«Ի տարբերություն «Լուսավոր Հայաստանի» ղեկավարի, ԲՀԿ-ն տվայտանքների մեջ չի եւ քաղաքական առումով կարծես շատ ավելի վստահ է իրեն զգում»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:
Նա պատասխանում էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին, որը հայտարարել էր, որ չեն մասնակցելու սահմանադրական հանրաքվեի գործընթացին որեւէ կերպ, որ չլեգիտիմացնեն հակասահմանադրական այդ գործընթացը:
Մարուքյանն ասուլիսում ասել էր. «Եթե ես հիմա սկսեմ պատմել, թե հեղափոխության ժամանակ այդ ասողներից ով ինչով է զբաղված եղել ու ինչ է ասել այս կաբինետում, կարող է այդ մարդիկ իրենց խփեն, ինքնասպանության դիմեն, իսկ ես չեմ ուզում ինքնասպանության դրդելու հոդվածով դատվեմ»:
Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Այն անգամ էլ ինքը հարցազրույց էր տալիս ու ասում էր՝ իշխանությունն ամեն անգամ իր ոտքից կրակում է իրեն: Հիմա Էդմոն Մարուքյանն ամեն անգամ ինքն իրեն գլխից կրակում է՝ իր գործողություններով, իր թվացյալ ճիշտ որոշումներով, տարբերվելու ցանկությունով իրեն յուրահատուկ զգալով: Ամեն անգամ ինքը իրեն ոչնչացնում է: Եթե վաղը ընտրություններ ունենանք, վստահ եմ, ինքը շատ լուրջ խնդիրներ է ունենալու, որովհետև իր դիրքորոշումը պարզ չի, չգիտի՝ ինչ է ինքը անում քաղաքական դաշտում: Ինքը անընդհատ արդարանում է, անընդհատ ասում է, որ ինքը Միքայել Մինասյանի հետ կապ չունի, այն պարագայում, երբ բոլորը դրա մասին ակնարկում են»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ