Լրահոս
Օրվա լրահոսը

Կոնստանտին Օրբելյանը դատարանով վերականգնվել է, հիմա էլ պայմանագիրն է լրանում

Փետրվար 11,2020 14:02

Ազգային օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն Կոնստանտին Օրբելյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ հաղթելով դատական բոլոր ատյաններում` փետրվարի 10-ից վերականգնվել է թատրոնի տնօրենի պաշտոնում, որից նրան 2019թ մարտի 28-ին հեռացրել էր մշակույթի նախարարի պարտականությունների կատարող Նազենի Ղարիբյանը:

«Երեւի ոմանք գոհ են, ոմանք դժգոհ այս լուրից, տարբեր խմբեր կան»,-ժպտալով ասաց մաեստրոն, իր` տնօրենի պաշտոնում վերականգնման լուրը ծափերով ողջունողներին:

Մանրամասները` տեսանյութում:

«Հիմա պետք է տեսնենք, թե ինչպես ենք շարունակելու աշխատել, որովհետեւ տնօրենի` իմ պայմանագիրը լրանում է օգոստոսի 3-ին»,- տեղեկացրեց Կոնստանտին Օրբելյանը` նկատի ունենալով, որ ՊՈԱԿ-ի մասին օրենքով տնօրենն է նշանակում գեղարվեստական ղեկավարին:

«Քիչ ժամանակ է մնացել, պետք է փորձենք աշխատել, ներկայացումներ ստեղծել, հիանալ երաժշտությամբ, բալետով եւ օպերայով, աշխատել մեր առաջիկա պրեմիերաների վրա, որոնց թվում է Վաչե Շարաֆյանի «Հին աստվածներ» բալետը… Այնպես որ կյանքն ընթանում է իր հունով: Բնականաբար, ինչ-որ բաներ կպլանավորենք, եւ հույս ունեմ, որ այդ ծրագրերը կիրականացնենք»,-ասաց մաեստրոն:

Ընդգծեց, որ նախկինում ունեցած բոլոր պայմանավորվածությունները դատական իրարանցումների ժամանակ չեղարկվել են, այդ թվում` Քաթարի, Բահրեյնի, Դուբայի եւ մյուս երկրների հյուրախաղերը: «Այդ ամենը մշակույթի նախարարի պարտականությունների կատարողի պատճառով, դուք բոլորդ գիտեք նրա անունը»,-ասաց Օրբելյանը:

Դուբայի հյուրախաղերի մասին խոսելիս՝ հավելեց, որ նախկին կառավարությունը պատրաստակամություն էր հայտնել վճարել ավիատոմսերի գնի մի մասը, իսկ նոր կառավարությունից, մաեստրոյի խոսքերով, ասել էին, թե ոչ մի կոպեկ չեն պատրաստվում վճարել. «Երբ ասացի, իսկ ինչ անեմ, չեղարկե՞մ հյուրախաղերը, ինձ պատասխանեցին` ինչ ուզում եք արեք, դա մեզ հետաքրքիր չէ»:

Մաեստրոն խոսեց նաեւ «Չիպոլինոյի», «Մանոնի» մասին, ընդգծեց, որ կառավարությունը որեւէ լումա չի ներդրել դրանց ստեղծման համար եւ ընդհանրապես չի աջակցում օպերային թատրոնին:

Մանրամասները` տեսանյութում:

Կոնստանտին Օրբելյանը տեղեկացրեց, որ պատրաստվում է առաջիկայում հանդիպում ունենալ ԿԳՄՍ նախարարությունում: Ի դեպ, շեշտեց, որ վերջին անգամ պետական աջակցություն թատրոնը ստացել է 2016թ: Ասաց, որ պետությունը գումար չի տրամադրում թատրոնի շենքի պահպանման ու տանիքի վերանորոգման համար. «Չէ՞ որ սա պատմական շենք է, Թամանյանի գլուխգործոցներից մեկը»: Մաեստրոյի հավաստմամբ, խայտառակ վիճակում է դահլիճի օդափոխության համակարգը, եւ բազմաթիվ այլ թերություններ կան, որոնք պետք է շտկել:

Մանրամասները` տեսանյութում:

Մաեստրոն ցանկություն ունի օպերային փառատոնի ավանդույթը վերականգնել: Մտածում է՝ գուցե դեռ հասցնի իրականացնել: Ասում է` 2021թ-ն էլ հոբելյանական է Գեղամ Գրիգորյանի համար, նաեւ պետք է այդ հոբելյանին պատրաստվել:

Կոնստանտին Օրբելյանը նշեց, որ ցանկություն ունեն «Անուշը» նորովի բեմադրել, հատկապես ԱՄՆ-ում շատ են ցանկանում այն դիտել: Առայժմ լսումներ են անցկացրել եւ դեռ գոհ չեն արդյունքներից: Նրա ձեւակերպմամբ. դասական գործերը պետք է գերակշռեն խաղացանկում. «Կլասիկան պարտադիր է, իբրեւ քրեստոմատիա մեր բալետի համար…Շատ կուզենայի նաեւ Մանսուրյանի «Ձյունե թագուհին» բեմադրեինք…Վաղը հանդիպելու եմ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանի հետ, ի թիվս այլ հարցերի՝ նաեւ սրանց մասին ցանկություն ունեմ խոսել»:

Մանրամասները` տեսանյութում:

Մաեստրոն դեմ չէ նաեւ դասական երկերի մոդեռն մատուցմանը, սակայն կարծում է, որ ամեն ինչ պետք է ճաշակով արվի ու արվեստով. «Եթե դա բարձրարվեստ է, լավ իմաստով` պրովոկացիոն, հրաշալի է, իսկ եթե գռեհիկ է արված, ուրեմն վատ է… Ինքս բազմաթիվ մոդեռն ներկայացումներ եմ տեսել Մետրոպոլիտեն օպերայում եւ այլ թատրոններում, դրանք շքեղ ներկայացումներ են եղել»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829