Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական ամոթանք եւ պախարակում՝ նվիրատվությունը չհրապարակած համայնքապետերին. օրինագիծն ԱԺ-ում է

Փետրվար 11,2020 16:16

ԱԺ նիստում այսօր քննարկվում է մի խումբ պատգամավորների հեղինակած՝ «Տեղական ինքնակառավարման մասին օրենքում» փոփոխություն կատարելու մասին օրինագիծը: Զեկուցող, «Իմ քայլի» պատգամավոր Սոնա Ղազարյանը տեղեկացրեց՝ օրինագծի նպատակն է ապահովել համայնքներին տրվող նվիրատվությունների թափանցիկությունը: Այս փոփոխությունը համայնքի ղեկավարին պարտադրում է համայնքին տրված՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկը գերազանցող նվիրատվության մասին տեղեկատվությունը մեկ շաբաթում քաղաքացիների համար հրապարակային դարձնել՝ տեղեկությունը զետեղելով համայնքի կայքում եւ(կամ) փակցնելով համատիրության պատին:

Սոնա Ղազարյանի փոխանցմամբ՝ այս փոփոխության միտքը ծագել է հեռուստաեթերում Երեւանի քաղաքապետարանին «Կամազների» նվիրատվության թեման քննարկելու ժամանակ:

ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը հետաքրքրվեց՝ խոշոր քաղաքների դեպքում օրինագիծը տարաձայնության տեղ թողնո՞ւմ է:

Սոնա Ղազարյանը պատասխանեց. «Օրինագիծն առաջացել է հենց «Կամազների» հարցի քննարկումից: Օրինագիծը վերաբերում է նաեւ մեծ քաղաքներին, որեւէ խնդիր չկա»:

Իսկ թե ինչ պատիժ է նախատեսվում, եթե նշյալ պահանջը չի կատարվում, Սոնա Ղազարյանը նշեց, որ դրա համար պատասխանատու է համայնքի ղեկավարը. «Նա քաղաքական պատասխանատվության է ենթարկվելու: Միակ ձեւը քաղաքական ամոթանքի, պախարակման ձեւն է»:

Սոնա Ղազարյանը նաեւ նշեց, որ օրինագիծը մշակել են «Լուսավոր Հայաստանի» հետ համատեղ. «Այս օրինագիծն ունի նախապատմություն: Սա թույլ է տալիս, որ խորհրդարանը, անկախ քաղաքական կողմնորոշումից, անհանդուրժող է կոռուպցիայի հանդեպ»:

«Իմ քայլի» պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանն առաջարկեց մինչեւ օրինագծի երկրորդ ընթերցումը մտածել դրա պահանջը չկատարող համայնքի ղեկավարին վարչական պատասխանատվության ենթարկելու հարցի շուրջ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829