Լրահոս
Օրվա լրահոսը

Որոշումն ուղղված է ծառայությունների ինտեգրմանը, որից կշահի պացիենտը

Փետրվար 11,2020 22:15

Վերջին օրերին «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի» և «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի» միավորման շուրջ  որոշակի մտահոգություններ են առաջացել հանրության շրջանում։

Առողջապահության նախարարության այս որոշումն ուղղված է ծառայությունների ինտեգրմանը և պացիենտների համար որակի ու հասանելիություն ապահովմանը։

Միջազգային փորձը ցույց է տալիս, որ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց շրջանում մահացության հիմնական պատճառներն են ՁԻԱՀ-ի փուլում առաջացող օպորտունիստական հիվանդությունները` մեծամասամբ ինֆեկցիոն բնույթի (տուբերկուլոզ, ծանր բակտերիալ ինֆեկցիաներ, կրիպտոկոկային մենինգիտ, տոքսոպլազմոզ, պնևմոցիստային թոքաբորբ, հեպատիտ Ց), ինչպես նաև չարորակ նորագոյացությունները:

ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց ուղեկցող այլ վարակների կառավարումը բարդ և դժվարին իրավիճակ է ստեղծում հիվանդների բուժման և խնամքի ողջ շղթայում ներգրավված կլինիկաների համար:

Արդյունավետ կառավարումը պահանջում է ինտեգրված բուժման մոտեցումներ, հաշվի առնելով հակառետրովիրուսային (ՀՌՎ) դեղամիջոցների կողմնակի ազդեցությունները, այլ դեղերի հետ հնարավոր փոխազդեցությունները և այլ հնարավոր բարդությունները: Վերը նշված ինտեգրված բուժման մոտեցումները և ռեսուրսների կենտրոնացումը կնպաստի հիվանդության ավելի արդյունավետ կառավարմանը:

Հիմնավոր ապացույցներ ստանալու համար կատարվել է բժշկական գրականության ուսումնասիրություն ՄԻԱՎ-ի հետ կապված հետևյալ խնդիրների շուրջ՝ հիվանդանոց ընդունելության/դուրս գրման չափանիշները և կարգը, ՀՌՎ բուժման իրականացումը հիվանդանոցային պայմաններում, լաբորատոր մոնիտորինգ, լյարդային և երիկամային ֆունկցիայի փոփոխությունների և դեղերի փոխազդեցությունների մշտադիտարկումներ և կառավարում: Նշված գործառույթները պահանջում են համապատասխան հիվանդանոցային հագեցվածություն՝ թե՛ պահանջվող բուժսարքավորումների, թե՛ մուլտիդիսցիպլինար բուժանձնակազմի առումով։

ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց շրջանում տարածված են ուղեկցող այլ վարակները և առողջական կարգավիճակները, ուստի հիվանդության պատշաճ վարման ընթացակարգերը պետք է վերանայվեն դիսպանսեր հսկողության մեջ ընդգրկելու, բուժման և շարունակական խնամքի բոլոր փուլերում: ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հիվանդանոցային բուժման կազմակերպումը պետք է իրականացվի մշակված ընթացակարգերի համաձայն՝ ամբուլատոր պատասխանատու բժշկի հետ համագործակցության ներքո, հաշվի առնելով պացիենտի հիվանդության պատմությունը, դեղորայքային ռեժիմները, լաբորատոր և գործիքային հետազոտությունների արդյունքները:

ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ միացյալ ծրագրի տվյալների համաձայն` միջազգային փորձը նույնպես վկայում է, որ ինտեգրված կառավարումն ավելի արդյունավետ է և նպաստում է պացիենտներին մեկուսացումից դուրս բերելուն, ինչպես նաև խարանի ու խտրականության նվազեցմանը:

Տարածաշրջանային երկրները նույնպես հրաժարվել են «առանձին» ՁԻԱՀ-ի կենտրոն ունենալուց, և ինտեգրել են ծառայությունները ինֆեկցիոն հիվանդությունների կառավարման ոլորտին:

Դեռ 2019-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) առաքելության կողմից Հայաստանում իրականացված գնահատման արդյունքներով՝ առաջարկվել է ապակենտրոնացնել ՄԻԱՎ ախտորոշման ծառայությունը։ Իսկ 2018թ. Աստանայի հռչակագրի համաձայն՝ առողջության առաջնային պահպանման օղակի հզորացումը տուբերկուլոզ, ՄԻԱՎ և հեպատիտ Ց հիվանդությունների և համավարակների համատեղ կառավարման առումով կնպաստի ՄԻԱՎ-ի դեմ պայքարի ուժեղացմանը, ինչպես նաև պացիենտակենտրոն մոտեցմանը:

Այն ենթադրում է պացիենտի առավել համապարփակ խնամք, բուժման հետևողականության բարձրացում, մասնավորապես` բազմակի մասնագիտական միջամտությունների կարիքի դեպքում, պացիենտների կողմից բուժման ընդհատման վտանգի նվազեցում, ավելի ծախսարդյունավետ այցելություններ բուժհաստատություն և «սպասման ժամանակի» կրճատում:

Մինչ այս կենտրոնը մատուցում էր ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ախտորոշման և բուժման միայն ամբուլատոր ծառայություններ, չէր աշխատում շուրջօրյա և հանգստյան օրերին, ինչը խոչընդոտ էր հասարակական կազմակերպությունների կողմից ուղղորդված դեպքերի ժամանակին հետազոտելու և հսկողության տակ վերցնելու համար: Ավելին, ուղեկցող ինֆեկցիոն հիվանդությունների գերակշիռ մասի դեպքում անհրաժեշտություն է առաջանում հիվանդի բուժումը կազմակերպել ստացիոնար պայմաններում` հիվանդանոցում, ինչը պահանջում է երկու կազմակերպությունների մասնագետների համատեղ աշխատանք:

Կենտրոնի միացումը հիվանդանոցին դրականորեն կանդրադառնա պացիենտների բուժման կազմակերպման գործընթացի վրա, ինչպես նաև կնպաստի կենտրոնի տեխնիկական հնարավորություններն օգտագործել նաև մի շարք այլ, հաճախ նաև` ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին ուղեկցող վարակիչ հիվանդությունների ախտորոշման և բուժման գործընթացներում:

Հարկ է նշել, որ կենտրոնում պետպատվերի շրջանակներում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց համար նախատեսված ախտորոշիչ և բուժական ծառայությունները կշարունակեն տրամադրվել հիվանդանոցում նույն ծավալով՝ բոլոր հաշվառված հիվանդներին:

ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց և ՁԻԱՀ-ով պացիենտների նկատմամբ մեր հասարակությունում առայժմ առկա է խտրական վերաբերմունք, որին որոշակիորեն նպաստում է ախտորոշումն ու բուժումն առանձին հաստատությունում կազմակերպելը։ Պետք է մեկ անգամ ևս փաստել, որ կենտրոնի և հիվանդանոցի միավորումը կնպաստի մեր երկրում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ խարանի և խտրականության նվազեցմանը:

Հաշվի առնելով արձանագրված բոլորը փաստերը՝ կոչ ենք անում չխոչընդոտել լիազոր մարմնին իրականացնել իրեն վերապահված գործառույթները և չխաթարել բարեփոխումների ընթացքը։

ՀՀ Առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829