«Ուրախացա, որ մի հայ բավականին լրջագույն լաբորատոր հետազոտություններ է արել Կուբայում, հետո՝ Դոմինիկյան հանրապետությունում եւ ԱՄՆ-ում ու ստացել մի հավելանյութ. արդյունքում կանաչ կարիճի թույնն օգտագործվում է չարորակ ուռուցքների բուժման համար: Այն գրանցված է ՌԴ-ում, Բելառուսում, Ղազախստանում, Դոմինիկյան հանրապետությունում, իսկ ԱՄՆ-ում այն գրանցված է որպես սննդային հավելում: Կուզենայի ասեք՝ ՀՀ-ում օգտագործվող բոլոր հավելումներն անվտա՞նգ են»,-ԱԺ այսօրվա նիստում առողջապահության ոլորտին առնչվող օրինագծերից մեկի քննարկման ժամանակ ՀՀ Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանին նման հարցադրմամբ դիմեց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Անահիտ Ավանեսյանն արձագանքեց, որ օրինական ճանապարհով ՀՀ ներմուծված դեղերն ու սննդային հավելումները համապատասխանում են բոլոր որակական չափանիշներին, անվտանգ են, եւ նախարարությունը պատասխանատու է դրանց որակի համար:
Նշենք, որ ԶԼՄ-ների հրապարակումներում Aravot.am-ի փոքրիկ փնտրտուքն արձանագրեց, որ խոսքը ոչ թե կանաչ, այլ կարիբյան կապույտ կարիճի (Caribbean blue scorpion) թույնից ստացված «Էսկոզին»-ի մասին է:
Դրա վերաբերյալ ՀՀ Առողջապահության նախարարությունը 2019թ.-ին տարածել է հաղորդագրություն. «Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ հունվարի 23-ին «Էսկոզին» արտադրանքը, որը չի հանդիսանում հակաքաղցկեղային դեղ, «Միքայելյան բարեգործական» հասարակական կազմակերպությունից հետ է հավաքվել` կիրառման վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելու համար: Խմբաքանակն այժմ պահեստավորված է առողջապահության նախարարության մարդասիրական օգնության հանրապետական կենտրոնում: Տեղեկացնում ենք, որ «Էսկոզին» (Escozine) արտադրանքը կենսաբանական ակտիվ հավելում է: Գրանցման մասին տեղեկությունն առկա է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պետական գրանցման մասին վկայականների ընդհանուր ռեեստրում»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ