Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ կեղծ թեզը Դավիթ Շահնազարյանն է տարածել, եւ, ցավոք, շարունակել է Բալասանյանը». «Իմ քայլի» պատգամավոր

Փետրվար 11,2020 18:50

«Պարոն Աբովյան, կարծում եմ՝ իրականում ոչ թե եվրոպական մամուլում եք կարդացել, այլ շահնազարյանական կանտորաների նյութեր եք կարդացել. այդ կեղծ թեզը բացառապես Դավիթ Շահնազարյանն է տարածել, եւ, ցավոք, այդ թեզը շարունակեց Արցախի հերոս եւ ներկայում ընտրություններում առաջադրված Վիտալի Բալասանյանը»,- ԱԺ նիստում այսօր անդրադառնալով ԲՀԿ քարտուղար Արման Աբովյանի հայտարարությանը, թե եվրոպական մամուլում շրջանառվում է տեղեկություն, որ Արցախի որոշ տարածքներում ստեղծվելու են հայերի եւ ադրբեջանցիների համատեղ բնակության գոտիներ, ասաց  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանը:

Նրա խոսքով՝ այդ թեզն ամբողջությամբ ստի վրա է հիմնված. «Այն պաշտոնապես հերքվել է մեր ԱԳՆ-ի կողմից, ինչին ի պատասխան, ցավոք, Վիտալի Բալասանյանի գրասենյակը ևս մեկ անհեթեթ հայտարարություն տարածեց՝  պնդելով նախորդ ստահոդ հայտարարությունը։ Ավելին՝ ԱԳՆ-ին մեղադրեց դավաճանության մեջ: Պարոն Բալասանյան, անկեղծ ասած՝ մշտապես ակնածանքով եմ վերաբերվել Ձեր անցած ճանապարհին, բայց խորը հիասթափություն և ցավ եմ ապրում՝ տեսնելով, թե ինչպես եք Դուք դարձել ոմանց շահերի սպասարկողը։ Հասկանալի է, որ Արցախի թեման զգայուն է և չափազանց կարևոր՝ մեզանից յուրաքանչյուրի համար»:

Շարունակելով դիմել Բալասանյանին՝ Տաթեւիկ Հայրապետյանը նշեց. «Ժամանակին ինքներդ էիք կոչ անում Արցախը չդարձնել ներքաղաքական շահարկումների առարկա, եւ ինչի ենք մենք ականատես լինում հիմա: Քաղաքական ռեաբիլիտացիայի նպատակով դուք ինքներդ սկսել եք ստահոդ, չփաստարկված լուրեր տարածել՝ սնելով ադրբեջանական քարոզչամեքենան: Շեշտեմ կարեւոր դրույթ՝ Արցախի անվտանգությունը զիջման ենթակա չէ: Պարոն Բալասանյան, եթե ուզում եք դիրքորոշում հայտնել, պատասխանեք վարչապետի հարցին՝ համաձա՞յն եք Սերժ Սարգսյանի թողած ժառանգության հետ»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829