«Ձեր ապուպապը, որը Մեքքայի շերիֆն էր այն ժամանակ, մոտավորապես հարյուր տարի առաջ, Հուսեյին Իբն Ալին մի հայտագիր ուղղեց արաբական աշխարհին` խնդրելով ապաստան տալ հայերին, ովքեր փրկվել են ցեղասպանությունից»,- այսօր նախագահի նստավայրում Հորդանանի թագավորին այսպես դիմեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն`իր համեստ խոնարհումն իր եւ հայ ազգի անունից բերելով իր հյուրի ազգին եւ ընտանիքին:
Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր, Նորին Արքայական Մեծություն Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ Հուսեյն Ալ Հաշիմին Հայաստանում է գտնվում նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով:
Նախագահ Արմեն Սարգսյանը և Հորդանանի թագավորը հանդիպել էին 2019թ. ապրիլին, Հայաստանի նախագահի՝ Հորդանան աշխատանքային այցի ժամանակ, որի ընթացքում էլ Հայաստանի նախագահը հրավիրել էր Հորդանանի թագավորին այցելել Հայաստան։
Նախագահ Արմեն Սարգսյանն այս այցը պատմական որակեց: Սա նաեւ Հորդանանի թագավորի առաջին պաշտոնական այցն է Հայաստանի հանրապետություն:
Աբդալլահ Երկրորդ թագավորն իսլամական աշխարհում մեծ հեղինակություն վայելող գործիչ է, Հաշիմյան թագավորական դինաստիայի ներկայացուցիչ, Մուհամմադ մարգարեի 41-րդ սերնդից, գահ է բարձրացել 1999թ. փետրվարի 7-ին: Աբդալլահ Երկրորդը Երուսաղեմի քրիստոնեական և իսլամական սրբավայրերի խնամակալն է:
Կարդացեք նաև
«Երեւանը՝ ամենահին քաղաքներից մեկը, ինձ հիշեցնում է իմ սիրելի Հորդանանը: Մեր երկրները եւ ժողովուրդները իրենց ուրույն տեղն ունեն ժամանակակից աշխարհում՝ մնալով հավատարիմ իրենց ինքնությանը, մշակույթին եւ հավատքին»,- իր խոսքում ասաց Աբդալլահ Երկրորդ թագավորը:
Ըստ նրա, Հորդանանը, ինչպես Հայաստանը, իր մարդկային կապիտալը դարձրել է դեպի զարգացում տանող հիմնական շարժիչ ուժը. «Մեր երկրները համագործակցությունից քաղելու շատ բան ունեն, որպեսզի կապիտալիզացնեն այս շատ խոստումնալից ներուժը»:
Հորդանանի թագավորը նաեւ նկատեց` հազարավոր հորդանանցիներ արմատներով Հայաստանից են. «Նրանք մեր երկրներին պատիվ են բերում եւ կենսական դերակատարություն ունեն արվեստում, կրթության, հանրային ծառայության, բիզնես եւ շատ այլ ոլորտներում: Նրանք այն հենքն են ձեւավորում, որի վրա մեր բարեկամությունը շարունակում է զարգանալ»:
Այլ մանրամասները՝ տեսանյութերում
1999-ին Հորդանանի թագավոր Հուսեյնը մահանալուց առաջ իր որդիներից թագաժառանգ հռչակեց հենց Աբդալլահին։ Այս որոշումն անակնկալի բերեց հորդանանցիներին: Նրանք սպասում էին, որ թագավորի առաջին կնոջ՝ թագուհի Նուրիի ավագ որդի Համզահը կդառնա հոր գործի շարունակողը, քանի որ նա էր հոր դիվանագիտական ներկայացուցիչը զինվորական կարիերայի ընթացքում: Թագավորի այդ որոշումն անակնկալ էր նաեւ Աբդալլահի համար, քանի որ նա պլանավորել էր կարիերան շարունակել «ետնաբեմում»՝ ռազմական ասպարեզում։ Բոլորը միաբերան պնդում էին, որ Աբդալլահը երբեւէ չի կարող հաջողել դիվանագիտության ասպարեզում, բացի այդ՝ Համզահը դեռահասության տարիքում արդեն իսկ հայտարարվել էր թագաժառանգ։
2020թ. հունվարի 30-ին Աբդալլահ թագավորը դարձավ 57 տարեկան։ Նա թագավոր Հուսեյնի եւ Անգլիայում ծնված հորդանանցի թագուհի Մունա Ալ Հուսեյնի որդին է։ Արքայազն Աբդալլահն իր կրթական ճանապարհը սկսել է Հորդանանի մայրաքաղաքում, ապա՝ տեղափոխվել Անգլիա, իսկ ավելի ուշ՝ Միացյալ նահանգներ։ Սանդհարսթի ակադեմիայում զինվորական կրթությունն ավարտելուց հետո նա մեկ տարի ուսանել է Օքսֆորդի համալսարանում, ապա՝ Ջորջթաունի «Արտաքին ծառայության դպրոցում»։ Մինչ Հորդանանի զինված ուժերում պաշտոն ստանձնելը Աբդալլահը ծառայել է բրիտանական բանակում։
Աբդալլահը ստորջրյա լողի եւ ավտոմրցաշարների երկրպագու է, որակավորված լողորդ, օդաչու եւ ազատ անկման պարաշյուտիստ։ Ունի հնագույն զենքերի եւ զինատեսակների ամենամեծ հավաքածուներից մեկը։
Ըստ լուրերի, հասարակ հորդանանցիները պնդում են, որ թագավոր Աբդալլահը ծպտված եւ կերպարանափոխված հաճախ է հայտնվում փողոցներում եւ զրուցում հասարակ մարդկանց հետ՝ լսելու իր կառավարման մասին գնահատականները։ Նման խոսակցությունները Աբդալլահը երբեւէ չի մեկնաբանել, բայց բազմիցս հայտարարել է՝ որպես թագավոր իր ամենամեծ առաքելությունը Հորդանանում կայուն ժողովրդավարության հաստատումն է։
Նրա դիրքորոշումը ամրագրված է թագավորի պաշտոնական կայքում. «Հորդանանը հավասար հնարավորություններ է ընձեռում բոլորին եւ որեւէ արտոնություն չի շնորհում եւ ոչ մեկին»։
Երիտասարդ սպան կնոջը՝ Ռանիային հանդիպել է Քուվեյթում 1993-ին քրոջ կազմակերպած ճաշկերույթներից մեկի ժամանակ եւ, ինչպես հետագայում խոստովանել է, դա սեր էր առաջին հայացքից։ Նույն տարվա հունիսին զույգն ամուսնացել է: Նրանք չորս երեխա ունեն՝ արքայազն Հուսեյնը, արքայադուստր Իմանը, արքայադուստր Սալման եւ արքայազն Հաշեմը։
«Ձեռքս խնդրելու համար Հուսեյնն անձամբ է մեր տուն եկել, չի եղել որեւէ «արքայական դրամա», որեւէ արցունք, որեւէ պաշտոնական ծիսակարգ։ Միայն հորս թույլտվությունից ու իմ համաձայնությունից հետո է հայտարարվել մեր հարաբերությունների մասին»,- պատմել է Ռանիան։ Երբ Աբդալլահը թագադրվեց, Ռանիան 28 տարեկան էր եւ ճանաչվեց աշխարհի ամենաերիտասարդ թագուհին։ Նրանք ապրում են Ամանում՝ հանգուցյալ թագավորի նվիրած մեծ բնակարանում, քանի որ հրաժարվել են Ալ Մաքարում արքայական 8 մեծ պալատներից բաղկացած տարածքում բնակվելուց։ Ըստ լրատվամիջոցների, բնակարանում նրանք օգտվում են միայն մեկ սպասարկողի ծառայություններից, իսկ Ռանիան նախընտրում է ընթրիքն անձամբ պատրաստել։ Վերջին շրջանում, սակայն, թագավորի եւ թագուհու հարաբերությունները լարված են, նրանք ամուսնալուծության շեմին են:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ