Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք է հիշեցնել՝ գործող իշխանությունները խոստացել էին ընտանիքների անապահովության գնահատման համակարգի արմատական վերանայում. Թադեւոս Ավետիսյան

Փետրվար 11,2020 18:22
byuje

Չիրականացվող սոցիալական խոստումների սպեկուլյացիան

Պարբերաբար անդրադառնում ենք սոցիալական պաշտպանության ոլորտում համակարգային բարեփոխումների հետաձգմանը, դրանց իրական պատճառներին ու հետևանքներին: Ներկայացրել ենք այս ոլորտի ապաշնորհ կառավարման մի շարք ձախողումներ: Իհարկե, այս ամենն արձանագրվում է գործող իշխանությունների չիրականացվող խոստումների ֆոնին:

Այս մեկն առանձնահատուկ է իր նոր՝ սպեկուլյատիվ բնույթով:

Խոսքը վերաբերում է «Սոցիալական աջակցության մասին» օրենքի փոփոխությունների նախագծին, որը կառավարության ներկայացմամբ՝ քննարկվեց Ազգային ժողովի փետրվարի 11-ի նիստում: Երկու-երեք տողանոց այս նախագծով ընդամենը առաջարկվում է սոցիալական աջակցության տրամադրման ոլորտում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, մարզպետարանների և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների պարզ վերաբաշխում: Նախագծի ընդունման դեպքում տեղական ինքնակառավարման մարմինները չեն իրականացնի կառավարության կողմից պատվիրակված սոցիալական ծառայությունները: Իսկ այդ լիազորությունները կփոխանցվեն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը:

Նախագիծն էլ ներկայացվեց այնպես, որ հենց այս փոփոխությամբ կլուծվեն սոցիալական աջակցության խնդիրները՝ որպես կառավարության կողմից խոստացված համակարգային բարեփոխում:

Իրականում այս փոփոխությունը և դրա պոպուլիստական ներկայացումը ձախողված հերթական փորձերն են՝ խոստացված համակարգային բարեփոխումները հետաձգելու և նախորդ երկու տարիներին սեփական անգործությունը քողարկելու նպատակով: Եվ գուցե հանգեցնի նաև սոցիալական աշխատողների հաստիքների որոշակի կրճատման:

Սակայն պետք է հիշեցնել՝ գործող իշխանությունները խոստացել էին ընտանիքների անապահովության գնահատման համակարգի արմատական վերանայում, որը հանդիսանում է սոցիալական աջակցության քաղաքականության հիմնական և որոշիչ գործիքը:

Գործող համակարգի հիմնական խնդիրները վերաբերում են դրա գործառնական հիմքերին, որոնք սահմանված են կառավարության որոշումներով և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամաններով:

Իշխանափոխությունից հետո արդեն անցել է բավարար ժամանակ՝ շուրջ երկու տարի: Սակայն անապահովության գնահատման համակարգի խոստացված արմատական վերանայումը՝ կառավարության որոշումների և նախարարի հրամանների համապատասխան փոփոխություններն իրականացված չեն: Իսկ կատարված մեկ-երկու փոփոխությունները կրել են ոչ թե համակարգային, այլ կոսմետիկ բնույթ՝ առավել խորացնելով գործող համակարգում առկա խնդիրները: Մասնավորապես, անապահովության անուղղակի գնահատման եղած ցուցանիշներն են ավելացվել խնդրահարույց նոր ցուցանիշներով: Իսկ քաղաքականության պատասխանատուները սիրողական մակարդակով այս խնդիրների մասին միայն պարբերաբար խոսում են:

Մյուս կողմից՝ հետաձգվում է բնակչության եկամուտների համատարած հայտարարագրման համակարգի ներդրումը, առանց որի անհնար է ապահովել անապահովության և սոցիալական կարիքների օբյեկտիվ գնահատում:

Կիրառվող մեթոդը հիմնված է գնահատման անուղղակի ցուցանիշների, ոչ բավարար տեղեկատվության և սոցիալական աշխատողի սուբյեկտիվ եզրակացության վրա: Սրանով են հիմնականում պայմանավորված կոռուպցիոն պահպանվող ռիսկերը, ընտանեկան և սոցիալական նպաստների, ինչպես նաև սոցիալական աջակցության մյուս ծրագրերի հասցեականության խնդիրները:

Իրական լուծում ապահովող փոփոխությունները պետք է սկսել հենց անապահովության և սոցիալական կարիքի գնահատման մեթոդաբանական ու տեղեկատվական հիմքերի ապահովումից: Այս ուղղությամբ անհրաժեշտ էր շարունակել մեկնարկած համակարգային բարեփոխումները մասնագիտական համակարգված աշխատանքով:

Հետևաբար, սոցիալական ծառայություններ մատուցող պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կազմակերպությունների ենթակայության փոփոխությունները, միավորումները, եղած լիազորությունների վերաբաշխումները, որոնք առաջարկվում են վերը նշված օրենքի նախագծով, և նմանօրինակ մեխանիկական այլ փոփոխություններն՝ ի սկզբանե ձախողված են արդյունքի տեսանկյունից: Ի դեպ՝ մեր երկրի բնակչության 23,5 տոկոսն աղքատ է: Իսկ 2018թ. աղքատության մակարդակի նվազման տեմպը 70 տոկոսով զիջել է 2017թ. ցուցանիշին, նաև՝ աշխատողների 25 տոկոսը շարունակում են աղքատ մնալ:

Նշված խնդիրները համակողմանի են, իսկ լուծումները բարդ են: Պոպուլիզմն այստեղ որևէ իրական արդյունք չի ունենալու:

Հույսը միշտ կա …

 Թադևոս Ավետիսյան

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829