«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասել էր, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն հակասահմանադրական, հակաօրինական է: Այս առնչությամբ լրագրողների հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Հովիկ Աղազարյանն ասաց, որ համաձայն չէ, իրենք Սահմանադրությամբ են հենց առաջնորդվել. «ԱԺ-ն որոշում է կայացրել դիմել ժողովրդին, որ իրացնի իր իշխանությունը: Հանրաքվեից ավելի բարձր իրավական ակտ ես ինքս չեմ պատկերացնում»:
Լրագրողները հիշեցրին, որ Հովիկ Աղազարյանը ՍԴ նախագահի հետ կապված ասել էր, որ եթե «դրսից տղա չբերեին», այս ամենը չէր լինի, ուստի հարցին՝ հիմա հանրաքվեն այս շրջանակո՞ւմ եք էլի դիտարկում՝ Հովիկ Աղազարյանը պատասխանեց. «Այդ խոսքերը, որ ես ասել եմ, եղել է պահի տակ, էմոցիոնալ՝ որպես այդ պահի տակ հնչած հարցի պատասխան, որը փոխաբերական իմաստ է կրել իր մեջ: Եթե ինչ-որ մարդկանց համար ժողովրդի իշխանությունը երկրորդական է, մեր համար առաջնային է, պայմանականորեն ասած՝ ժողովուրդը պետք է որոշի, ժողովուրդն է մեր այսպես կոչված «տղան», ի՛նքը պետք է որոշի ինչպես իրացնել իր իշխանությունը»:
Մեր դիտարկմանը՝ Էդմոն Մարուքյանն ասում է, որ դա ժողովուրդը չի ուզում, իշխանությունն է ուզում, ժողովուրդն առավոտ է իմանում ինքը ինչ է ուզել գիշերը՝ Աղազարյանն արձագանքեց. «Փոխանակ դուք գնահատական տաք, ասեք՝ քաղաքական իշխող ուժը ինչպիսի համարձակ քայլի է գնում, որովհետեւ 650 հազար ձայն հավաքելը այնքան էլ հեշտ խնդիր չի, մենք մեր վրա այդ պատասխանատվությունը վերցնում ենք ու դնում ենք ժողովրդի դատին»:
Հարցին՝ հնարավո՞ր է չհավաքվի այդ 650 հազար ձայնը՝ Աղազարյանը պատասխանեց. «Չէ, ես չեմ կարծում, որ դժվարություն կունենանք, որովհետեւ մեր մարդկային եւ քաղաքական պոտենցիալը բավարար է, որպեսզի մենք ժողովրդին ճիշտ ներկայանանք, ճիշտ ներկայացնենք եւ այդ դեպքում ես վստահ եմ,որ մենք կունենանք այդ 650 հազար ձայնը»: Հարցին՝ եթե այդքան ձայն չլինի, ի՞նչ կլինի հետո՝ Հովիկ Աղազարյանը պատասխանեց. «Եթե չլինի, ապա Սահմանադրության մեջ փոփոխություն չի իրականացվի»:
Կարդացեք նաև
Ըստ Աղազարյանի, ընդդիմադիրները կարող են «ոչ»-ի շտաբ չստեղծեն, որ քվորումի խնդիր առաջանա. «Եթե ընտրողների ¼-ը չգան հանրաքվեի, ապա հանրաքվեն չի կայանա, հետեւաբար իրենք տակտիկական նկատառումներից ելնելով կարող են այդպիսի նպատակ հետապնդեն»:
Էդմոն Մարուքյանը նաեւ ասել էր, որ քաղաքական հետապնդում են իրականացնում իրենց նկատմամբ, հիմնարկներում փորձում են ճշտել, թե ովքեր են ԼՀԿ անդամ, մեր հարցին, թե ինչո՞ւ եք նման ճշտումներ անում՝ Հովիկ Աղազարյանը պատասխանեց. «Եթե Հայաստանում կա որեւէ մեկը, ում նկատմամբ իրականացվում է անօրինական այդ տիպի գործառույթներ, թող դիմեն ինձ, ես կանեմ իմ ուժերի ներածին չափով ամեն ինչ, որ դա լինի միայն ու միայն օրենքին համապատասխան ձեւով»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ