Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստին հայտարարեց, թե անհիմն է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմի միջնորդությունը քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ: Նա նաև հարցրեց. «Ո՞վ հրաման տվեց «Չերյոմուխան» զորամասից հանել: Առ այսօր չկա մեղադրյալ: Մենք պահանջում ենք բացահայտել՝ ո՞վ հրաման տվեց այդ զենքը զորամասից դուրս հանել: 4 ոստիկան, երեք զոհ: Չենք կարողանում բացահայտել: Սպանությունները եղել են «ռեկաշետի» պայմաններո՞ւմ: «Ռեկաշետ» չի եղել: Դիմահար իմ տղային խփել են քառասուն մետր հեռավորության վրա՝ 90 աստիճանի տակ՝ աջ ունքից, երկու փամփուշտ էլ գլխից: Գնացել եմ հիվանդանոց. վիրահատության ժամանակ դեռ այդ փամփուշտը մնացել էր իմ տղայի աջ ունքի մեջ: Եթե վիրահատության ժամանակ ռազմական բժիշկ լիներ, իմ տղան ողջ կլիներ: Փամփուշտը պայթել է իմ տղայի փորի մեջ: Լուսամուտները բժիշկները բացեցին և վիրահատական սենյակից դուրս թռան: Նրանց աչքերից արցունք էր թափվում. թունավոր զենք էր»:
Սարգիս Քլոյանն ասաց, որ տարին տասներկու անգամ գնում է իր տղայի սպանված վայր, որտեղ քննիչն իր տղայի արյան լճակն է ցույց տվել: Նա մանրամասնեց. «Ձկան խանութի մոտի այդ պատի վրա չկա փոս ընկած, ճաքած, ջարդած տեղ, մինչդեռ, եթե գազային նռնակը կպչում է պատին, պետք է բացվի, այն մարդու կյանքին վտանգ չի սպառնում»:
Դիմելով Ռոբերտ Քոչարյանին և նրա արձագանքելով նրա այն հայտարարությանը, թե մարտի 1-ի սպանությունները դիտավորյալ չեն եղել, Սարգիս Քլոյանն ասաց. «Ռոբերտ Քոչարյա՛ն, Դուք այդ խոսքերը կրկնել եք տասներկու տարի առաջ: Դուք ասում եք ոչ դիտավորյալ սպանություն, այդ խոսքը կրկնել եք, երբ Կուկուն Պողոս Պողոսյանին սպանեց, ասում եք, որ դիտավորյալ սպանություն չի՞ եղել»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ