ՀՀ Սահմանադրական դատարան այսօր նիստ էր գումարել`ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նախագահությամբ: Նիստին ներկա էին Սահմանադրական դատարանի 9 դատավորից 7-ը։ Նիստին չէին մասնակցում ՍԴ դատավորներից Ֆելիքս Թոխյանն ու Վահե Գրիգորյանը։ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը նշեց, որ Ֆելիքս Թոխյանը չի մասնակցում այս նիստին, քանի որ հարգելի պատճառով չի մասնակցել նաեւ սույն գործով հունվարի 21-ին կայացած նիստին: Այդ ժամանակ նիստը հետաձգվել էր:
Հրայր Թովմասյանն ասաց, որ նիստը իրավազոր է: ՍԴ-ն սկսեց քննել 2007 թվականի հոկտեմբերի 25-ին Լանզարոտում ստորագրված «Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ հարցը:
Նիստին մասնակցում էր նաեւ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը: Փոխնախարարին ուղղված ՍԴ նախագահի եւ անդամների հարցերը վերաբերում էին «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի հայերեն պաշտոնական թարգմանությանը: Փաստաթուղթը ՍԴ կազմին հասկանալի չէր եւ պարունակում էր անճշտություններ։
Փոխնախարար Քրիստինե Գրիգորյանն ասաց` թարգմանության փոփոխությունների կարիք չեն տեսնում:
Կարդացեք նաև
«Մեր խնդիրը, որպեսզի երբ որ գնա Ազգային ժողով, արդեն լինի անխոցելի և շտկված։ Շատ ավելի պարզ տեքստերն են այլ կերպ հասկացվում, մեկնաբանվում: Եթե հաշվի առնենք, որ խնդրո առարկան շատ զգայուն թեմա է մեզ համար, թարգմանությունների խնդիրը շատ կարեւոր է»,- պնդեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը։
ՍԴ կազմը որոշեց կոնվենցիայի գործի քննությունը կասեցնել, մինչեւ կոնվենցիայի հայերեն պաշտոնական թարգմանության ճշգրտված տեքստը ստանալը։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ