Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը ցուցաբերում է անհրաժեշտ քաղաքական կամք՝ միտված ժողովրդավարության զարգացմանը. ԵՄ զեկույց

Փետրվար 11,2020 21:50

Փետրվարի 10-ին հրապարակվել է «Արտոնությունների ընդհանրացված համակարգից» (ԱԸՀ (GSP+)) օգտվող երկրների 2018-2019թթ. կատարողականի մասին Եվրոպական միության զեկույցը:

Զեկույցի Հայաստանին վերաբերող հատվածում ասվում է, որ 2018թ.թավշյա հեղափոխությունից և ժողովրդավարական փոփոխություններից հետո Հայաստանը ստանձնել է մարդու իրավունքները հարգելու և լավ կառավարելու պատրաստակամություն, սկսել է օրենսդիր և անհրաժեշտ այլ քայլեր ձեռնարկել՝ այդ պարտավորությունները կյանքի կոչելու համար: Չնայած համակարգի փոփոխությունը ժամանակ է պահանջում, Հայաստանն այժմ գտնվում է անցումային շրջանում, բայց ցուցաբերում է անհրաժեշտ քաղաքական կամք՝ միտված ժողովրդավարության զարգացմանը: Նոր իշխանությունների համար առաջնահերթ են այն ոլորտները, որտեղ Եվրամիությունն ավանդաբար կողմնակից է փոփոխությունների:

2018-2019թթ. հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում մշտադիտարկման է ենթարկվել մի քանի առաջնային ոլորտ՝ դատական և քրեական նոր օրենսգրքերի ընդունում, հակակոռուպցիոն միջոցառումների ձեռնարկում, հավասարություն ապահովելու մասին օրինագծի ընդունում և այլն:

Զեկույցի համաձայն՝ Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո դրական տեղաշարժ կա հավաքների ազատության ոլորտում: Առաջընթաց է գրանցվել նաև ընտանեկան բռնության մասին օրենսդրությունում և դրա կիրառման մեջ, բարելավվել է նաև գենդերային հավասարության օրենսդրությունը: Այնուամենայնիվ, ձգձգվում է քրեական նոր օրենսգրքի և հակախտրականության մասին օրենքի ընդունումը: Հավասարության ապահովման մասին օրենքի նախագիծը հրապարակվել է 2018թ. մարտին, նոր կառավարությունը քննարկումներ է սկսել այս հարցով և նախատեսում է նախագծի վերջնական տարբերակը մշակել 2020թ. սկզբին: Զեկույցը փաստում է, որ ատելության խոսքը և ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների նկատմամբ ոտնձգությունները մարտահրավեր են ժողովրդավարական փոփոխություններից հետո ստեղծված մթնոլորտի համար: Միևնույն ժամանակ նշվում է, որ Հայաստանի իշխանությունները դատական համակարգի անկախությունը և հաշվետվողականությունը հռչակել են քաղաքական թիվ մեկ առաջնահերթություն, բայց, այնուամենայնիվ, որոշ խնդիրներ դեռ կան:

Ինչ վերաբերում է աշխատանքային օրենսգրքին, ապա մշտադիտարկման ընթացքում սահմանափակ առաջընթաց է գրանցվել, բայց կառավարությունն աշխատանքներ է տանում մի շարք առանցքային հարցեր լուծելու համար:

Զեկույցի համաձայն՝ Հայաստանի նոր իշխանությունների գլխավոր առաջնահերթություններից է կոռուպցիայի դեմ պայքարը, ինչի նպատակով էլ ընդունվել է հակակոռուպցիոն ռազմավարություն 2019-2021թթ. համար: Հայաստանը նաև առաջընթաց է գրանցել փողերի լվացման դեմ պայքարի իրավական հիմքերն ամրապնդելու ոլորտում:

Ինչ վերաբում է Հայաստանի և Եվրամիության միջև առևտրին, զեկույցը փաստում է, որ 2018թ. Հայաստանի առևտրի ընդհանուր ծավալի 25 տոկոսը բաժին է ընկնում ԵՄ-ին: Այսպիսով, ԵՄ-ն Հայաստանի երկրորդ առևտրային գործընկերն է Ռուսաստանից հետո: 2005թ. հուլիսից ի վեր ԵՄ «Արտոնությունների ընդհանրացված համակարգ» (GSP) ռեժիմի շրջանակում Հայաստանը օգտվում է ԵՄ «GSP» Կանոնակարգի կայուն զարգացման և լավ պետական կառավարման հատուկ խրախուսական դրույթներից` այսպես կոչված «Արտոնությունների ընդհանրացված համալրված համակարգ» (GSP+) ռեժիմից: «GSP+» ռեժիմը հնարավորություն է տալիս հայ արտահանողներին արտոնյալ պայմաններով մուտք գործել ԵՄ շուկա՝ ապահովելով շուրջ 6400 ապրանքատեսակների արտահանումը դեպի ԵՄ շուկաներ զրոյական մաքսատուրքերով: 2018թ. տվյալներով՝ «GSP+» ռեժիմի միջոցով Հայաստանի արտահանումը ԵՄ կազմել է 373 միլիոն եվրո՝ գրանցելով 4.7 տոկոս աճ 2017թ. համեմատ։ ԵՄ-ն Հայաստան է արտահանել 863 միլիոն եվրոյի ապրանք:

Զեկույցին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829