքային ելույթներին չեմ ցանկանում անդրադառնալ։ Ինքս, հետեւելով մասնագետների քննարկումներին ու բանավեճերին, եզրակացրել եմ, որ օրենքի հետ բախում չկա։

Ի վերջո, եթե խնդիրը անկախ ՍԴ ունենալն է, ապա այժմ ՀՀ ՍԴ-ն ամենաանկախն է, ինչը երբեւէ չենք ունեցել: Հետեւաբար, ո՞րն է խնդիրը. ՍԴ-ում իշխանության վերահսկողություն հաստատե՞լը, թե՞ տրամաբանական եք համարում այն թեզը, որ ՍԴ-ն գտնվում է նախկինների վերահսկողության տիրույթում:

– Խնդիրն առաջին հերթին Սահմանադրական դատարան ունենալն է։ Մի այնպիսի դատարան, որը վստահություն կներշնչի։ Կծառայի իր բուն էությանը։ Վստահելի դատարան ունենալ, սա է խնդիրը։ Այն կարգավիճակը, որն այսօր ունի գործող սահմանադրական դատարանը անկախ համարել չի կարելի։ Այս դատարանը խիստ կաշկանդված դատարան է։ Կաշկանդված է իր քաղաքականացվածությամբ։ Կաշկանդված է իշխանությանը ընդդիմադիր լինելով։ Կաշկանդված է իր պատմությամբ։ Ընտրություններից ընտրություն իշխանության հրահանգով դակած վճիռներով։ Կաշկանդված է տարիներ շարունակ կախյալ լինելով։ Ճիշտ այնպես, ինչպես մեր երկրի մյուս դատարաններն ու դատավորներն են կաշկանդված իրենց կենսագրությամբ, արդարադատության դեմ կատարած իրենց քայլերով։ Նրանց անցյալը, նրանց կենսագրությունը նրանց կաշկանդում է։ Նրանք իրենց անցյալի ծնունդն են եւ նրանց այսօրվա գործողություններն ու դիրքորոշումները իրենց անցյալով են պայմանավորված։ Սխալ է իշխանության հետ առկա հակամարտությունը կամ լարվածությունը որպես անկախության դրսեւորում դիտարկել։

– Սահմանադրության 207-րդ հոդվածի համաձայն, հանրաքվեի դրված ակտն ընդունվում է, եթե դրան կողմ է քվեարկել հանրաքվեի մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան հանրաքվեներին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների մեկ քառորդը: Ըստ որոշ վերլուծությունների, ՀՀ-ում, վերջին տվյալներով, քվեարկելու իրավունք ունի 2 մլն 574 հազար 916 մարդ, որի մեկ քառորդը կազմում է 643 հազար 729 ձայն։ Այսինքն, որպեսզի հանրաքվեն ավարտվի ցանկալի ելքով, իշխանություններին հարկավոր է ստանալ մոտ 650 հազար ձայն։ 2018 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, երբ հեղափոխական էյֆորիան մեծ էր, իշխանությունը հավաքել է 884 հազար 849 ձայն։ Հիմա, երբ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը նկատելիորեն ընկել է, իշխանությունը կկարողանա՞ ստանալ իր համար ցանկալի արդյունք: Համամի՞տ եք, որ այս հանրաքվեն կլինի առավելապես Նիկոլ Փաշինյանի վստահության հանրաքվե:

– Իշխանությունը բարդ ու իր համար բավական վտանգավոր գործ է նախաձեռնել։ Այս թվաբանությունը, բնական է, նաեւ նրանց է հայտնի։ Նրանց նաեւ պետք է հայտնի լինի, թե ինչ որակի եւ ինչ ծավալի հակաքարոզչության են հանդիպելու։ Բայց եթե հանձն են առել այս դժվար գործը, ուրեմն, պետք է ավարտին հասցնեն։ Այս հանրաքվեն, եթե տեղի ունենա, ըստ էության, մեր երկրի համար մի նոր ու կարեւոր քննություն է դառնալու, որը պետք է գերազանց հանձնվի։ Մենք 2018-ի դեկտեմբերին ունեցել ենք լավ ընտրություններ։ Բայց չպետք է մոռանալ, որ դրանք տեղի ունեցան հեղափոխական ալիքի վրա։ Այսօր չկա այդ ալիքը, չկա այն ժամանակվա զգացմունքային վիճակը։ Մարդիկ հասցրել են հանդարտվել։ Կան դժգոհություններ իշխանություններից։ Իշխանությունն այսօր չունի այն վարկանիշն, ինչ ուներ։Նրանց համար սա լուրջ փորձություն է լինելու։ Նոր իրավիճակ է։ Այս նոր եւ շատ ավելի բարդ իրավիճակում իշխանությունները պետք է կարողանան կազմակերպել եւ իրականացնել հանրաքվե, որի արդյունքները չեն վիճարկվի, որի ընթացքը կլինի ազատ ու թափանցիկ։ Սա պարտադիր է։ Այլ կերպ չպետք է լինի։ Այս դեպքում մենք կգերազանցենք 2018 թվականի գրանցած հաջողությունը եւ կապացուցենք մեզ եւ աշխարհին, որ անդառնալիորեն կտրվել ենք մեր արատավոր անցյալից։

Զրույցը`

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
11.02.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Քաղաքացի says:

    Կարգին մարդու, կարգին մեկնաբանություն։

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829