ՀՀ բնապահպանության նախկին փոխնախարար Այսեր Ղազարյանը իրատեսական չի համարում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ 2020-ին 10 միլիոն ծառատունկ անելու նախագծի մասին:
«Եթե խոսքը գնար հազար փոսի մասին, տաս հազար փոսի մասին, ասենք, լավ, հնարավոր է՝ չգիտեմ։ Բայց եթե խոսքը գնում է տասը միլիոն փոս-խրամատի մասին՝ այսինքն` մի կողմից ծանր աշխատանք, մյուս կողմից նախագծեր չկան, այն մյուս կողմից տնկարանների խնդիր կա, որ փորձում են միայն սոճի ներկրել, սոճիով հարցը լուծել: Չգիտեմ, այսպես չհիմնավորված ձևով ո՞ւր ենք գնում։ Այսինքն` մենք հայտարարում ենք մի բան, որը իրատեսական չի որևէ արդյունքահենություն ու բովանդակություն չկա դրա տակ և փորձում ենք բոլորին այդ ուղղությամբ տանել։ Սա այն օրինակներից մեկն է, որ գնում ենք մի տեղ՝ չգիտենք ուր ենք գնում և սա պետք է դադարեցնել։»
«Հենարան» ակումբում փետրվարի 11-ին հյուրընկալված Այսեր Ղազարյանը շարունակեց. «Եթե մենք չունենք այսօր անտառպատման, անտառվերականգնման նախագծեր՝ կոնկրետ որտեղ, ինչ մեթոդաբանությամբ, ինչ ծառախմբերով, ով է անում, ֆինանսականով ամեն ինչով բացվածքը, պլյուս տնկանյութը պատրաստ տնկարանում, դա շատ հում է, որ խոսեն դրա մասին, տենց բան չեն անում։ Իմ կարծիքով, եթե նույնիսկ հասցնեն տասը միլիոն տնկին թաղեն հողի մեջ, միևնույնն է դրա արդյունքները հետո ճչալու են։ Որևէ պրոֆեսիոնալ չի կարող այսօր նստել ասել, թե դա 60 տոկոսով իրատեսական ծրագիր է։»
Սոնա ՔԱԲԱԲՅԱՆ