Լրահոս
Օրվա լրահոսը

Միջազգային դիտորդները բազմաթիվ խախտումներ են արձանագրել Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններում

Փետրվար 11,2020 12:37

ԵԱՀԿ դիտորդները բազմաթիվ խախտումներ են արձանագրել Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների և ձայների հաշվարկի ընթացքում:

Հիշեցնենք, որ փետրվարի 9-ին Ադրբեջանում տեղի են ունեցել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Վերջին տվյալներով՝ 125 տեղից 71-ը ստացել է իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունը, որը ղեկավարում է երկրի նախագահ Իլհամ Ալիևը:

Ինչպես հաղորդում է BBC-ն, միջազգային դիտորդները ընթացակարգային մի շարք խախտումներ են գրանցել ձայների հաշվարկի ժամանակ և բարձրացրել են տեղի ունեցած ընտրությունների արդար և թափանցիկ լինելու հարցը: Ընդդիմությունը կոչ է արել բողոքել կեղծիքների դեմ:

Երկրի նախագահ Իլհամ Ալիևը երկուշաբթի երեկոյան հայտարարել է, որ միջազգային դիտորդները կողմնակալ վերաբերմունք են ցուցաբերում Ադրբեջանի ընտրությունների հանդեպ: «Մենք արդեն վաղուց սովորել ենք մի շարք միջազգային առաքելությունների բացասական եզրակացություններին: Երբեմն այդ եզրակացությունները կազմվում են ընտրություններից առաջ, ընդ որում ոչ թե տվյալ կազմակերպությունների կողմից, այլ ուրիշ տեղերում: Բազմիցս տեսել ենք նման բան»,-հայտարարել է Ալիևը:

Ըստ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ հայտարարության՝ մի շարք խնդիրներ են հայտնաբերվել ընտրատեղամասերի 7%-ում, ինչը բավականին բարձր ցուցանիշ է: Դիտորդները փաստել են ճնշումներ ընտրողների վրա, իսկ ընդդիմությունը հայտարարել է լցոնումների մասին: «Չնայած նրան, որ դիտարկվում է ընտրությունների անցկացման որոշակի բարելավում, բայց խախտումներ գրանցվել են: Ակնկալում էինք թափանցիկ, ժողովրդավարական ընտրությունների անցկացում»,-ասել է ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության հատուկ համակարգող Արթուր Գերասիմովը:

ԵԽԽՎ առաքելության համակարգող Ֆրանկ Շվաբեն ևս փաստել է, որ դիտորդները բազմաթիվ խախտումներ են գրանցել, մասնավորապես ձայների հաշվարկի ժամանակ: Չնայած մեծ թվով թեկնածուներին, Ադրբեջանի քաղաքացիները գիտակցված ընտրության հնարավորություն չունեին քաղաքական իրական բանավեճերի բացակայության պատճառով՝ ասվում է հաղորդագրության մեջ:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829