«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց, որ երկրում ատելության գեներացիա է տեղի ունենում, որի հետեւանք նաեւ այն, որ ինքը, իր հարազատները ստանում են սպառնալիքներով նամակներ. «Գրել են՝ զգուշացնում եմ, ա՛յ գյադա, շուտով գնդակները որոտալու են, նայի՝ չդիպչի»: Մարուքյանը հայհոյանքները չհրապարակեց՝ ասելով, որ երեկ հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազին: Մարուքյանն ասաց, որ գրողը ֆեյք չի, իրական օգտատեր է:
Մարուքյանը զարմացել է, որ գրառում է արել սպառնալիքների մասին ու իրավապահներից որեւէ արձագանք չի ստացել. «Սպասում են գնդակահարեն, որ դրանից հետո ասեն՝ տաք հետքերով գտանք»:
Էդմոն Մարուքյանը նաեւ հայտարարեց, որ Վանաձորի համայնքապետարանը հիմնարկներում աուդիտ է անում ու հարցերից մեկը հետեւյալն է՝ ճշտեք, թե ԼՀԿ-ից ովքեր կան. «Սա ի՞նչ է հեղափոխությունից հետո: Հստակ քաղաքական պատվեր է: Պլանը կա, նկարել, ուղարկել են մեզ, սպասում ենք արձագանքների»:
Անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին՝ Մարուքյանն ասաց, որ պատրաստ են դիմելու ՍԴ, ըստ էության, դիմումի կմախքը պատրաստ է, թե ինչ խախտումներ են եղել, ավելին՝ պատրաստ են Մարուքյանն ու Տարոն Սիմոնյանը ՍԴ-ում ներկայացնել դիմումը, բայց անհրաժեշտ թվով ստորագրություններ չեն կարողացել հավաքել՝ ՍԴ դիմելու համար: ԲՀԿ-ն չի միացել «Լուսավոր Հայաստանին»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ