Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանի դեմ քրեական հետապնդումը անհապաղ պետք է դադարեցվի. Արամ Վարդևանյան

Փետրվար 11,2020 15:56

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Արամ Վարդևանյանը միացավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի ներկայացրած միջնորդությանը` դադարեցնել Քոչարյանի դեմ քրեական հետապնդումը և քրեական գործով վարույթը կարճել:

Նա հայտարարեց. «Արձանագրենք, որ սույն գործով մենք նաև ՀՀ իրավական համակարգի և քրեական հետապնդման առհասարակ պատմության ընթացքում ունեցել ենք դեպք, երբ մեղադրանքի հիմքում դրվել է մի տեղեկություն, որն ինքնին հանցագործության արդյունք է. խոսքը Վիկիլիքսի տեղեկությունների մասին է, որը Հանրայինի եթերում է ազդարարվում որպես քրեական հետապնդման հիմք»:

Արամ Վարդևանյանը նշեց, որ 300.1 հոդվածը այն պարագայում, երբ բացառապես հղում է տալիս Սահմանադրության կոնկրետ հոդվածներին, չի փոփոխվել. «Պարզ չէ՞, որ Սահմանադրության փոփոխությունների դեպքում համապատասխան նորմերը պետք է հարմոնիզացվեն Սահմանադրությանը: Բայց քրեական օրենսգրքում այդ փոփոխությունները տեղի չեն ունեցել: Հարց է առաջանում՝ մեղադրական կողմը մեղադրանք է առաջադրում Սահմանադրության 2005-ին՝ այդպիսի ձևակերպումներ գոյություն չունեցո՞ղ նորմերով՝ այսինքն 2015-ին՝ գործող մեղադրանքի պահին քրեական օրենսգրքի 4-րդ հոդվածի տրամաբանության ներքո գտնվող նորմերով, թե՞ 2005-ի նորմերով, երբ Սահմանադրության բոլոր նորմերն անմիջականորեն գործում էին»:

Անդրադառնալով Սահմանադրական դատարանի որոշմանը՝ Արամ Վարդևանյանն ասաց. «Արձանագրվեց այն հանգամանքը, որ առկա է օրենսդրական բաց, որի բացակայության պայմաններում ոչ ես, ոչ դուք չեք կարողանում ասել՝ արդյոք կարգավիճակից կամ գործունեությունից բխո՞ւմ էր, թե՞ ոչ: Եթե այդ բացը հաղթահարվի, ստանդարտը կլինի, որի ժամանակ հնարավոր կլինի տալ այդ հարցի պատասխանը: Հետաքրքիր էր, որ այս ողջ ժամանակահատվածում՝ ներառյալ մեղադրանքը, այդ թվում հիմնավոր կասկածի տեսակետից, պետք է բավարարի իրավաչափության պահանջը՝ ներառյալ հիմքում դրված փաստերը, դրանք չպետք է վերաբերեն այնպիսի գործողությունների կամ անգործության, որը բխել կամ բխում է անձեռնմխելիության կարգավիճակից կամ գործունեությունից: Հակառակ դեպքում գործառութային անձեռնմխելիությամբ օժտված անձանց նկատմամբ քրեական հետապնդումը չի կարող շարունակվել և հարուցված քրեական հետապնդումը պետք է անհապաղ դադարեցվի»:

Արամ Վարդևանյանը նշեց, թե իրավունքի տիրույթում հնարավոր չէ պնդում անել, որ արտակարգ դրության մասին հրամանագիր ընդունելը չի բխում Ռոբերտ Քոչարյանի կարգավիճակից: Նա այս առիթով հայտարարեց. «Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող արարքում արտակարգ դրության հրամանագիրն է: Մեկն ինձ կարո՞ղ է համոզել իրավական տիրույթում, որ արտակարգ դրություն ընդունելը չի բխում կարգավիճակից և գործունեությունից, ինչպե՞ս է իրավունքի տիրույթում հնարավոր այդպիսի պնդում անել, երբ խոսքը իր լիազորության իրացման մասին է, որը բնական է՝ բխում է կարգավիճակից և գործունեությունից»:

Արամ Վարդևանյանը նկատեց՝ 300.1 հոդվածով ի սկզբանե ստեղծվել է այնպիսի հակասահմանադրական իրավիճակ, երբ քննիչը որոշելու է, թե ինչպիսի շրջանակ ունեն Սահմանադրության 1-ին, 2-րդ հոդվածները: Այնուհետև հարց հնչեցրեց՝ քննիչն ինչպե՞ս պետք է փորձի բացատրել Սահմանադրության հոդվածները:

Ամփոփելով խոսքը՝ Արամ Վարդևանյանը հիշեցրեց. 300.1 հոդվածը քննության առարկա է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, Վենետիկի հանձնաժողովում, ՍԴ-ում, ուստի սա էլ է հիմնավոր պատճառ, որ այդ հոդվածով Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը դադարեցվի և վարույթը կարճվի:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829