Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ես հիմա սկսեմ պատմել, թե հեղափոխության ժամանակ ով ինչով է զբաղված եղել ու ինչ է ասել այս կաբինետում, կարող է այդ մարդիկ իրենց խփեն, ինքնասպանության դիմեն». Մարուքյան

Փետրվար 11,2020 14:40

«Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ասաց՝ եթե սպառնալիք կամ ինչ-որ ուժեր իրավական գործիքներով կամ այլ ճանապարհով կփորձեն կասեցնել այս գործընթացը, նրանք կհայտարարվեն հակապետական ուժեր: Ես մեկ էլ պապիցս եմ հակա բառը լսել, վերջին 20 տարում այդ բառը չեմ լսել: Այդ բառապաշարը, որ բերում է՝ պապս հակա էր, եկան կովը տարան, դա եմ ես հիշում ու այդ բառապաշարը ԱԺ ամբիոն է բերվում: Ի՞նչ է նշանակում հակա»,-այսօր լրագրողների հետ զրույցում իշխանություններին քննադատեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նա հիշեցրեց Փաշինյանի խոսքը, թե ովքեր կաջակցեն սահմանադրական փոփոխությունների գործընթացին, կլինեն նվիրյալներ. «Անդրադառնամ նվիրյալներին, նայեք ովքեր են՝ ինչքան քաղաքական պրոցեսներից դուրս մնացած անիմաստ մարդ կա, ասենք, այդ մարդուց դուք էլ չեք ուզում հարցազրույց վերցնեք, անիմաստ է այդ մարդու հետ խոսելը, այսօր նրանք լծվել են «այո»,-ի քարոզին, որովհետեւ իրենց կարծիքը լսող էլ չկա»:

Ըստ Մարուքյանի, 2000 տեղամասում խախտումով են անելու սահմանադրական հանրաքվեն, քանի որ չի լինելու ՍԴ-ի եզրակացությունը. «Բոլորին կոչ ենք անում՝ մի՛ դարձեք հակահերոս, իշխանության սատանաների ձեւավորման գործընթացի մեջ մի մտեք, թող գնան իրենց «այո»-ն քարոզեն»:

Aravot.am-ը հարցրեց՝ իմքայլականներն ասում են, որ եթե հեղափոխության ժամանակ էլ այդպես օրենքի «տառակերության» հետեւից ընկնեինք, հեղափոխությունն էլ չէր լինի, ու ոնց որ այն ժամանակ ճանապարհային քարտեզը մշակելիս դուք ձեռքերը լվացիք, հիմա էլ նույնն եք անում, չե՞ք կարծում, որ օրենքները մարդկանց համար են, ոչ թե հակառակը՝ Մարուքյանը արձագանքեց. «Եթե ես հիմա սկսեմ պատմել, թե հեղափոխության ժամանակ այդ ասողներից ով ինչով է զբաղված եղել ու ինչ է ասել այս կաբինետում, կարող է այդ մարդիկ իրենց խփեն, ինքնասպանության դիմեն, իսկ ես չեմ ուզում ինքնասպանության դրդելու հոդվածով դատվեմ»:

Նա վստահեցրեց, որ իշխանության ներկայացուցիչները սխալ են մեկնաբանում, ասում են՝ օրենք, ոչ մի բան չկա, ժողովուրդն է որոշում. «Եթե մի բան արել ես ու մոտդ ստացվել է, դա չի նշանակում, որ ամեն անգամ դա պետք է անես ու ասես՝ հեղափոխություն ենք արել»:

Մարուքյանն ասաց, որ հանրաքվեի օրն իրենք տեղամաս չեն գնալու, այլ, օրինակ, Ծաղկազարդի պատարագին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829