Ռուսաստանը միշտ ակտիվ միջնորդական դիրքորոշում է ունեցել արցախյան հակամարտության հարցում, իսկ հակամարտող կողմերին աջակցություն ցուցաբերելը Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն «Ռոսիա սեգոդնյա» պարբերականին տված հարցազրույցում:
Փոխարտգործնախարարի խոսքով՝ ղարաբաղյան թեման Ռուսաստանի նախագահի և արտգործնախարարի ուշադրության կենտրոնում է: «Ռուսաստանի անմիջական աջակցությամբ ստորագրված փաստաթղթերից է կրակի դադարեցման մասին 1994թ. համաձայնագիրը, որը մինչ օրս հիմք է հանդիսանում հրադադարի համար: Մեր երկրի միջնորդական ջանքերի ուղու կարևոր փուլերից է 2008թ. Մոսկվայի հռչակագրի ընդունումը, որում խոսվում է ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման մասին: Սա առաջին և դեռևս միակ փաստաթուղթն է Լեռնային Ղարաբաղի հարցով, որը ստորագրել են Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները: Ինչպես գիտեք, Ռուսաստանը որոշիչ դեր է խաղացել 2016թ. լայնամասշտաբ ռազմական գործողությունների դադարեցման գործում՝ Մոսկվա հրավիրելով Ադրբեջանի և Հայաստանի գլխավոր շտաբերի ղեկավարներին»,-ասել է Ռուդենկոն՝ հիշեցնելով անցած տարի ապրիլին Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի կողմից կազմակերպված Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման մասին:
Ռուսաստանի փոխարտգործնախարարը նաև նշել է, որ սահմանին և շփման գծում տիրող իրավիճակը շարունակում է համեմատաբար հանդարտ մնալ: «Երևանի և Բաքվի միջև կապ է գործում: Լրագրողների փոխայցելություններ են տեղի ունեցել: Վերադարձել են գերության մեջ գտնվող Զավեն Կարապետյանն ու Իլվին Իբրահիմովը: Շարունակվում է աշխատանքն անազատության մեջ գտնվող մյուս անձանց ուղղությամբ: Դրան մասնակցում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն: Կարծում ենք, որ այս ամենը վկայում է կոնկրետ քայլեր ձեռնարկելու մտադրության մասին, որը միտված է բնակչությանը խաղաղությանը նախապատրաստելուն: Այս մասին, մասնավորապես, խոսվել է Ժնևում՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը: Կողմերը հայտարարում են փոխզիջումային հանգուցալուծումների որոնումը շարունակելու պատրաստակամության մասին: Աջակցում ենք այդ տրամադրվածությանը: Աշխատանքը շարունակելու համար հիմք կա: Գլխավորը քաղաքական կամքի դրսևորումն է»,-հավելել է նա:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ