«Բազմաթիվ իրավաբաններ և փաստաբաններ նշում են, որ հանրաքվեի գնալը ընդհանրապես իրավական գործընթաց չէ, սա ուղղակի քաղաքական պրոցես է: Եթե քաղաքական գնահատականներ տանք, ապա այս ամենը կազմաքանդում է պետության հիմքերը, որպես ժողովրդական պետություն, այսինքն` մենք կորցնում ենք այն բոլոր ինստիտուտները, որոնք ապահովվում են մեր երկրի սահմանադրականությունը: Չեմ բացառում, որ հանրաքվե անցկացնելուց հետո մենք այլևս իրավունք չունենանք միջազգային հանրությանը ներկայանալ, որպես ժողովրդավար երկիր»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց «Ադեկվադ» միաբանության անդամ Լիլիթ Թումանյանը:
Ասուլիսի մյուս մասնակիցը՝ ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Կարինե Աճեմյանը նշեց, որ ՀՀԿ շտաբը ամենաառաջինն արձագանքեց տեղի ունեցող իրադարձություններին և գործադիր մարմնի նիստ հրավիրեց. «Մենք մեր մտահոգությունները հայտնեցինք, հետո հայտարարություն տարածեցինք, որում հստակ նշված են բոլոր մտահոգությունները և այն ամենը՝ ինչին հանգեցնելու է այս հանրաքվեն, որը հակաօրինական է և ոտնահարում է բոլոր օրենքները»:
«Արդյոք պատրա՞ստ ենք միջազգային կառույցներում զրկվել մեր ձայնից, պատրա՞ստ ենք կրել տնտեսական հետևանքները, որովհետև քաղաքականապես և իրավականորեն չճանաչված պետությունը աստիճանաբար կզրկվի բոլոր տեսակի անդամակցություններից և տնտեսական ներդրումներից:
Ի դեպ, հանրաքվե անցկացնելու համար նախատեսվել է ծախսել 7 միլիոն դոլար (3.5 միլիարդ դրամ), եկեք հաշվարկենք ի՞նչ կարելի էր գնել այդ գումարով և որքանո՞վ է դա առաջնահերթ: Այդ գումարով կարելի էր գնել, օրինակ ՝ 500 բնակարան Գյումրիում կամ մոտավորապես 14 միլիոն հատ փամփուշտ, հիմա մեզ համար կարևո՞ր է այդ հանրաքվեն, թե ոչ»,- ասաց Լիլիթ Թումանյանը:
ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Կարինե Աճեմյանի համոզմամբ՝ այս ամենի առանցքում միանշանակ Արցախի հարցն է. «Վստահաբար կարող եմ ասել՝ հարցեր կան, որ հետագայում սահմանադրական դատարանի վարչապետի ընտրած դատավորները պետք է այդ որոշումները դակեն, դրանք վերաբերվելու են կոնվենցիաներին, պայմանագրերին, որոնք պետության շահերից չեն բխում»:
Կարդացեք նաև
Նոնա ՂԱԶԱՐՅԱՆ