Լրահոս
Օրվա լրահոսը

«Հետամնացություն է առանց հիմնավոր ապացույցներ ունենալու՝ էլեկտրոնային ծխախոտը դասել այլ ծխախոտի տեսակների շարքին». Մամիկոն Խուրշուդյան

Փետրվար 11,2020 19:55

«Օրենքն ունի բացթողումներ եւ պետք է այն վերանայել: Մենք ընդունում ենք օրենք՝ առանց օրենքի բացերն ուսումնասիրելու»,-անդրադառնալով «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքի նախագծին, այսօր «Հենարան» ակումբում ասաց «Եռամիասնություն հանուն զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ, իրավաբան Մամիկոն Խուրշուդյանը:

Պարոն Խուրշուդյանը կարեւորում է նախագիծը, սակայն գտնում է, որ այս տեսքով ընդունվելու դեպքում բացասական հետեւանքներ կլինեն: Նա անընդունելի է համարում, որ  այլընտրանքային արտադրատեսակները՝ մասնավորապես՝ էլեկտրոնային սիգարետը հավասարեցվում է ծխախոտին: Ասում է՝ «Օրինագիծը տեղին է, արդիական: Ամեն տարի պետք է մեխանիզմներ գտնեն, որպեսզի ծխելն արգելեն: Բայց ի՞նչ է նշանակում արգելել բոլոր տեսակի ծխախոտները եւ ի՞նչ մոտեցում է՝ ամեն ինչը դնել մի գծի վրա եւ այդ գիծն առաջ տանել»:
Մամիկոն Խուրշուդյանի խոսքով, էլեկտրոնային ծխախոտն առաջադեմ քայլ է,  նորարարություն է եւ ամբողջ աշխարհը գրավում է, եւ որեւէ ապացույց, գիտական հիմնավորում չկա, որ այն վտանգավոր է առողջության համար:

Ըստ նրա, Եվրոպական մի շարք երկրներում էլեկտրոնային ծխախոտ ներմուծող ընկերությունները, նույնիսկ, պետության կողմից արտոնություններ են ստանում՝ որպեսզի տեսնեն դրա օգտակարությունը, արդյունավետությունը. «Իսկ մեր երկրում հակառակը՝ անմիջապես արմատախիլ ենք անում, ուղարկում ենք գրողի ծոցը՝ առանց հասկանալու, որ եթե, օրինակ՝ մեր բնակչության՝ տղամարդկանց 60 տոկոսը ծխող է, սա կարող է լուրջ խնդիրներ առաջացնել»:

Մամիկոն Խուրշուդյանի համոզմամբ, հետամնացություն է առանց դրա վտանգավորության վերաբերյալ հիմնավոր ապացույցներ ունենալու էլեկտրոնային ծխախոտը մտցնել այլ ծխախոտի տեսակների մեջ. «Եթե ճապոնացին այսօր օգտագործում է էլեկտրոնային ծխախոտ, ուրեմն ինչ-որ բան գիտի, որ անում է: Էլեկտրոնային ծխախոտը մտել է ԱՄՆ շուկա. իսկ մենք գիտենք՝ Միացյալ Նահանգների շուկայում այնպիսի խիստ չափանիշներ են գործում, որ ամեն արտադրանք չէ, որ կարող է մուտք գործել այդ շուկա»:

Aravot.am-ի հարցին՝ ի՞նչ դեր ունի շարքային քաղաքացին օրենքի կատարումն ապահովելու մասով, պարոն Խուրշուդյանն ի պատասխան ասաց, որ ինքը վստահ է, որ օրենքը չի ծառայելու հասարակությանը. «Իմ շրջապատում շատերից եմ լսել, որ իրենք ասում են՝ մեզ համար կապ չունի՝ կընդունեն թե չեն ընդունի, ես չեմ կարող հրաժարվել ծխելուց: Եվ սա, ամենացավալի ազդակն է: Ես վստահ եմ, որ դա չի կիրառվելու այնպես՝ ինչպես առողջապահության նախարարությունն է ուզում: Միտքն այն է, որ օրենքը պետք է նպատակին ծառայի, հասարակությանը ծառայի»:

Մանրամասները՝ տեսանյութում

Պարոն Խուրշուդյանը գտնում է, որ նախեւառաջ՝ պետք է չծխելու մշակույթ ձեւավորել մեր երկրում հետո միայն աստիճանաբար անցնել արգելքների:

«Մենք կարողացե՞լ ենք մինչ օրս դեռահասներին ասել՝ ծխելը վատ բան է, ինչ-որ մեկը կարողացե՞լ է այդ նախաձեռնողականությամբ հանդես գալ: Առողջապահության նախարարությունը, բացի մեծ գովազդային պաստառներ տեղադրելուց կարողացե՞լ է դպրոցներում աշխատանքներ կատարել՝ ասելով որ ծխելը վնասակար է առողջությանը»,-ասաց ՀԿ ղեկավարը՝ հավելելով՝ «Թող այնպիսի տպավորություն չստեղծվի, որ դեմ ենք ծխելու արգելքին, բայց, եթե հնարավորություն է ստեղծված, որ էլեկտրական ծխախոտների միջոցով նվազում է ծխելու հավանականությունը կամ ցանկությունը մարդու մոտ, ինչո՞ւ ենք մենք այդ հնարավորությունից զրկում այն մարդուն, որի համար անհնարին է ծխելը թողնելը: Հոգեկան առումով էլ մարդուն սթրեսի ենք ենթարկում»:

Հոգեբան-սեքսապաթոլոգ Մարատ Զաքարյանը նույնպես չի կարող հստակ ասել՝ էլեկտրոնային ծխախոտը վնասակա՞ր է առողջությանը թե՝ ոչ, սակայն այն հանգամանքը, որ մարդը հոգեբանորեն էլ կարող է կախվածության մեջ ընկնել այդ այլընտրանքային ծխախոտից եւ ռեֆլեկտոր են, ուղեղի թելանդրանքով ցանկանալ այդ ծուխը անընդհատ շնչել, արդեն կարող է վտանգավոր լինել. «Իհարկե ծխախոտի, նրանում առկա թույների հետ համեմատած՝ էլեկտրոնային ծխախոտն անվտանգ է, բայց ոչ այն աստիճանի: Բայց ավելի լավ կլինի ընդհանրապես չծխել: Հատկապես, եթե  խոսքը վերաբերում է աղջիկներին, որոնք վերարտադրողական տարիքում են, պատրաստվում են հղիանալ, երեխաներ ունենալ: Նիկոտինը եւ թունավոր նյութերը, որոնք առկա են ծխախոտում կարող են ազդել պտղի վրա»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829