Աշխատանքային օրվա ավարտի պատճառով քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց: Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, քանի որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած՝ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործը կարճելու միջնորդության շուրջ քննարկումը ծավալուն փաստարկներ է պահանջում և հիմնավորումներ, ուստի դատավարության բոլոր մասնակիցներին լիարժեք հնարավորություն է պետք ընձեռել դատարանի կողմից լսված լինելու՝ իրենց իրավունքն իրացնելու համար: Հաջորդ դատական նիստը նշանակվեց փետրվարի 18-ին՝ ժամը 13-ին:
Մինչ այդ այն ժամանակ, երբ ելույթ էր ունենում Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը, նախագահող դատավորը սանկցիա կիրառեց «Մարտի 1»-ի գործով տուժողի ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանի նկատմամբ:
Արամ Օրբելյանը, երբ հիմնավորում էր իր կողմից ներկայացված միջնորդությունը, այդ ընթացքում Սեդա Սաֆարյանը ցանկացավ հայտարարություն անել, ասաց, թե նա անցնում է սահմանները: Արամ Օրբելյանն էլ նախագահող դատավորին հորդորեց համապատասխան գնահատական տալ այդ արարքին: Սեդա Սաֆարյանը հայտարարեց. «Բայց որ անցել է սահմանը, ի՞նչ ասեմ: Պետք չէ, որ այդ ողբերգությունն այստեղ վերածեն եսիմ ինչի»:
Աննա Դանիբեկյանը սա որակեց որպես անհարգալից վերաբերմունք պաշտպանի և դատարանի նկատմամբ և դատական սանկցիա կիրառեց Սեդա Սաֆարյանի նկատմամբ: Սեդա Սաֆարյանն էլ վրդովվեց, թե նախագահող դատավորը թույլ է տալիս, որ նույն բանը ներկայացնի պաշտպան Արամ Վարդևանյանը, հետո Հովհաննես Խուդոյանը, հետո Արամ Օրբելյանը հետո Հայկ Ալումյանը և այդպես շարունակ:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ