Լրահոս
Օրվա լրահոսը

Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը կայուն ծանր է. Լեւոն Բաղդասարյան

Փետրվար 11,2020 15:15

«ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ, բայց վերակենդանացման սարքավորումները ևս տեղափոխվել են հիվանդասենյակ»,- այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը` հավելելով, որ Մանվել Գրիգորյանը շարունակում է 24-ժամյա ռեժիմով գտնվել սարքավորումներին միացված եւ բժիշկների հսկողության տակ: «Ըստ բժիշկների, Մանվել Գրիգորյանի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր»,- ասաց Լեւոն Բաղդասարյանը` հավելելով, որ պաշտպանական կողմը մեկ անգամ ևս պնդում է, որ Մանվել Գրիգորյանին ինտենսիվ բուժում Հայաստանում տրամադրել հնարավոր չէ եւ պաշտպանական կողմն անհրաժեշտություն է տեսնում, որ վարույթ իրականացնող մարմինը, պետական լիազոր մարմինն իր գնահատականը պետք է տա:

Նախորդ դատական նիստում Մանվել Գրիգորյանի բուժումն արտերկրում շարունակելու պաշտպանների միջնորդությունը մերժվել էր: Այսօր նման միջնորդություն չներկայացվեց: Aravot.am-ի դիտարկմանը Լեւոն Բաղդասարյանը պատասխանեց. «Այլեւս ցանկություն չունենք նման միջնորդություն ներկայացնելու: Հարցը այլեւս գտնվում է պետության, վարույթ իրականացնող մարմնի տիրույթում եւ պետությունն այստեղ պոզիտիվ պարտավորություն ունի գործողություններ իրականացնելու: Մենք ընդամենը փաստում ենք հետեւյալը`անձը շարունակում է գտնվել խոշտանգման տակ եւ վերջինիս նկատմամբ դաժան վերաբերմունք է իրականացվում: Բուժումը ստանալուց մեկ տարի հետո, առողջության հետ կապված վատթարացում է գնում ու նման պայմաններում դատարանը մերժում է պաշտպանական կողմի միջնորդությունը…»:

Պաշտպանը երկու տարբերակ է տեսնում`կամ մարդը կմահանա, կամ էլ ինչպես մեղադրողը ժամանակին կալանքը փոխելու միջնորդություն ներկայացրեց, այնպես էլ բուժումը արտերկրում շարունակելու միջնորդությամբ հանդես կգա:

Ի դեպ, այս գործը ՄԻԵԴ-ի տիրույթում է գտնվում: Գանգատը երկու մասից է բաղկացած`անօրինական կալանք եւ դաժան վերաբերմունք: «Կալանքը փոխվեց, բայց դաժան վերաբերմունքը շարունակում է մնալ»,- ասաց մեր զրուցակիցը` հիշեցնելով ՄԻԵԴ-ի որոշումը`հարցն առաջնահերթության կարգով լսելու եւ գնահատական տալու մասին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829