Եվրասիական միության անդամ երկրները ամփոփել են տնտեսական ցուցանիշները: Տնտեսական աճ են գրանցել միության անդամ բոլոր 5 երկրները՝ Ռուսաստան, Ղազախստան, Բելառուս, Հայաստան և Ղրղըզստան: Բայց ՀՆԱ աճի տարբերությունը շոկային է՝ շուրջ 7 անգամ, իսկ առաջատարը Հայաստանն է՝ գրում է gazeta.ru կայքը:
2019թ. 9 ամիսների ընթացքում տնտեսության աճը կազմել է 7.5%՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ: Տարվա ընթացքում կանխատեսումը ըստ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի` 7.9% է: Այս ցուցանիշով Հայաստանը կարող է առաջ անցնել նաև սևծովյան շրջանի երկրներից, այդ թվում՝ Վրաստանից, Թուրքիայից, Բուլղարիայից, Ռումինիայից, Մոլդովայից և Ուկրաինայից: Այն դրական քայլերը, որոնք այժմ արվում են Հայաստանում, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ պայքարը, բիզնեսի համար խաղի հասկանալի կանոնների ստեղծումը, բանկային թափանցիկ համակարգը, այս ամենը դրական է ազդում ներդրումների վրա՝ նշում է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի նախագահ Դմիտրի Պանկինը:
«Ինչի հաշվին տեղի ունեցավ «հայկական տնտեսական հրաշքը»: Տպավորիչ հաջողություններ չեն գրանցվել ո՛չ արդյունաբերության մեջ, ո՛չ էլ առևտրի: Իսկ շինարարության ոլորտում անգամ աճի դանդաղում է գրանցվել մինչ 4.5%, անկում է գրանցել նաև երկրի էներգոհամալիրը՝ 2.7%.»,-գրում է կայքը և փաստում.
«Առաջընթացն ապահովվել է տնտեսության ազատականացմանն ուղղված իշխանությունների և հանրության ցանկության շնորհիվ: 2018թ. Հայաստանը քաղաքական ճգնաժամ վերապրեց: Նոր խորհրդարանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստեղծեցին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով և իրական վերահսկողություն սահմանեցին բարձրաստիճան պաշտոնյաների եկամուտների և ծախսերի նկատմամբ: Արդյունքում բացահայտվեց 346 կոռուպցիոն սխեմա, բյուջե վերադարձվեց 105 միլիոն դոլար՝ 7 անգամ շատ, քան վերջին 11 տարիների ընթացքում: Հայաստանի 3 միլիորդ դոլարանոց բյուջեից 1 միլիարդը թալանվում էր, շուրջ 900 միլիոնը բյուջե չէր հասնում հարկերի տեսքով:
Կարդացեք նաև
Իշխանափոխությունից հետո նկատվում է ստվերային տնտեսության կրճատման միտում, թեպետ այն դեռ պահպանվում է՝ շուրջ 20%-ի չափով: 2017թ. համեմատ հարկային մուտքերը գրանցել են 43.6% աճ, իսկ 2018-ի համեմատ 20%:
Եթե նախկինում Հայաստանի քաղաքացիներն ուրախ ապրում էին անվերջանալի հակակառավարական ցույցերի շնորհիվ, ապա այժմ սկսում են լավ ապրել: Նվազագույն աշխատավարձը աճել է 20%-ով, իսկ օրինակ` բժշկական ծառայությունները մինչև 18 տարեկանների համար դարձել են անվճար:
Այժմ Հայաստանի հարևան երկրները վիճում են՝ որտեղ է կյանքի որակն ավելի լավ: Այս ավանդույթը ձևավորվել է դեռ խորհրդային ժամանակներից սկսած: Բանը այն է, որ երեք միլիոն բնակչություն ունեցող Հայաստանը ՀՆԱ ցուցանիշներով առաջ է անցել և՛ Վրաստանից, և՛ նավթով հարուստ Ադրբեջանից: Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հեգնական ձևով այսպես է արձագանքել. «Հայաստանն առաջին անգամ ՀՆԱ ծավալով առաջ է անցել Վրաստանից, նման բան տեղի չէր ունեցել Տիգրան Մեծից հետո»: Նրան հակադարձեցին գիտության կանոնների համաձայն. Հայաստանը մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ով Ադրբեջանից առաջ է անցել նաև 1995-1999թթ, իսկ Վրաստանից՝ 2005-2009թթ.»:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ