ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստին Մարտի 1-ի գործով տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը հայտարարեց՝ Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդությունը ժամանակավրեպ է և պետք է թողնվի առանց քննության։
Սեդա Սաֆարյանը դատարանի դահլիճում հայտարարեց. «Երբ պաթետիկ հնչում է՝ արդյոք արտակարգ դրություն մտցնելու ռեժիմը նախագահին չէր պատկանում, հակառակն ասեմ՝ դա ոչ թե արտակարգ, այլ ռազմական դրություն է եղել: Արտակարգ դրության ռեժիմում ի՞նչն էր ստիպում Ռոբերտ Քոչարյանին մտցնել ԶԼՄ գործունեությունը դադարեցնելու դրույթ: Դա արտակարգ ռեժիմի՞ն էր վերաբերում, թե ռազմական ռեժիմին»:
Սեդա Սաֆարյանը դատարանի դահլիճում նաև հարցրեց՝ որպես պետության ղեկավար ինչպե՞ս է Ռոբերտ Քոչարյանը թույլ տվել, որ Գրիգոր Գրիգորյանը հրաման տա 70 աստիճանի վրա կրակել. «Եթե պետության գլուխը գտնում է՝ պետության դեմ հանցագործ արարք չի կատարվել, ապա ինչո՞ւ է առաջացել մարտի 1-ի ողբերգությունը»:
Սեդա Սաֆարյանը հայտարարեց՝ «Յոթի» գործը, որտեղ անձինք անհիմն մեղադրանքի եզրին են եղել, չպետք է համեմատվի սույն գործով ամբաստանյալների արած արարքների հետ:
Կարդացեք նաև
Մարտի 1-ի գործով տուժողի ներկայացուցիչ Արա Ղարագյոզյանը առարկեց ներկայացված միջնորդությանը՝ այն համարելով ժամանակավրեպ:
Նա ևս պնդեց, որ պարզապես անհամատեղելի է այս գործի և «Յոթի գործի» համեմատությունը, քանի որ փաստ է՝ այն եղել է քաղաքական հետապնդում և անձինք միայն իրենց քաղաքական հայացքների համար են հայտնվել մեղադրյալի աթոռին, իսկ այստեղ որոշակի արարքների կատարման մեղադրանքով:
Պատասխանելով Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների պնդումներին, թե Ռոբերտ Քոչարյանի լիազորություններից էր բխում արտակարգ դրություն մտցնելը, Արա Ղարագյոզյանը նշեց. «Չեմ կարծում, որ նախագահի լիազորությունների մեջ է մտնում բանակը ներքաշել քաղաքական գործողությունների մեջ, ԼՂ-ին և հատուկ ջոկատային զորքերին ներքաշել ներքաղաքական գործողությունների մեջ, առանց համարանիշի մեքենաներ բերել Երևան և գործողություններ կատարել»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ