Այսօր Գյումրու ավագանու նիստի ժամանակ քաղաքի գլխավոր ֆինանսիստ Լենա Ջիլավյանը, դիմելով ավագանու անդամներին, ասաց, որ իրենց են դիմել Գյումրու քույր քաղաքից՝ Սիանից ՝ խնդրելով բժշկական միջոցներ ուղարկել իրենց։ Ըստ ֆինանսիստի, այնտեղ շատ դժվար է ճարել դրանք, դեֆիցիտ է։
«Մենք կարող ենք մեզ թույլ տալ 2 միլիոնի ծախս անել բժշկական միջոցներ ձեռք բերելու, նաև ճանապարհածախս անել։ Իմիջայլոց ասեմ, մեր հանրապետությունում էլ շատ դժվարությամբ են դրանք ճարվել, խնդրել ենք տարբեր դեղատների, բժշկական կազմակերպությունների և կարող ենք ձեռք բերել մեկանգամյա օգտագործման խալաթներ, բախիլներ, բժշկական դիմակներ, ձեռնոցներ։ Մենք դիմեցինք երկար տարիներ դեղատներում աշխատած Հովհաննիսյան Ռազմիկին, որպեսզի օգնի ձեռք բերել այս միջոցները, ինքն իր կողմից 6000 դիմակ նվիրատվություն արեց»,- ասաց ֆինանսիստը։
Գյումրու քաղաքապետն էլ թվարկեց, որ 10 հազար հատ ձեռնոցներ են ձեռք բերվել, 20 հազար բախիլներ, 1000 խալաթներ և 14 հազար 230 հատ դիմակներ։ Ընդհանուր գումարը, քաղաքապետի ներկայացմամբ, 1 միլիոն 476 հազար դրամ է, սրան ավելացրած տրանսպորտային ծախսերը։ Քաղաքապետն ասաց, որ մարդասիրական օգնությունն արկղերով են ուղարկելու, որը կազմում է 320 կիլոգրամ։ Այն տեղ կհասնի 4-5 օրվա ընթացքում։
Կարդացեք նաև
Սամվել Բալասանյանը նաև ասաց՝ եթե ավագանին չհաստատի, ինքն անձամբ իր կողմից կուղարկի այդ օգնությունը։ Նա նշեց, որ երկու նամակ են ստացել Սիանից, գյումրեցիներից օգնություն են խնդրում։
Նա հիշեցրեց, թե ինչպես ամբողջ աշխարհն աջակցեց Հայաստանին 1988 թվականի երկրաշարժից հետո։
Քաղաքապետարանի սենյակներից մեկում արդեն իսկ փաթեթավորվել են օգնությունը։
Ի դեպ, Սամվել Բալասանյաննն ասաց, որ բախիլներ չեն ճարվում։
«Ընդամենը երկու օր առաջ ենք սկսել պրոցեսը, բախիլների եղածը մի բան չէ, բայց չկա․․․ Չկա, չկա, ինչ ասեմ, նույնիսկ դրա վրա են մարդիկ սկսել բիզնես անել», -ասաց քաղաքապետը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ