Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիմնավոր կասկած ունեմ, որ առանձնացված 600 հատորում կան բավարար նյութեր մարտի 1-ի տասը սպանությունը բացահայտելու համար». Ռոբերտ Քոչարյան

Փետրվար 11,2020 17:04

«Ակնհայտ է, որ այս գործով սկզբից մեղավոր է նշանակվել, հետո ընտրվել է հոդվածը և դրանից հետո ողջ նյութերից փորձել են հանել, միայն ներկայացված գործում ներառել այն նյութերը, որոնք իրենց կարծիքով ինչ-որ ապացուցողական բազա են ձևավորում»,- Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստին հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Նրա համար զավեշտալի է այն, որ ամբողջ քրեական գործում ընդամենը կա երկու նամակ ԱԱԾ-ից: Այս առիթով ասաց. «Պատկերացնո՞ւմ եք՝ այդ իրադարձությունները, ինչ էր կատարվում ՀՀ-ում և հանկարծ այդ ժամանակ մեր ամենից կայացած կառույցներից մեկը որևէ վերաբերմունք, նյութ չունի այս իրադարձությունների վերաբերյալ: Այն պարագայում, երբ փետրվարի 24-ին հարուցված էր քրեական գործ սահմանադրական կարգի տապալման վերաբերյալ և միայն այս քրեական գործում կա այդ որոշումը՝ քրեական գործ հարուցելու մասին և երկրորդ նամակը, որ այդ երեք հատորը ՀՔԾ ուղարկվել է մարտի 2-ին»:

Ռոբերտ Քոչարյանը հարցրեց՝ հնարավո՞ր է հավատալ, որ ԱԱԾ-ն որևէ տեղեկության չէր տիրապետում այդ ամբողջ ընթացքում և հայտարարեց. «Ուղղակի հնարավոր չէ հավատալ, մարդ շատ տկար ուղեղի տեր պիտի լինի, որ հավատա, որ դա այդպես է: Մենք բազմիցս դիմել ենք տրամադրել մեզ նյութերի ամբողջ ծավալը: Ես վստահաբար ասում եմ, որ գիտեմ՝ ինչի մասին եմ խոսում: Ես նախագահ եմ եղել, շաբաթը առնվազն մեկ անգամ ԱԱԾ պետը զեկուցում էր ինձ, գիտեմ՝ ինչ էր զեկուցում, այդ զեկույցներից որևէ նյութ այս քրեական գործում չեմ տեսել: Չեմ կասկածում, որ այդ նյութերը կան այն 600 հատորում, որ առանձնացված է կամ ԱԱԾ-ում, որոնք չեն տրամադրվել այս քրեական գործի համար: Ամենազավեշտալին այն է, որ Վիկիլիքսի նյութերը կարդալուց տպավորություն է ստեղծվում, որ ԱՄՆ դեսպանատունը շատ ավելի ինֆորմացիա ուներ մեր ներքաղաքական իրադարձությունների մասին, քան մեր ԱԱԾ-ն: Այն, ինչ այնտեղից ես կարդում եմ, այդ ամենը ինձ զեկուցվում էր այն ժամանակ: Քրեական գործում չկա այդ մասին: Քննիչներին մենք ամեն անգամ դրա մասին ասում ենք, նույնիսկ երեք հատորը մեզ չեն տրամադրել, որն ուղարկվել է ՀՔԾ-ին մարտի 2-ին»:

Ռոբերտ Քոչարյանը հիմնավոր կասկած ունի, որ այն 600 հատորում կան բավարար նյութեր տասը սպանությունը բացահայտելու համար և հավելեց. «Ենթադրում եմ, ունեմ ողջամիտ կասկած մտածելու, որ կան բավական նյութեր, ուղղակի չեն ուզում դա անել, քանի որ դա կարող է մեկ ուրիշ տեղ տանել, ինչը կհակասի այս քրեական գործի ուղղվածությանը և ներկայացնելու դեպքում հարցեր կառաջանան՝ արդյոք տուժողները այս նիստին պե՞տք է մասնակցեն, թե՞ ոչ: Այս երկու մոտիվացիան ինձ համար ակնհայտ է»:

Այս հայտարարությունից հետո դահլիճում հնչեցին դժգոհություններ: Ռոբերտ Քոչարյանը շարունակեց. «Առնվազն երեք զոհի դեպքում պարզ է: Մարդիկ զոհվել են հատուկ միջոցների կիրառման պատճառով: 2008-ից պարզ է, որ չորս, թե հինգ ոստիկան է զոհվել: Պարզ չէ, թե կոնկրետ որ զենքի կրակոցից են այդ մահվան դեպքերը, բայց պարզ են շրջանակները: Այստեղ որևէ մեկը, որ նստած է, կապ չունի այդ դեպքի հետ, և ակնհայտ է, որ սա դիտավորյալ սպանություն չէ: Ինձ համար հարց է առաջանում՝ ինչո՞ւ բոլոր նյութերը չեն տրամադրվում: Այդ պարագայում հասկանալի կլինի, որ առնվազն այդ երեք դեպքով այս քրեական գործով՝ սահմանադրական կարգի տապալում, տուժող չի կարող ճանաչվել»:

Ռոբերտ Քոչարյանը պնդեց՝ ամեն մի փաստարկ ինքն իրենով բավարար է այս գործը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու համար:

Հետո էլ դիմելով նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին՝ ասաց. «Հասկանում եմ՝ Դուք անձամբ բավականին դժվար կացության մեջ եք՝ հաշվի առնելով Դավիթ Գրիգորյանի ճակատագիրը»:

Աննա Դանիբեկյանը հորդորեց Ռոբերտ Քոչարյանին խոսել միայն գործի մասին:

Ռոբերտ Քոչարյանն էլ նշեց. «Շատ ցավոտ եք տանում նման զուգահեռները: Դուք Ձեզ ինքներդ չեք հետևում, մենք Ձեզ հետևում ենք, տեսնում ենք, որ սա այն ցավոտ կետն է, որի հիշատակման պարագայում ինչպիսի ռեակցիա եք տալիս»:

Աննա Դանիբեկյանը խնդրեց շարունակել իր հայտարարությունը, Ռոբերտ Քոչարյանը հարցրեց՝ նույն ոճո՞վ շարունակի, քանի որ եթե այդ ոճն ընդունելի չէ, իմանա, որ ոճը փոխի: Աննա Դանիբեկյանը ասաց՝ շարունակեք: Ռոբերտ Քոչարյանը եզրափակեց. «Այնուամենայնիվ, որոշում եմ չշարունակել, քանի որ տեսնում եմ՝ դա Ձեզ նյարդայնացնում է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829